ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԽՈԶԻ ՄԻՍ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Սարալանջի գյուղապետարանի` ընթացիկ տարվա գնումների պլանը պարզապես ցնցող է. «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Սարալանջի գյուղապետարանի գնումների պլանը բավականին «մսոտ, մանդարինոտ եւ շոկոլադե» է: Ասել է, թե գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը որոշել է այս տարին բավական ճոխ անցկացնել. այն անցկացնել համայնքային բյուջեի հաշվին, այն էլ առանձնահատուկ ճոխությամբ:

Օրինակ՝ գյուղապետարանի աշխատակազմը գնումների այս տարվա պլանով նախատեսել է գնել 18 հատ սուրճի բաժակ` յուրաքանչյուրը 500 դրամ արժեքով: Եւ այդպես՝ սուրճի բաժակների համար գյուղապետարանի աշխատակազմը նախատեսել է ընթացիկ տարում ծախսել 9000 դրամ: Եւս 12 հատ բաժակ գնվելու է, դարձյալ 500 դրամանոց, որոնց համար ծախսվելու է 6000 դրամ: Սարալանջի գյուղապետարանի աշխատակազմը, չգիտես ինչու, մտադիր է գնել ոչ միայն 500 դրամանոց բաժակներ, այլեւ նույն արժեքի ափսեներ՝ 24 հատ, որոնց համար ծախսվելու է 12 հազար դրամ:
Ընթացիկ տարում գյուղապետարանի աշխատակազմը անհրաժեշտ ծախսերի մեջ ներառել է նաեւ պատի 3 հատ ժամացույց, որի միավորի արժեքը կազմում է 4000 դրամ: Հավանաբար ժամացույցները գնվել են այն բանի համար, որ աշխատանքային ժամն ավարտելուն պես գնան տուն: Պետական միջոցներով գնվելու է նաեւ 295 լիտր դիզելային վառելիք` մեկ լիտրը 440 դրամով, 4421 խմ սեղմված բնական գազ` 840 հազար դրամի:
Բայց ուշագրավը. Սարալանջի գյուղապետարանի գնումների պլանն ունի հատուկ բաժին` «միջոցառումների ծախսեր» անվանումով:
Իսկ միջոցառումների համար գյուղապետարանը ոչինչ չի խնայել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա համար նախատեսվել է գնել 44 հատ օղի` յուրաքանչյուրը 3200 դրամ արժողության: Եւ այդպես՝ գյուղապետարանն օղիների համար կծախսի 140 հազար 800 դրամ: Բացի այդ՝ նրանք որոշել են գնել 10 հատ 2000 դրամանոց գինի: Բնականաբար, օղին եւ գինին առանց համապատասխան մթերքների չի կարող խմվել: Ուստի գյուղապետարանի աշխատակազմը պետական միջոցները չի խնայել՝ գնելու խոզի եւ հավի միս, երշիկ, պանիր եւ այլն: Միայն 12 հատ երշիկի համար նախատեսվել է ծախսել 30 հազար դրամ. մտադիր են գնել 2500 դրամանոց երշիկ: Սա դեռ ամենը չէ: Փաստորեն, գյուղապետարանի աշխատակազմը հաշվարկել է եւ պարզել, որ տարվա մեջ մի քանի տոներին քեֆեր կազմակերպելու համար 25 կգ խոզի միսը բավարար է, որի մեկ կիլոգրամը, ըստ գնումների պլանի, նախատեսվում է ձեռք բերել 2800 դրամով: Ստացվում է, որ պետական միջոցներից 70 հազար դրամ կծախսվի խոզի մսի համար, իսկ 30 կգ տեղական հավի մսի համար` 40 հազար 500 դրամ: Ի դեպ, նշենք, որ հավի մսի մեկ կիլոգրամը նախատեսվել է գնել 1350 դրամով:
Էլ ինչ քեֆ առանց բաստուրմայի: Ըստ գնումների պլանի՝ նախատեսվում է գնել 6 կգ բաստուրմա` մեկ կգ 6800 դրամ արժողությամբ: Այսինքն՝ ընդհանուր բաստուրմայի համար կծախսվի 40 հազար 800 դրամ:
Մսեղենից անցում կատարենք աղանդերին (դեսերտ), որն ապահովելու համար նախատեսվել է գնել 8 կգ շոկոլադ` մեկ կգ-ը 4000 դրամով` ընդհանուր ծախսելով 32 հազար դրամ: Գյուղապետարանի միջոցառումների սեղանից անպակաս է լինելու նաեւ միրգը` 30 կգ խնձորը, որի մեկ կգ նախատեսել են գնել 600 դրամով: Մինչդեռ նկատենք, որ այսօր շուկայում կա էժան գնով վաճառվող խնձոր: Իսկ մեր սարալանջցիները նախատեսել են ծախսել 18 հազար դրամ: Որտեղ խնձորը, այնտեղ էլ տանձը, որից նախատեսում են գնել 10 կգ, բայց 1000 դրամանոց: Կգնեն նաեւ 16 կգ նարինջ, մեկ կիլոգրամը՝ 600 դրամ, ընդհանուր կծախսեն 9600 դրամ: Մրգի զամբյուղում տեղ է գտնելու նաեւ մանդարինը, որից գնելու են 22 կգ, մեկ կգ` 650 դրամով: Սարալանջի գյուղապետարանի աշխատակազմը չի մոռացել նաեւ բանանի մասին. այս տարի նրանք որոշել են գնել 21 կգ բանան, այն էլ յուրաքանչյուրը 1000 դրամով: Եւ սա այն դեպքում, երբ ներքին շուկայում բանանի մեկ կգ վաճառվում է 800-900 դրամով, տեղ կա` 750-ով:
Քիչ էր մնում հացի մասին մոռանայինք: Նախատեսվում է գնել 100 կգ հաց, մեկ կգ` 280 դրամով, 100 հատ հանքային ջուր` յուրաքանչյուրը 220 դրամով, 100 հատ հյութ` 370 դրամով: Անձեռոցիկները եւս ընտրել են թանկարժեքը` հատը 600 դրամ: Նախատեսել են գնել 20 հատ եւ ծախսելու են 13 հազար դրամ: Նշենք, որ նախատեսել են գնել նաեւ 5 կգ պանիր: Բայց անհասկանալի է, թե ինչու են գնումների պլանում նշել մեկ կիլոգրամը 3100 դրամ, երբ կարող են ավելի մատչելի գնով այն ձեռք բերել:
Սովորաբար նման դեպքերն ընդունված է կոչել անարդյունավետ ծախս, միջոցների մսխում, եւ պետական վերահսկողական կառույցներն այդ ամենը բացահայտելուց հետո նյութերը տրամադրում են իրավապահ մարմիններին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ի հարցին` ո՞ր միջոցառումների համար են պատրաստվում գնել խոզի, հավի միս եւ ո՞ւմ համար, գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանն արձագանքեց. «Հունվարի 28-ին, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, սեպտեմբերի 1-ին, ուսուցչի տոնին, Ամանորին: Այդ միջոցառումներին մասնակցելու են գյուղապետարանի աշխատողները, դպրոցի ուսուցիչները»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու են պանիրը պատրաստվում գնել 3100 դրամով կամ բանանը` 1000 դրամով: Հարցին ի պատասխան՝ գյուղապետն ասաց. «Միջին շուկայական գներով ենք հաշվել: Գնումների ժամանակ մենք ինչ որ գնում ենք, պարզ երեւում է: Մոտավորապես գները միջին շուկայականն ենք նշել»:
Ի դեպ, նշենք, որ միջոցառման սեղանն ապահովելուց զատ՝ նվերներ էլ է նախատեսվում գնել: Այսպես՝ Սարալանջի գյուղապետարանի աշխատակազմը 10 հատ պայուսակ է մտադիր գնել` 6500 դրամանոց: Այսինքն՝ պետական միջոցներից պայուսակների համար ծախսվելու է 65 հազար դրամ: Բացի այս՝ նախատեսել են գնել 90 հատ 5000 դրամանոց հուշանվերներ, որոնց համար ծախսվելու է 482 հազար 500 դրամ: Իսկ 300 հատ ամանորյա 1000 դրամանոց տոպրակների համար` 300 հազար դրամ կծախսվի: Նկատենք նաեւ, որ Սարալանջի գյուղապետարանն ունի մեկ ծառայողական ավտոմեքենա, որի ընթացիկ նորոգման համար ծախսվելու է 600 հազար դրամ: Ինչ եք կարծում՝ մեկ տարվա ընթացքում ավտոմեքենան 600 հազար դրամի նորոգման կարիք կունենա՞, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Հայաստանում ուղեւորափոխադրումները նվազել են: Իրողություն, որն արտացոլում է երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անցած տարվա ընթացքում ՀՀ-ում ուղեւորափոխադրումները նվազել են 2.8 տոկոսով: Անցած տարվա հունվար-դեկտեմբերին նվազել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 3.8 տոկոսով: Իսկ ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա:

Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները եւս անցած տարվա ընթացքում նվազել են 11.3 տոկոսով: Այսինքն` անցած տարվա ընթացքում տաքսիներից օգտվել է 7 մլն 692 հազար մարդ: Փոխարենը 20.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները` 3.1 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Իսկ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում հաճախակի են դարձել խցանումները, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր: Բացի այդ` Երեւանի քաղաքապետարանը մի քանի ավտոբուսային երթուղիներ է հանել շահագործումից, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված լինեն անպայման երկու-երեք տրանսպորտից օգտվել: Արդյունքում երեւանցիները սկսել են ավելի շատ օգտվել մետրոյից, որը եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը:
Պաշտոնապես Հայաստանում աճել են նաեւ բեռնափոխադրումների ծավալները` 36.9 տոկոսով: Այսպես` երկաթուղային բեռնափոխադրումների աճը այդքան մեծ չէ` 1.1 տոկոս: Կտրուկ նվազել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները` 3.3 տոկոսով: Փոխարենը աճել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները` 45.2 տոկոսով:
Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները, այս դեպքում աճը կազմել է 11.3 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցած տարվա ընթացքում 2016 թվականի համեմատ զգալի ավելացել է:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ
Տավուշի մարզի դատավորների շրջանում, ովքեր քննում են քրեական գործեր, դժգոհություն կա մարզի դատախազության աշխատակիցներից: Դատական շատ նիստեր չեն կայանում դատախազների բացակայելու պատճառով: Տավուշի մարզի դատախազության աշխատակիցները դատական նիստերի օրերին դատախազության համակարգում կայացող տարբեր խորհրդակցությունների, ժողովների են մասնակցում կամ էլ անձնական պատճառաբանություններով չեն ներկայանում նշանակված դատական նիստերին: Դրա հետեւանքով դատական նիստերը երկար, ամիսներով ձգձգվում են:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Տավուշում քրեական գործով կալանավոր կա, ով 6 ամիս կալանքի տակ է: Նրա դատաքննությունը չի սկսվում, որովհետեւ դատախազության աշխատակիցը դատին չի ներկայանում: Այդ կերպ խախտվում է ողջամիտ ժամկետում դատաքննություն անցկացնելու սկզբունքը: Տավուշի մարզի իրավապահ համակարգից տեղեկացանք, որ մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորները, ովքեր քրեական գործերով դատական նիստեր են անցկացնում, իրենց դժգոհությունը հայտնել են մարզի դատախազությանը: Բայց առայժմ որեւէ տեղաշարժ չկա:

 

 

ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ` ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Տավուշի մարզում, միջպետական ավտոճանապարհին հաճախ են հայտնվում խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր: Ճանապարհով երթեւեկող մեքենաների վարորդների եւ ուղեւորների համար հատկապես վտանգավոր է, երբ գիշերային ժամերին առանց հսկողության անասունները հանկարծակի հայտնվում են ճանապարհին: Անասունների հետ բախման հետեւանքով Տավուշում վթարների բազմաթիվ դեպքեր են եղել: Դիլիջան-Իջեւան ճանապարհին, Հովք գյուղի տարածքում մշտապես ձիերի երամակ է արածում: Առանց հսկողության պահվող ձիերը հայտնվում են ավտոճանապարհին: «Ժողովուրդ» օրաթերթը 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում էր ուղարկել, թե ով է պատասխանատու մարզի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհին անասունների հաճախակի հայտնվելու համար: Ի պատասխան` ստացանք մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի հետեւյալ գրությունը. «Միջպետական ճանապարհներին տեղադրված են անասունների հնարավոր առկայության վերաբերյալ նախազգուշացման ճանապարհային նշանները: Անասունների ճանապարհներով տեղափոխումը պետք է իրականացվի ուղեկցող (ներ) ի կողմից (գիշերը` համապատասխան լուսավորող հարմարանքներով, սարքերով), անասունների ճանապարհներին հայտնվելու պատասխանատվությունը կրում է անասունի տերը»: Բայց փաստ է, որ միջպետական ավտոճանապարհին հայտնված անասունների տերերից որեւէ մեկը մինչ այժմ պատասխանատվություն չի կրել: Ու ստացվում է, որ հարցն անլուծելի է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս