Բանանը թանկացել է 44 տոկոսով. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի գինը բարձրացել է: Մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750–790 դրամի սահմաններում:

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին «Փաստ»–ը արձանագրել էր, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի, թանկացել է նաև բանանը: Մասնավորապես՝ մսի, կարագի և այլ ապրանքների գնի բարձրացման ֆոնին բանանի գինը ևս բարձրացել էր: Նշված ժամանակահատվածում, սակայն, բանանի գինը 550 դրամից բարձրացել էր՝ հասնելով 650 դրամի:

Հավելենք, որ ինչպես շատ ապրանքների, բանանի շուկայում ևս մենաշնորհային ընկերություն կար՝ «Քեթրին գրուպ»–ը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն է:

ՀՀ կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք:

Հայտարարությունից հետո հայտնվեցին տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Նրանք անգամ հայտարարեցին, որ բանանի շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն չկա: Ըստ ներմուծողների՝ կարող է մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս, բայց Հայաստանում մեկ կիլոգրամի գինը 600 դրամի սահմաններում նորմալ է:

Կրկին գործ ունենք մենաշնորհային դիրքի չարաշահմա՞ն, թե՞ զուտ թանկացման հետ, ինչը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին շուկայում առկա հնարավոր գնային բարձրացումների հետ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու պատասխանատու մարմինները կրկին ուսումնասիրության առիթ ունեն:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս