ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՄԵԾ ՍՏՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաները մշտապես խոսում են ստվերի դեմ հետեւողական պայքարի մասին: Տնտեսության մեջ ստվերի թեմային անդրադարձ է եղել նաեւ երեկ՝ կառավարության նիստում:

«2017 թվականին պետական բյուջեի եկամուտները 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ Չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռեւս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետեւանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաեւ հարկային արտոնությունների հստակության եւ նպատակային օգտագործման հարցերում»,- երեկ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Փաստորեն, պետք է արձանագրենք` իր այս հայտարարությամբ վարչապետը, այնուամենայնիվ, ընդունել է՝ տնտեսության մեջ դեռեւս կա ստվեր, ու տարված աշխատանքը դեռ բավարար չէ:
Ամենամեծ ցանկության դեպքում անհնար է չհամաձայնել Կարեն Կարապետյանի այդ խոսքերի հետ: Եւ բացի այդ` տնտեսության մեջ առկա ստվերի մասին բոլորը գիտեն: Բայց քանի որ վարչապետը խոսում է ստվերի առկայության մասին, ուրեմն գիտի որտեղ եւ որքան: Ուրեմն իշխանությունները հիմա, քափ ու քրտինք մտած, պետք է աշխատեին այդ ուղղությամբ` իհարկե, չմոռանալով բարձրաձայնել այդ մասին, թիրախավորված նշելով ոլորտներն ու ընկերությունները, որտեղ կա ստվերը: Այլապես մեզանում ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է ուղղակի պոպուլիստական հայտարարություններով. Կարեն Կարապետյանի՝ պրիմիտիվ գողությունները վերացնելու, շանտղության եւ այլ արտահայտությունները շատերը կհիշեն:
Ամենատարբեր տվյալներով` ստվերը ՀՀ-ում կազմում է 30-40 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամը օրերս հրապարակած զեկույցի մեջ ընդգծել է, որ ՀՀ-ում ստվերը 36 տոկոս է: Նկատենք` վաղուց երեք միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող երկրի համար այդքան ստվերը ոչ թե խնդիր է, այլ ողբերգություն: Մասնագետները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են խնդրին` շեշտելով` քանի դեռ ստվերը զգալիորեն կրճատված չէ, տնտեսությունը չի կարող ազատ շնչել ու արդյունք ապահովել: Իսկ տնտեսության մեջ արդյունքն այն կարող էր լինել, որ մրցակցային դաշտը մեծանար: Իսկ նման բան տեղի չի ունեցել:
Նկատենք նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՊԵԿ-ը ստվերը կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել է, եւ պատահական չէ, որ պաշտոնական վիճակագրությամբ ավելացել է այն արտադրատեսակների ծավալը, որոնք ակցիզավորվում են: Այսինքն՝ այդ դրոշմապիտակները փակցնելով` հնարավոր է եղել վերահսկել արտադրության ծավալները:
Բացի այդ` ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դեռ 2017թ. հայտարարել էր, թե 9 ամսվա տվյալներով` իրենք 2,2 մլրդ դրամի ստվեր են կրճատել եւ դեռ շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքները:
Բայց, դե, պարզ է՝ իշխանությունները չեն բարձաձայնի այդ ամենը, չեն գնա ստվերն ամբողջությամբ կրճատելու քայլին, քանի որ երկրի տնտեսությունը, այդ թվում ստվերը, քվոտավորված է, այն էլ՝ երկրի բարձրագույն ղեկավարության իմացությամբ: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը լինելով իշխանական բուրգի գլխին` հենց ինքն է սահմանել տնտեսության խաղի կանոնները:
Ի դեպ, պատահական չէ, որ դեռ 2014թ. օգոստոսին Սերժ Սարգսյանը, խոսելով տնտեսության մեջ ստվերի մասին, ասել էր. «Գիտեք, ցանկացած խնդրի մասին խոսելիս պետք է տրամաբանական մոտեցում ցուցաբերել եւ հասկանալ, թե որոնք են չափանիշները, որոնցով գնահատելու ես այդ գործընթացը: Մարդիկ, երբ ասում են ստվեր կա կամ ստվերը յոթանասուն տոկոս է, որտեղի՞ց գիտեն, այսինքն՝ այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճակագրական վարչությու՞ն: Միակ բանը, որով կարող են իրենք դատել այդ մասին՝ իրենց գործունեությամբ, բիզնեսով, իրենց հարեւանների եւ բարեկամների բիզնեսով է, երբ գիտեն, որ իրենք, իրենց հարեւանները, իրենց բարեկամները ստվերում են աշխատում: Հակառակ պարագայում որտեղի՞ց գիտեն: Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում դա ինչպե՞ս է չափվում. չափվում է հետեւյալով, թե համախառն ներքին արդյունքի ո՞ր մասն է գալիս բյուջե հարկերի տեսքով, եւ երբ մենք մոտ տասը տարի առաջ ունեինք տասներեք տոկոս հավաքելիություն, այսօր ունենք քսաներկու տոկոս: Հիմա հաշվեք՝ մեր երկրում ստվերը կրճատվե՞լ է, թե՞ ավելացել: Սա՛ է ամբողջ իրականությունը: Իհարկե, ես կցանկանայի, որ այդ տոկոսը հասներ քսանութ, քսանինը, երեսուն, ինչպես զարգացած երկրներում, բայց, իրոք, չկա կախարդական փայտիկ, որով շատ կարճ ժամանակում կարելի է դրան հասնել: Մեր հարեւանների մոտ էլ մեծ տարբերություն չկա մեզնից»:
Մինչ այդ, արձանագրենք` ցանկացած խոսք ոչինչ է, եթե հետեւում չկա իրական աշխատանք: Այս պայմաններում նախեւառաջ քաղաքական կամք է անհրաժեշտ` ստվերը գոնե կիսով չափ կրճատելու համար, իսկ դա, ինչպես գիտենք, պարզապես բացակայում է: Մեր երկրում բիզնեսն ու քաղաքականությունը շարունակում են մնալ նույն հարթության վրա. ուղղակիորեն սերտաճած են:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԿՈՄՊԼԵՔՍԱՎՈՐՎԱԾ
Այս օրերին կառավարության անդամները հանդես են գալիս մամուլի ասուլիսներով՝ ամփոփելով 2017 թվականը եւ ներկայացնելով այս տարվա անելիքները: Ընդ որում, գերատեսչությունները հիմնականում ասուլիսները հրավիրում են նախարարի մակարդակով: Բացառություն է, թերեւս, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Այս գերատեսչության տարեկան գործունեությունն օրերս ամփոփել է փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան: Իրականում, իհարկե, այդ նախարարությունը ղեկավարում է Հ. Հարությունյանը, իսկ Աշոտ Մանուկյանը նրա մոտ նախարար է աշխատում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` դա է եղել նաեւ տարեսկզբին Աշոտ Մանուկյանի՝ այդպես էլ չընդունված հրաժարականի պատճառը, քանի որ նա ոչ մի կերպ չի համակերպվում երկրորդական դերին: Սակայն Մանուկյանը ետ վերցրեց հրաժարականի դիմումը Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո` համաձայնելով պաշտոնավարել այս երկու ամիսը, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Հավելենք նաեւ, որ Մանուկյանին կառավարության նիստի օրերին հնարավոր չէ տեսնել. նա շենք մուտք ու ելք է անում անհայտ ճանապարհներով, որպեսզի լրագրողների «ձեռքը չընկնի» եւ չպատասխանի իր հրաժարականի մասին հարցերին:

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՐՏՎԵՑ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը պարտվեց ՀՀԿ-ական ընտրակեղծարարներին: Բանն այն է, որ դեռ 2017թ. նոյեմբերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին, որին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 2 տարվա ազատազրկման` պատիժը պայմանականորեն չկիրառելով: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը վերաքննիչ դատարանի արդարացման դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարանում` պահանջելով ընտրակեղծարարին, այնուամենայնիվ, պատասխանատվության ենթարկել եւ 2 տարվա ազատազրկման դատապարտել, որ նա կրի կալանավայրում: Սակայն նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց գլխավոր դատախազի տեղակալի դիմումը` ջրից չոր դուրս բերելով ընտրակեղծարարին: Հատկանշական է փաստը, որ Կաղզվանցյանն Արմավիրի մարզում մշտապես աչքի է ընկել ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու «սովորությամբ»: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է` Նովոն, եւ ասում են` վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների որոշումների վրա այդ հանգամանքն է ազդեցություն ունեցել, դե, բնականաբար, Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգի «շնորհիվ»: Ու պետք է արձանագրենք` սրանով իրավապահ համակարգը պարտվեց ՀՀԿ-ական ընտրակեղծարարների խունտային:

 

 

ԱՌԱՆՑ ԽԱԹԱՐԵԼՈՒ
Սերժ Սարգսյանը երեկ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ համատեղ ասուլիսում, խոսելով ԼՂ խնդրի մասին, հայտարարել է. «Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որեւէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում»:

 

 

ՍՊԱՌՆՈՒՄ Է
Երեկ Բաքվում տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Բանակցութունների հիմնական թեմաներից մեկն էլ եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծված կարգավիճակը լրջորեն սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Մենք, սակայն, երախտապարտ ենք Իրանի իշխանություններին գործադրած այն ջանքերի համար, որոնց նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել` Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը: Իրանի պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ` իսլամական հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին հայտնել է, որ փորձագետների կարծիքով` Հայաստանի կողմից ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո Ադրբեջանի համար առավել գրավիչ են դարձել իրանական արտադրության բալիստիկ հրթիռները:

 

 

 

ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼՈՒ
Խորհրդարանի իշխող Հանրապետական (ՀՀԿ) խմբակցությունը նիստ է հրավիրելու, որտեղ որոշվելու է Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հանրապետական խմբակցությունն այս շաբաթ Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում ԱԺ-ին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար` շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական եւ թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հետ, նշել է. «Ծրագրում եմ շարունակել իմ հանդիպումները: Այս պահին հետաքրքրությունը իմ մեջ այնքան մեծ է, որ եթե նույնիսկ չընտրվեմ, կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում։ Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են. սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջեւ դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը՝ շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Կարծում եմ, մեր նոր Սահմանադրությամբ, քանի որ ՀՀ նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ եւ լիազորություններ»։
 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 22-ից 23-ը Հայաստանում է։ Երեկ նա աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:




Լրահոս