Ինչ ունենք նորանկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքը դրած 88-ի Ղարաբաղյան շարժումից 30 տարի անց: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ շարժման ակտիվ մասնակիցներից մի քանիսից: Հետադարձ հայացք ձգելով անցած 30 տարիներին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Աշոտ Մանուչարյանն իր տեսակետն ունի, թե ինչու է իշխանությունն այսչափ անտարբեր մեր անկախ պատմության ամենալուսավոր էջերից մեկի նկատմամբ: «Այս տարիների ընթացքում ժողովրդին ստիպում էին մոռանալ այդ շարժումը, բոլոր ստորությունները վերագրում էին դրան»: Իսկ թե ինչու են իշխանության մեջ եղած մարդկանցից ոմանք փորձում մոռանալ այդ շրջանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամն այսպես է բացատրում. «Շարժման մեջ դավաճաններ կային. նրանք այն ժամանակ այդ ոգին կրողն էին, բայց հետո կեղծ դարձան: Այդ մարդիկ չեն ուզում հիշել իրենց անցյալը: Այսինքն, եթե հիշեն, մտածելու են` ո՞նց, մենք ա՞յդ էինք, հիմա ա՞յս ենք դարձել: Եվ որքան ցեխ են շպրտում շարժման վրա…»:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ում պատիվ է վիճակվել ընթերցելու անկախության հռչակագիրը, բնական է համարում, որ իշխանությունը պատշաճ չի նշում ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանը: «Իրենց համար արժեք չի ազատությունը, անկախությունը: Իրենք ըմբոստ մարդ չեն: Իսկ երկրի տերն ըմբոստ քաղաքացին է: Գետերը, ջրերը, շենքերը չեն երկիրը, այլ մարդիկ, արժանապատիվ քաղաքացին»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: