Կոստյումը հանելուց հետո Հրայր Թովմասյանը կվերսկսի՞ «տղայական ռազբորկան». «ագրեսիվ ղզիկների և ղալաթ անող չաթլախների» վերհուշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել. նա խորհրդարանի կողմից ընտրվելու է Սահմանադրական դատարանի անդամ: ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է նրան առաջադրել այդ պաշտոնում:
Երեկ, երբ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն ընթերցեց Թովմասյանի հրաժարականի դիմումը, հետեւեցին ծափահարությունները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Բոլորն ուրախացան, որ գնում ես», իսկ Արա Բաբլոյանն էլ փորձելով մեղմել գործընկերոջ ասածը` նշեց. «Կարծում եմ՝ բոլորը հասկացան, որ ծափերը վերաբերում էր հայտարարության առաջին կեսին»,- ասաց Արա Բաբլոյանը: Ավելի ուշ Հրայր Թովմասյանն էլ պնդում էր, թե ծափերը վերաբերել են հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրմանը:

Սակայն որքան էլ Արա Բաբլոյանը երեկ խորհրդարանում փորձեց մեղմել իրավիճակը՝ ծափերը վերագրելով Թովմասյանի՝ ՍԴ անդամ նշանակվելուն, ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանին շատերը չեն սիրում կամ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել գոնե մեկ անգամ: Եվ այս դեպքում իսկապես պատգամավորների ծափերը վերաբերել են հենց նրա հրաժարականին, այլ ոչ թե նոր պաշտոնին:

Իր նախարարական գործունեության ընթացքում Հրայր Թովմասյանը հասցրել է հակառակորդներ վաստակել ե՛ւ իշխանության ներսում, ե՛ւ իշխանությունից դուրս: Նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը խորացավ արդեն ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատելու տարիներին: Իսկ երբ Թովմասյանին այդ պաշտոնում փոխարինեց Արա Սաղաթելյանը, բացահայտվեցին բազմաթիվ մութ պատմություններ, կոռուպցիոն դեպքեր, որը չէր կարող լինել առանց աշխատակազմի ղեկավարի, այսինքն՝ Հրայր Թովմասյանի գիտության:

Հրայր Թովմասյանն ակնհայտ թշնամանք ունի լրագրողների հանդեպ. նա ամեն կերպ մշտապես փորձել է տարբերակներ մտածել՝ վերջիններիս աշխատանքը խոչընդոտելու համար: Երբ նա դարձավ ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նրա հանձնաժողովի նիստերը սկսեցին ուղիղ հեռարձակել, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան ներսում աշխատելու: Լրագրողների նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի պատճառն էլ հավանաբար նախկինից մնացած նստվածքն է, երբ մամուլը լուսաբանեց Թովմասյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտնի «բանավեճը», նաեւ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանի եւ Հրայր Թովմասյանի հեռակա «բանավեճը»:

Մի առիթով ՀԱԿ փոխնախագահ Զուրաբյանը հարցին, թե ինչո՞ւ էր «Հրայր Թովմասյանն այդպես առյուծ կտրել ԱԺ դահլիճում», ի պատասխան` նշել էր. «Գիտեք, ամենատգեղն ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը»: Սակայն Արմեն Ռուստամյան-Հրայր Թովմասյան բախումն այլ օպերայից էր: Այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ռուստամյանն էլ ասել էր. «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»:

Ի պատասխան` այդ ժամանակ Հրայր Թովմասյանը նշել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում, պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:

Նա նախարարից հետո դարձավ ԱԺ աշխատակազմի ղեկավար, հետո պատգամավոր, հիմա էլ ՍԴ անդամ է դառնալու: Բայց այդպես էլ չպատասխանեց Ռուստամյանին: Շարժվելով նրա այն տրամաբանությամբ, թե «կոստյումն է խանգարում արժանի պատասխան տալուն», թերեւս պետք է սպասել եւս 17 տարի, քանի որ Սահմանադրության համաձայն` ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչ 65 տարեկան դառնալը, իսկ Հրայր Թովմասյանը դեռ 48 տարեկան է: Փաստորեն դեռ այդքան պետք է սպասենք Հրայր Թովմասյանի արժանի պատասխանին:

Ի դեպ, նշենք` ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալուն, ապա նրան պաշտոնական այլ առաջխաղացում է սպասվում: Սպասվում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում կփոխարինի Գագիկ Հարությունյանին: Ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը լրանում է մարտի 23-ին, եւ նա պետք է հեռանա պաշտոնից: Երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ մեկնաբանություններին` Հրայր Թովմասյանը նշել էր. «Բազմիցս եմ նշել, երբեք չեմ երազել իքս-իգրեկ պաշտոնի մասին, ինչպես ճակատագիրը կորոշի, այդպես էլ կլինի»: Դե, իհարկե, նա պետք է հերքի այդպիսի խոսակցությունները, ինչպես անում էր ՍԴ անդամ դառնալու մասին խոսակցությունների ժամանակ:

Հ.Գ. Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանին, եւ հարցրեց, թե Գագիկ Հարությունյանն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Թովմասյանը կարող է որոշ ժամանակ անց այդ պաշտոնում փոխարինի իրեն՝ ՍԴ նախագահի պաշտոնում: Պապիկյանը մեզ փոխանցեց Գագիկ Հարությունյանի պատասխանը. «Հրայր Թովմասյանին համարում եմ պատրաստված իրավաբան, այլ տարբեր խոսակցություններ մեկնաբանել չեմ ցանկանում»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս