Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում
Աղբի այս «հսկա»-ն` մայրաքաղաքի կենտրոնում, օրվա ամենաբանուկ ժամի: Չնայած… որ ժամին էլ աշխատեն, ինչքան էլ աշխատեն, միեւնույն է` քաղաքը «ավելի մաքուր չի դառնում»:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ընտանեկան բժիշկն իրավունք ունի՞ հրաժարվելու հիվանդին հաշվառելուց, եթե այո, ապա ո՞ր դեպքում:
Լաուրա Արսենյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ԱԱՊ բժիշկը չի գրանցում իրեն ընտրած եւ գրանցվելու նպատակով դիմող բնակչին, եթե`
1) լրացել են ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները.
2) բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.
3) եթե ԱԱՊ հաստատության եւ բնակչի մշտական բնակության վայրի միջեւ եղած հեռավորության պատճառով ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետեւյալ ծառայությունները` տնային այցելություններ եւ հակահամաճարակային հսկողություն: (Հիմք` 30.03.2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 420-Ն որոշում):
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ յուրաքանչյուր բնակիչ, անկախ Հայաստանի Հարապետությունում իր պաշտոնական հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երեւան քաղաքի դեպքում` քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ:
ՀԱՐՑ. Ես ունեմ սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն: Խնդրում եմ ասեք` եթե ես ցանկանում եմ օգտվել սոցփաթեթի այնպիսի ծառայությունից, որի արժեքը գերազանցում է այդ պահին իմ հաշվում առկա դրամական միջոցները, ապա կարո՞ղ եմ մուտքագրում կատարել իմ հաշվին: Ես կցանկանայի իմանալ` հնարավո՞ր է կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները:
Լիզա Սուքիասյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Սուքիասյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրում կատարելու հնարավորություն ընձեռված է յուրաքանչյուր աշխատողին եւ յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու համար: Եթե սոցփաթեթի հաշվին առկա դրամական միջոցները բավարար չեն տվյալ ծառայությունից ամբողջապես օգտվելու համար, ապա աշխատակիցը կարող է կանխիկ մուտքագրում կատարել իր սոցփաթեթի հաշվին եւ փոխանցել հաշվում առկա դրամական միջոցները համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությանը:
Սոցիալական փաթեթի գումարները հնարավոր է կանխիկացնել միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչեւ մեկ օրացուցային տարին լրանալը: