«Քաղաքապետքարան», «բռնապետարան». Երևանի քաղաքապետարանի առաջ լարված վիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել: Բանն այն է, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները բժշկական դիմակներ էին հագել և փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել:  «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի խոսքով` ՀՀԿ-ականներն իրեն հարվածել են: ArmLur.am-ի տեսանյութում, մասնավորապես, երևում էր, որ ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը հրելով դուրս է հանում տիկնոջը:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

Եվ ահա, այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց լարված վիճակ է: Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության դեմ քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց հաջողվել է ներս մտնել` չնայած տեղում աշխատող ոստիկանների ստեղծած արգելքներին:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիները քաղաքապետարանի միջանցքում բացականչում են «քաղաքապետքարան», «բռնապետարան»:

Արդյունքում ոստիկանները քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելով հեռացրին տարածքից:




Լրահոս