ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բռնել է քաղաքական ինքնաոչնչացման ճանապարհը: Այս առումով սոցիալական ցանցում նախարարի մասնակցությամբ գրանցված սկանդալը լրջագույն հարված էր նրա անձի հեղինակությանը: Հիշեցնենք՝ նախարարն իր էջում հերթական զինվորի վիրահատությունն արտերկրում կազմակերպելու համար դրամահավաքի կոչ էր արել: Իհարկե, կոչը ունի խիստ անձնական տվյալներ պարունակող անհրաժեշտություն եւ հրապարակման ենթակա չէ, եւ գումարը պարտավոր ենք յուրաքանչյուրս փոխանցել, բայց բարձրաձայնման ձեւն ու պաշտոնյային ոչ հարիր տաքարյունությունը, որը դրսեւորեց նախարար Սարգսյանը, փչացրեց ողջ գործընթացը: ՀՀ քաղաքացիներից մեկի հակադարձմանը «էս բոշայության նոր ձե՞ւ է», Վիգեն Սարգսյանը գրել էր «բոշան դու ես»:
Այսպիսի արտահայտություն իրեն թույլ է տալիս մի պաշտոնյա, որին վերապահված է լրջագույն ոլորտ՝ կիսապատերազմական երկրի զինված ուժերը: Համաձայնեք, անլուրջ է, առավել եւս, երբ կատարվածը դիտարկում ես պաշտպանության նախկին նախարարների ֆոնին, որոնք փորձել են մնալ խիստ կերպարի մեջ` թույլ չտալով նման բացթողումներ: Կմտածեք՝ «պաշտպանության նախարարն էլ է մեզ նման մարդ, որի նյարդերը կարող են տեղի տալ, եւ նա էլ կարող է պոռթկալ», եւ հետո ֆեյսբուքյան մեկ գրառումը դեռ ոչինչ չի նշանակում, հետո ջնջեց այն:
Բայց տեղի ունեցածը եկավ համալրելու մինչ այդ նրա սխալների շարքը, ինչը հասարակության դժգոհությունն էր հարուցել: Նախ՝ ազգ-բանակ գաղափարախոսության շրջանակներում նա հանդես եկավ հազարական դրամների նախաձեռնությամբ` այդպես ի ցույց դնելով պետության խղճուկ վիճակը, երբ ստիպված է համազգային մուրացկանությամբ լուծել իր խնդիրները: Հետո` ԱԺ վերջին ընտրություններում գլխավորելով ՀՀԿ ցուցակը` Վիգեն Սարգսյանն իրեն դրեց խոցելի դրության մեջ. այդպես նա համաձայնեց ստանձնել պատասխանատվություն մի քաղաքական ուժի համար, որն իշխանավարման մոտ 20 տարիների ընթացքում լրջագույն ձախողումներ է գրանցել /թեեւ ինքն էլ այդ ուժի մեջ է եղել, պարզապես ոչ առաջին պլանում/:
Վիգեն Սարգսյանի դեմ քննադատության հերթական ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ նա հանդես եկավ տարկետման իրավունքի սահմանափակումներ նախատեսող օրենսդրական առաջարկով: Ընդ որում՝ Սարգսյանը փորձեց վերացնել տարկետման այն իրավունքը, որից ժամանակին ինքն էր օգտվել: Հընթացս լրագրողներին որոշեց «դաստիարակել» բարձրից նայել քաղաքական ու հասարակական գործիչներին եւ այլն:
Մի խոսքով, որքան էլ Վիգեն Սարգսյանի թիմակիցները պնդեն, թե նրա դեմ դավեր են նյութում «անհայտ ուժերը», Սարգսյանն օրինակելի պաշտոնյա է, այնուամենայնիվ, իրականությունից հեռու չես փախչի: Ի վերջո, աղմուկի առիթը հենց նախարարը տվեց իր շաբաթ երեկոյի ընթացքում: