Միայն Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը բավարար չէ կայունություն ապահովելու համար. Արցախի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակն ընդալյնելու առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարեւոր քայլ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով, Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին եւ բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով. «Ընդ որում, մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձեւական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձեւական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում»:

Մասիս Մայիլյանը նկատել է, որ տվյալ առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարեւոր քայլ, սակայն, միայն ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը եւ դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության եւ կանխատեսելիության ապահովման համար։

«Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաեւ այլ նախաձեռնություններ, մասնավորապես, դեռեւս 2011 թ․ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ։

Այս համատեքստում կարեւոր նշանակություն ունի նաեւ 1995 թ. փետրվարի 6-ին Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ ԵԱՀԿ հովանու ներքո ձեռքբերված համաձայնագրի գործնական կիրառումը։ Համաձայնագիրը պարունակում է ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցառումների մի ամբողջ համալիր»,-ընդգծել է նա:




Լրահոս