2017-ը մի շարք սերիալներիից, սիթքոմներից հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի համար բավական բեղմնավոր էր, քանի որ նա նկարահանվեց գեղարվեստական ֆիլմում` դրամատիկ կերպարում, ինչպես նաեւ ընդգրկվեց մի շարք այլ նախագծերում: Անահիտը «Ժողովուրդ»-ին պատմել է 2018-ից ունեցած սպասումների եւ ամանորյա երազանքների մասին:
-Անահի՛տ, որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք պատրաստվում դիմավորել Նոր տարին: Դուք ստանդարտ մոտեցումների՞, թե՞ խենթությունների սիրահար եք:
-Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ, Աբովյան քաղաքում: Առհասարակ, ինձ համար կարեւորն այն է, թե ում հետ եմ նշում տոնը, ոչ թե որտեղ: Եղել է, որ Ամանորն անցկացրել ենք ռեստորանում, որեւէ ժամանցային վայրում, բայց այս տարի որոշեցինք մնալ տանը: Թեեւ ամեն բան կարող է փոխվել, որովհետեւ մենք հենց Ձեր ասած խենթությունների սիրահար ենք:
-Հասցրե՞լ եք Ձեր բազմանդամ ընտանիքի համար անակնկալներ պատրաստել:
-Անկասկած: Ի դեպ, ասեմ, որ տղաս շատ է սպասում Ձմեռ պապիկին, եւ մենք որոշել ենք ամեն ինչ անել, անգամ գիշերը չքնել, որպեսզի «բռնացնենք» նրան (ծիծաղում է): Տղաս ասում է` ի՞նչ կլինի, գոնե այս անգամ տեսնեմ Ձմեռ պապիկին, ես էլ նրա հետ սպասելու եմ այդ պահին:
-Սիրո՞ւմ եք Ամանորին ինքներդ Ձեր ձեռքով զարդեր, խաղալիքներ պատրաստել:
-Այո, ասեմ ավելին` ամենաշատը այդ պրոցեսն եմ սիրում: Մենք նախապես, բավական վաղ դնում ենք տոնածառը, ճյուղերով, մոմերով զարդարում ենք տան ամեն անկյունը: Այս տարի տոնածառը զարդարելիս ընտրել ենք կարմիրն ու ոսկեգույնը: Նաեւ փորձելու ենք մեր ձեռքով գեղեցիկ նախշեր ստանալ: Մի խոսքով, ամանորյա եռուզեռի մեջ ամենաշատը հենց դրան ենք ուշադրություն դարձնում: Այդ դեպքում տունը լցվում է կախարդական ջերմությամբ: Ամանորը հենց այդ ջերմությունը զգալու, հրաշքի սպասելու, երազանքներ պահելու տոնն է:
-Փաստորեն, Ամանորի գիշերը գործնական միջավայրում չեք լինելու:
-Նախորդ տարիներին եղել է, որ դեկտեմբերի 31-ին մինչեւ ուշ երեկո աշխատել եմ, բայց այս տարի բոլոր նկարահանումներն այնպես կազմակերպվեցին, որ Նոր տարվա գիշերը տանը լինեմ:
-2018-ից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ունեմ նորություն, որի մասին 2018-ին բոլորը կիմանան, բայց հիմա դեռ չեմ բարձրաձայնի` ինչի մասին է խոսքը:
-Նոր տարին առաջինը ինչի՞ հետ եք ասոցացնում:
-Մանդարինի բույրի (ծիծաղում է). մանկուց այդպես է: Ընդհանրապես, վաղ տարիքում մենք կարողանում էինք փոքր բաներով ուրախանալ: Սեղանի մանդարինը կարող էր հայտնվել Ձմեռ պապիկի տոպրակում եւ դառնալ ամենահամեղը:
-2017-ը Ձեզ համար ստեղծագործական առումով ձեռքբերումների տարի էր: Մի քանի նշանակալի իրադարձություն կառանձնացնե՞ք:
-Այո, իսկապես բեղուն տարի էր, հանդես եկա բազմաթիվ նախագծերում, իսկ որ ինձ համար նորություն էր` գեղարվեստական ֆիլմում: Հայ-իրանական արտադրության «Կոկորդիլոսի արցունքներ» ֆիլմում կերտեցի դրամատիկ կերպար: Սա իսկապես նոր քայլ էր, քանի որ նախկինում հեռուստադիտողներն ինձ սովոր էին տեսնել կատակերգական դերերում: Չէի ասի, թե փայլուն ֆիլմ է ստացվել, բայց որպես դերասանուհի այն ինձ շատ բան է տվել: Ինձ համար ձեռքբերում էր նաեւ արտերկրի ռեժիսորի հայտարարած քասթինգը հաղթահարելը: Հուսամ` 2018-ը եւս նոր դերեր կբերի ինձ:
-2017-ը բեղմնավոր էր նաեւ թատերական գործունեության շրջանակում, քանի որ վերադարձաք Պետական կամերային երաժշտական թատրոն:
-Այո, տնօրենը փոխվեց, իսկ ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանն էլ վերադարձրեց ինձ թատրոն: Ասեմ, որ մեզ մոտ բավական ակտիվ գործունեություն է ծավալվում, միաժամանակ չորս ներկայացում է բեմադրվում, դա բավական գովելի է: Մյուս տարի էլ ունենալու ենք ներկայացումներ ոչ միայն մանուկների, այլեւ մեծերի համար:
-Եվ վերջում` ի՞նչ ցանկություն եք պահում գալիք տարվա հետ կապված:
-Երեւի օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ` երկրիս համար խաղաղություն եմ ուզում, թող սահմանին կանգնած զինվորը վերադառնա տուն, թող ոչ մի զինվորի մոր աչք արտասուք չտեսնի: Ինչ վերաբերում է իմ անձնական ցանկությանը, ապա երազում եմ, որ ընտանիքիս անդամներն առողջ լինեն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ