2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած անձանցից մեկի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Խոսքը ՀՀԿ օգտին աշխատող Ջուլիետա Կոկոլյանի մասին է, որը այս գործով մյուս մեղադրյալի՝ Լեւոն Գասպարյանի հետ ապրիլի 2-ին խոչընդոտել էր Araratnews.am կայքի, հիմա՝ Factor TV-ի լրագրող Շողիկ Գալստյանի եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Երեկ Ջ. Կոկոլյանը հերթական անգամ դատարան չէր ներկայացել: Արդեն մի քանի նիստ է՝ նա որպես պատճառ դատարանի աշխատակիցներին ասում է, թե գտնվում է հոգեկան ծանր վիճակում, «հոգեմետ դեղեր է ընդունում»:
Եւ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց Ջ. Կոկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարել ու բերման ենթարկել: Մինչ այդ, նկատենք, սա առաջին դեպքը չէ, որ ընտրակեղծարարները, հայտնվելով իրավապահների ուշադրության ներքո, փորձում են հիվանդ ձեւանալ՝ խուսափելու համար պատասխանատվությունից. 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ Կենտրոնի թաղապետարանի աշխատակից, 09/02 տեղամասային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Զավեն Միրիջանյանն էր ՀԱԿ անդամին կաշառք առաջարկելու համար քրեական գործով կալանավորվել:
Ու Միրիջանյանը իր եւ ընտանիքի անդամների հիվանդության մասին տարատեսակ փաստաթղթեր էր ներկայացրել, միայն թե չհայտնվի բանտում: Մինչդեռ ընտրությունների ժամանակ նույն այդ ՀՀԿ-ական ընտրակեղծարարներն իրենց «առյուծ են զգում» եւ փորձում ընտրողներին ու իրենց ապօրինությունների դեմ ընդվզողներին ճնշել: Փաստորեն, մկան վազքը մինչեւ կատվի մարագն է, այն էլ «գժի թղթով»: