«Փաստ» թերթը գրում է. «Երեկ՝ փետրվարի 26–ին, Մառնեուլ քաղաքում Վրաստանի նախագահ Մարգելաշվիլին ադրբեջանցիների հետ հանդիպում էր ունեցել «Ազատությունից մինչև անկախություն՝ հանրապետության 100 տարի» համընդհանուր վրացական քարոզչական գործընթացի շրջանակներում: Հանդիպման ընթացքում նա մերժել էր կատարել ներկա անդրբեջանցիներից մեկի խնդրանքը, այն է՝ մեկ րոպե լռությամբ հարգել, այսպես կոչված, Խոջալուում տեղի ունեցած դեպքերի զոհերին:
Մարգելաշվիլին ասել էր, թե անձամբ է հետևում հայ–ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակին և, որ Վրաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կողմակից է:
Թե որն էր պատճառը նման հայտարարության, «Փաստ»–ը հարցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանից:
– Նման հայտարարությունը չի՞ կարող առաջացնել տեղի ադրբեջանցիների զայրույթը, և Վրաստանի նախագահի խոսքը հայերին դուր գալու նպատակ կարո՞ղ էր ունենալ:
– Այդ ադրբեջանցու արածը սադրանք էր: Վրաստանի նախագահը տարբեր համայնքներում հանդիպումներ է ունենում, կարծում եմ` այդպիսի հանդիպում կլինի նաև Ախալքալաքում: Հանդիպմանը ադրբեջանցի մի երիտասարդ սադրանք է անում՝ հիշեցնելով, որ այդ օրն Ադրբեջանում հիշում էին այսպես կոչված Խոջալուի զոհերին: Սակայն նա ստանում է ադեկվատ պատասխան, որը ոչ թե պրոհայկական է, այլ՝ պրովրացական, քանի որ ցույց է տալիս, որ Վրաստանը շահագրգռված է հայ–ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծմամբ, և իրենք աջակցելու են այս գործընթացին: Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ–որ մի հայտարարություն լինի Ախալքալաքում, նա նույն կերպ բալանսավորված պատասխան պիտի տա:
Դրանում մի քանի մեսիջներ կան: Մի կողմից այն ուղղված է Բաքվին, որպեսզի իրենք չփորձեն խառնվել և Վրաստանի տարածքում Հայաստանի հետ հարցեր լուծեն, որպեսզի այդ կոնֆլիկտը իրենց տարածք չմտնի:
Պետք է հասկանալ, որ Վրաստանի նախագահն այսօրվա դրությամբ արտաքին քաղաքականության ոլորտում չկա, որոշողը նա չէ, նա ներկայացուցչական պաշտոնում է: Զուտ իր մասով փորձել է, ազգային շահերից ելնելով, այդ հայտարարությունն անել:
Բացի այդ, ինչ–որ չափով կա նաև նախընտրական հռետորականությունը: Ցույց է տալիս, թե կողմնակից են կոնֆլիկտի խաղաղ լուծմանը և թույլ չեն տա, որ որևէ մի երկիր իրենց ներքին քաղաքականությունն ու իրավիճակն օգտագործի իր շահերին: Ստացվում է նաև, որ ինչ–որ չափով փորձեց Վրաստանի մեր համայնքի ներկայացուցիչների սիրտը շահել: Կարծում եմ, որ նույն բանը կլինի Ախալքալաքում: Կարող է այնտեղ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր է:
Այդպիսի հայտարարություններից մենք չպետք է զարմանանք, նա փաստերով է խոսում, ասում է այն, ինչ կա այսօրվա իրավիճակում և Վրաստանի արտաքին քաղաքականության ոլորտում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: