ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏԵՐԻՄԸ 1032 ՀՈԳՈՒ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԹՈՂԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 1032 աշխատող կկրճատի: Պատճառը Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տեւական կանգառն է: Այսինքն` «Վալլեքս» խմբի ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Ինչը ստիպել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությանը 1200 աշխատողների թիվը հասցնել 300-ի:

Ըստ որոշ տեղեկությունների` հանքավայրի շահագործման դադարեցման պատճառը Թեղուտի պոչամբարի պատվարում առաջացած ճեղքերն են, որոնց հետեւանքով պոչամբարի թափոնները հոսում եւ լցվում են Դեբեդ գետը: Սակայն բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ընկերություն եւ նախնական ուսումնասիրությամբ պարզել, որ պոչամբարի պատվարի վրա որեւէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաեւ պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել: Համենայն դեպս, այդպես են պնդում տեսչական մարմնից:
Բայց մյուս կողմից ակտիվ շրջանառվում է այն տեսակետը, որ ընկերությունը նման խնդիրների առաջ կանգնել է այն բանից հետո, երբ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» եւ PenslonDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը դադարեցրին դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը: Իսկ ընկերությանը դանիական կազմակերպության վարկային ֆինանսավորումը օդի պես անհրաժեշտ էր, քանի որ «Վալլեքս»-ը մտադիր էր հանքավայրի արտադրողականության ծավալները էլ ավելի մեծացնել: Նշենք, որ ընկերության կողմից Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական եւ ՎՏԲ խմբից ներգրավված վարկային միջոցների հաշվին: Իսկ վարկային համաձայնության խզման պատճառն ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է: Արդյունքում, նշված հիմնադրամն ու գործակալությունը պահանջել էին «Վալլեքս»-ից վարկը ամբողջությամբ վերադարձնել` առանց դանիական կողմերի համար որեւէ կորստի: Իսկ վարկի տրամադրման դադարեցման հիմնական պատճառներն են Շնող գետի աղտոտումը, Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը, պոչամբարի սեյսմակայուն չլինելը եւ այլն: Այսինքն` այն պատճառները, որոնց մասին ՀՀ բնապահպանները չեն դադարել բաձրաձայնել, իսկ ՀՀ կառավարությունը շարունակել է աչք փակել: Նկատենք, որ ՀՀ կառավարության կողմից այս խնդիրները «չնկատելու» պատճառն այն է, որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը Վալերի Մեջլումյանն է, ով Սերժ Սարգսյանի մտերիմն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում արտադրողականության ծավալները մեծացնելու համար Վալերի Մեջլումյանը զբաղված է Չինաստանից ներդրումային միջոցներ ներգրավվելով: «Թեղուտ»-ի աշխատողների պատմելով` այս նպատակով մի քանի անգամ Չինաստանից նույնիսկ «հյուրեր» են հանքավայր այցելել: Դեռեւս անհայտ է, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելու երկու կողմերը: Բայց աշխատողներին «զգուշացվել է», որ տարվա վերջին` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հնարավոր է հանքավայրը վերագործարկել: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ընկերության հետ, սակայն այնտեղից խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել: Իսկ մինչ այդ 1032 աշխատող գործազուրկ կդառնա: Ի դեպ, «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատողները դեռեւս անցած տարվա ամռան ամիսներին են տեղեկացվել, որ հանքավայրի շահագործումը որոշ ժամանակով դադարեցվելու է:
Ինչպես իրենք են դառը ժպիտով կատակում` նշելով. «Ամեն մեկն իր գլխի ճարը կտեսնի, կամ էլ դեպի Ռուսաստան` արտագնա աշխատանքի»: Ըստ «Թեղուտ» ՓԲԸ-ի` խնդիրների լուծումից հետո հնարավորություն կստեղծվի արագ վերագործարկել արտադրությունը` առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց: Ի դեպ, կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասը` շուրջ 200 հոգի, կտեղափոխվեն «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ:
Ավելի քան 1000 քաղաքացու գործազուրկ դառնալը խիստ մտահոգել է նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: «Որ այս պատճառով սոցիալական բարդ վիճակում ենք հայտնվել, դա միանշանակ է: Այս պահի դրությամբ «Թեղուտ»-ը որոշակի քայլեր է անում, որպեսզի մասնագետներին չկորցնի. չէ որ հետագայում մասնագետների ընտրությունը շատ ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի: Բայց, ցավոք, խնդիրը կայանում է նրանում, որ 1000 եւ ավելի աշխատողի այս պահին չեն կարող ընկերության ո՛չ Ալավերդիի եւ ո՛չ էլ Արցախի մասնաճյուղերում ընդունել աշխատանքի: Այդ պատճառով մեծ մասն ազատվելու է աշխատանքից: Եւ բնականաբար չի բացառվում, որ նրանց մեծ մասը մեկնի արտագնա աշխատանքի»,- մեծ ափսոսանքով նկատեց մարզպետը:
Զրույցի ընթացքում մարզպետը տեղեկացրեց. «Որքան գիտեմ` Չինաստանից «Թեղուտ» ՓԲԸ-ի մասով ներդրումներ չեն սպասվում: Այս պահի դրությամբ էլ բանակցություններ են ընթանում չինական կողմի հետ, որն էլ ցանկություն ունի ներդրումներ անել «Վալլեքս» խմբի «Էյ սի Փի » ընկերությունում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Ըստ «Հայ յեղափոխական դաշնակցության»` Նիդերլանդների «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանի` 2 նախագիծ է ներկայացվելու խորհրդարան:
Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին որոշում, որը գնահատվել է որպես ճանաչում: Որոշումը հետագայում կառավարության կողմից այնպես է մեկնաբանվել, որ իրենք հնարավորինս խուսանավելու հնարավորություն ունենան: Տարբեր կառավարություններ տարբեր մոտեցումներ են դրսեւորել, բայց վերջին կառավարության մոտեցումը խիստ հետադիմական է. նրանք հրաժարվում են խոսել Հայոց ցեղասպանության մասին, այլ օգտագործում են «Հայոց ցեղասպանության խնդիր» բառակապակցությունը:
Նշենք, որ այսօր` փետրվարի 15-ին, նախատեսվում է խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության է դրվելու Հայոց ցեղասպանության հարցը: Քննարկումը կլինի բաց, դահլիճի հանդիսասրահում ներկա կգտնվեն նաեւ մեծ թվով հոլանդահայեր:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Գեղարքունիքի մարզի 4 եւ 5 հազարից ավելի բնակչություն ունեցող խոշորացված 14 համայնքներում արդեն աշխատանքի են հրամանագրվել տնտեսական զարգացման պատասխանատուներ: Նրանք ընտրվել են հայտարարված մրցույթների արդյունքում: Պատասխանատուներն աշխատանքի են հրամանագրվել Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Կարմիրգյուղ, Նորատուս, Սարուխան, Երանոս, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Լիճք, Վարդենիկ, Զոլաքար, Ծովինար, Ներքին Գետաշեն, Գեղամասար, Շողակաթ համայնքներում:
Տեղեկացնենք, որ տնտեսական զարգացման պատասխանատուն տվյալ համայնքի տնտեսական ծրագրերի պատասխանատուն է եւ բոլոր գերատեսչությունները, տեղական եւ միջազգային դոնոր կազմակերպություններն իրար կապող օղակը:




Լրահոս