ՎԵՀԱՓԱՌԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՏԵՐԻՄԸ ՓՈՐՁԵԼ Է ՄԱՐԴ ԱՌԵՎԱՆԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել իր վրա եւ առեւանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է: Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է:

Եվ այսպես` armlur.am գրել էր, որ Ռաֆայել Մխիթարյանի վրա հարձակումը եղել էր ժամը 10:35-ի սահմաններում, եւ վերջինս մի կերպ ազատվելով իր վրա հարձակված տղաներից` օգնության էր կանչել մտերիմներին: Հետո ահազանգել է ոստիկանության Էջմիածնի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռաֆայել Մխիթարյանը պատմեց, որ 2013 թվականին Ոսկեհատ գյուղում գտնվող «Լի գազ» ՍՊԸ-ում մոտ 10 հազար դոլարի ներդրումներ է իրականացրել: Ըստ մեր զրուցակցի` ավելի ուշ հայտնվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, եւ ցանկություն է հայտնել գնել «Լի գազ» ՍՊԸ-ն: «Այդ ժամանակահատվածում ես գազալցակայանի կասսայից 3 միլիոն 200 հազար դրամ գումար էի վերցրել իմ կարիքների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազալցակայանում ներդրում եմ արել, եւ այդ դրամարկղից վերցրած գումարը դուրս կգա իմ ներդրումների գումարից ու պարտք ու պահանջի հարցը կկարգավորենք: Ես Համլետ Ներսիսյանին ասեցի, որ կասսայից գումար ունեմ վերցրած, բայց ավելացված արժեքի հարկից գոյացել է մոտ 4 միլիոն դրամ, ու խնդրեցի, որ կասայից վեցրած իմ գումարը հանենք այդ ԱԱՀ-ից»:
Բայց Ներսիսյանը պարտքի մարման այս տարբերակի հետ չի հաշտվել եւ որոշել է հետ ստանալ իր գումարը: «2016 թվականին զանգ եկավ ինձ, ու Համլետ Ներսիսյանը ինձ ասում է, թե ինչ եղավ փողը, ասում եմ` ի՞նչ փող, ես բացատրեցի, որ քեզ 4 միլիոն ավելացված արժեքի հարկ եմ թողել, երկու տարի է անցել, նո՞ր ես ինձ հիշում: Բա` տենց բան չկա, 4 միլիոնը չկա, իսկ ես էլ բացատրեցի, որ ես գումար չունեմ տալու»:
Պարտքի շուրջ խոսակցությունները Ռաֆայել Մխիթարյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու` Համլետ Ներսիսյանի միջեւ գնալով ավելի են սրվել: «2017 թվականի հուլիս-օգոստոսին ինձ զանգահարում են իմ արտերը ջրող աշխատակիցները եւ հայտնում են, որ Համլետ Ներսիսյանն է եկել եւ հարցնում է, թե ես ուր եմ, ու աշխատակիցներիս ասում է, որ փողի դիմաց խոտի տուկերը բարձում է, տանի: Ես այդ ժամանակ զգուշացրի` եթե նման բան անեն, ես իրավապահներին հանցագործության մասին հաղորդում կտամ»: Մեր զրուցակցի պնդմամբ` Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է, եւ այդ հանգամանքն իր դերն է խաղացել: Խնդիրը մնացել է չլուծված, ու բանը հասել է հարձակմանն ու պարտապանի առեւանգմանը. «Հորեբայրս էր մահացել, մեքենա էի վարձակալել, որ այդ մեքենայով գնամ հուղարկավորությանը: Գնում եմ տաքսիով այն վայր, որտեղից պետք է վարձու մեքենան վերցնեմ, ու այդ պահին մրգաստանցի Գեւորիկը եւ Սպարտակ Թամրազյանը, որոնք Համլետ Ներսիսյանի մարդիկ են, մեքենայով կտրում են տաքսու ճանապարհը, խփեցին գլխիս, ես սկսեցի իրենց հարվածներից պաշտպանվել: Ամեն ինչ անում էին, որ ինձ նստացնեն իրենց մեքենան: Ազատվելով դրանցից` վազել եմ 500-600 մետր, զանգել եմ կնոջս մորը ու խնդրել` օգնության հասնեն, նա մեքենայով հասել է, ու ասել եմ` արագ քշի ոստիկանության էջմիածնի բաժին, այդ ընթացքում այդ տղաները մեքենաներով ճանապարհս կտրում էին: Ինչեւէ, մեքենայով ինձ հասցնում են ոստիկանության Էջմիածնի բաժին: Ես կատարվածի մասին հայտնեցի ոստիկանությունում եւ նշեցի, որ իմ վրա հարձակված տղաները կոնկրետ եկել էին Համլետ Ներսիսյանի հրահանգով, քանի որ երբ ես փախչում էի, հարձակվողներից Սպարտակը հեռախոսով ասում է, թե Համլե՛տ, փախնում է, շուտ հասի՛: Ավելին` այս դեպքից մի քանի օր առաջ Համլետ Ներսիսյանը անձամբ զանգել է ինձ ու ասել, որ այնպես չանես` քեզ բերեն մոտս: Ես դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խնդրում քայլեր ձեռնարկել, որ այս գործը քննվի Երեւանում, քանի որ ես չեմ վստահում ոստիկանության էջմիածնի բաժնին: Ոնց վստահեմ, երբ ինձ վրա հարձակվողները ոստիկանության շենքը շրջափակելով` ներքեւից հաթաթա են տալիս, թե բան գրեցի, կտենաս` ինչ կլինի, ու ոստիկանները ոչինչ չէին անում»:
Ավելին` ինչպես հայտնեց Ռաֆայել Մխիթարյանը` դեպքից հետո իրավապահների հետ գնացել է դեպքի վայր, որտեղ տեսախցիկներ կային, ու կարող էին արձանագրել կատարվածը, սակայն պարզվում է, որ տեսախցիկները չեն աշխատում: Ըստ նրա` իրեն դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, որից հետո էլ պարզ կլինի՝ վնասվածք ստացե՞լ է, թե՞ ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է լսելու երկրորդ կողմի պարզաբանումը եւս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանի նշանակումը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել, ինչի պատճառով ՔԿՎ-ում աշխատակիցները բաժանվել են երկու մասի:
Ինչպես հայտնի է` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՔԿ վարչության` արդեն նախկին պետ Արթուր Օսիկյանի ջրերը մեկ առվով չէին հոսում: Արդյունքում Արթուր Օսիկյանը տարեսկզբին լքեց վարչության պետի պաշտոնը, եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց նրա տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, որ ՔԿԾ-ում Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Արթուր Օսիկյանի հարաբերությունները տարիներ շարունակ հարթ չեն ընթացել: Արթուր Օսիկյանը երիտասարդ կադր էր, իսկ ահա Ռաֆայել Հովհաննիսյանը 2005 թվականից ի վեր զբաղեցնում էր քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ասել է, թե հնաբնակները երիտասարդներին այս օրինակ պաշտոնին նշանակելը ռիսկային էին համարել: Եվ ահա այս ամենի արդյունքում ՔԿՀ-ն բաժանվել էր երկու մասի` մի մասը աշխատում էր Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, իսկ ահա մյուս մասը` Արթուր Օսիկյանի հետ:
Ավելին` բանը հասել էր նրան, որ անգամ քրեակատարողական հիմնարկների պետերից ոմանք նույնիսկ չէին ենթարկվում Արթուր Օսիկյանին:
Հիմա, սակայն, Արթուր Օսիկյանի հեռանալուց հետո քրեակատարողական հիմնարկում կրքերը չեն հանդարտվում: Օսիկյանի կադրերը չեն հաշտվում նրա հեռանալու հետ եւ չեն կարող կամ չեն ուզում աշխատել Ռաֆայել Հովհաննիսյանի ղեկավարության ներքո: Ավելին` ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` այս օրերին վարչության աշխատակիցները սպասում են, թե Արթուր Օսիկյանն ի՞նչ նոր պաշտոն է ստանձնելու, որպեսզի իրենք էլ դիմում գրեն եւ հեռանան` աշխատանքի տեղավորվելով նախկին ղեկավարի մոտ: Եւ որքան հապաղում է Օսիկյանի՝ նոր պաշտոնում նշանակվելը, այնքան ՔԿԾ-ում հակասությունները խորանում են:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ անդրազգային հանցավորության այլ դրսեւորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը երեկ հետաձգվել է: Դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, նա դատարանին տեղեկացրել էր, որ բացակայում է քաղաքից եւ չի կարող ներկա գտնվել նիստին: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ փետրվարի 26-ը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԿՀ-ԻՑ
Հայ նոր քաղաքական դասը, որ կյանքի պահանջով պետք է ձեւավորվի, երկու հիմնական խնդիր ունի լուծելու: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել. «Հայ հասարակությունն աննախադեպ հիվանդ է: Կար ժամանակ, երբ հային բռնությամբ էին Սիբիր աքսորում: Հիմա հայ մարդը կամավոր է Սիբիր գնում: Պատճառն այն է, որ յուրային դավաճան տականքը, օգտագործելով յուրային լինելու հանգամանքը, կարողացել է հօգուտ օտարի, տվյալ դեպքում Ռուսաստանի, զավթել պետությունը եւ յուրացնել Հայրենիքի կերպարի ու անվան իրավունքը: Վաղուց ժամանակն է հրաժարվելու այս անիմաստ ու կործանարար մոտեցումից: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա այն այսօր իսկ անհրաժեշտ է սկսել նշված երկու խնդիրները լուծելու մղում ունեցող գործիչների շրջանում` հայ նոր քաղաքական դասը ժամ առաջ ձեւավորելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ:

 

 

3 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաեւ` տղամարդու եղբոր որդին: 2018թ. փետրվարի 17-ին «Քաջարան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիահերձման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են նաեւ այլ վնասվածքներ` գլխի շրջանում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, տղամարդը ճանաչվել է տուժող: Շրջանառվող լուրերի համաձայն` մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես մոդելագործ:




Լրահոս