Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործով կառավարիչը վաճառքի է հանել ընկերության ոչ միայն անշարժ, շարժական գույքերը, այլեւ նախկին սեփականատիրոջ բնակարանները: Իսկ գույքերի աճուրդը տեղի կունենա հունվարի 30-ին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված թվով 2 անշարժ գույքի ընդհանուր մեկնարկային արժեքը կազմում է ավելի քան 147 մլն դրամ: Աճուրդի են հանվելու նաեւ որոշ ապրանքատեսակներ, որոնք գտնվում են Ագարակ գյուղում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կվաճառվեն նաեւ Ճամբարակում գտնվող «Հովիտ պանրագործարան»-ի պահեստի գույքը, ընկերության տրանսպորտային միջոցները, Երեւանում գտնվող չոր կաթի արտադրության ենթակայանը:
Բացի այս, պարզվում է նաեւ, որ աճուրդի է հանվել գրավադրված, Երեւանի կոնտրոնում գտնվող երկու բնակարան` ընդհանուր 94 մլն 120 հազար դրամ արժեքով: Ըստ որոշ տեղեկությունների` տվյալ դեպքում խոսքը «Աշտարակ կաթ» ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին պատկանող բնակարանների մասին է: