ԳՈՐԻՍԻ ՔԿՀ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻՆ ԱԱԾ ԵՆ ԿԱՆՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի ՔԿՀ արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ԱԱԾ-ում, այնուհետեւ` ՀՔԾ-ում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ասաց ՔԿՀ նախկին պետը` նշելով, որ ինքը որեւէ կերպ չի նպաստել թմրանյութ ՔԿՀ ներս մտցնելու գործընթացին:

Ինչպես հայտնի է` ԱԱԾ-ն բացահայտել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը ասել էր, որ նախնական տվյալներով` հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ են, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ:
Այս իրավիճակում զարմանալի է մեկ բան, թե ուր էր նայում Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը, երբ իր ղեկավարությամբ գործող հիմնարկում նման իրավիճակ է տիրել: Ի դեպ, ՔԿ վարչությունում տարածված խոսակցությունների համաձայն` բանտապետին պատասխանատվության չեն կանչի, քանի որ Մաքունցը վաղուց պետք է թոշակի գնար, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա այս բացահայտումը առիթ կլինի` նրան թոշակի ուղարկելու գործընթացը արագ կազմակերպելու համար:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Գորիսի քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արտուշ Մաքունցի հետ:
-Պարո՛ն Մաքունց, 11 մեղադրյալ, ապօրինի թմրամիջոցների շրջանառություն, մարդիկ կոնկրետ աշխատանք են արել, Դուք ՔԿՀ-ում իրականացված բացահայտումների մեջ Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում:
-Երբ է կատարվում, հիմա:
-Կոնկրետ 2 ամիս առաջ ԱԱԾ-ն մտավ Գորիսի ՔԿՀ եւ լուրջ բացահայտումներ արեց, եւ դեռ քննությունը գնում է:
-Դե, հիմա մտավ Գորիսի ՔԿՀ, հո մենակ Գորիսի ՔԿՀ-ն չէր, այլ ամբողջ Գորիսի տարածքով, շրջանով միջոցառումներ են կատարել:
-Հիմա փաստ է, որ Գորիսում կոնկրետ բացահայտում են արել, թե ինչպես են թմրանյութ մտցրել-հանել, Դուք տեղյակ չե՞ք եղել, թե ինչ է կատարվել:
-Ես չեմ էլ իմանում` այնտեղ թմրանյութ հայտնաբերվել է, թե ոչ, քանի որ նախ` տվյալ պահին ես այնտեղ չեմ եղել, Մոսկվայում եմ եղել եւ հետո` Ձեզ ասեմ, որ արդեն երկու ամիս է, ինչ ես թոշակավորված եմ ու արդեն մեր տանն եմ եւ տեղյակ չեմ, թե այնտեղ ինչ է կատարվում:
-Այսինքն` Ձեզ թոշակավորեցին, որ այս քրեական գործից ազատեն, բայց, ի վերջո, քննությունը գնում է, ու չե՞ք վախենում` Վանաձորի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի ճակատագրին արժանանաք:
-Ինձ հետ տեղի չի կարող ունենալ, քանի որ ես ոչ մի բանով չեմ նպաստել ո՛չ թմրանյութեր, ո՛չ էլ արտոնյալ ինչ-որ իրավիճակների, ոնց կարող է նման բան տեղի ունենալ, բնականաբար, զարմանում եմ. տենց բան ոնց կարող է ունենալ: Եթե նման բան տեղի ունենա,ուրեմն մենք գետնի տակն ենք ապրում, այլ գետի երեսը չենք ապրում:
-Միգուցե չեք նպաստել, բայց որպես ՔԿՀ պետ` աչք եք փակել այն բանի վրա, ինչ կատարվում է Ձեր ղեկավարությամբ գործող ՔԿՀ-ում, այսինքն` պաշտոնական անփութություն եք թույլ տվել, ու ով ինչ ուզել, արել է: Այդ դեպքում ուր մնաց Ձեր պատասխանատվությունը:
-Եթե նման ձեւով մտածենք… ախր, օրվա մեջ հարյուր հոգի ներս է մտնում եւ դուրս են գալիս, եթե ես բոլորի ամեն ինչին տեղյակ լինեմ, բա մնացած ստորաբաժանումները ինչի համար են: Եթե ես բոլորին կարողանամ տեղյակ լինել, խնդիր չի լինի, ինչի մասին է խոսքը:
-Իսկ Ձեզ ԱԱԾ կանչե՞լ են:
-Բոլորին էլ քննել են:
-Կոնկրետ Ձեզ:
-Անցած տարի կանչել են ե՛ւ ազգային անվտանգության ծառայություն, ե՛ւ հատուկ քննչական ծառայություն:
-Եւ ասել եք, որ ոչ մի բանի չեք նպաստել եւ չգիտեք` ով է մտել, ոնց են թմրանյութը բերել:
-Նորից եմ կրկնում` ոչ մեկը չի մտել քրեակատարողական հիմնարկ, դա դրսից պերեբրոսկա է եղել, բայց իրականում նման բան չկա: Ամեն դեպքում, ես չեմ քննիչը, դատախազը, դատավորը:
-Այս բացահայտումից հետո Ձեր թոշակի ուղարկելու գործընթացը վարչությունում արգացրել են, որ Ձեզ փրկեն: Ավելին` տեղեկություններ կային, որ Դուք ամեն ինչ արել եք, որ Ձեր որդին նշանակվի ՔԿՀ պետ, կարո՞ղ է` այս բացահայտումը խանգարեց, որ Ձեր որդուն կարողանաք նշանակել տալ:
-Հիմա ՔԿՀ նոր պետ ունի` Արմեն Դաշյանը, ես ոչ մեկին էլ չեմ ուզում, ՔԿՀ պետ չէ, բայց բոլորս էլ աշխատում ենք, եթե արդար, մաքուր աշխատում ենք, բոլոր տեղերն էլ կարող ենք աշխատել, խնդիր չկա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀՈՒՆ ԿՁԵՐԲԱԿԱԼԵ՞Ն
Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Չի բացառվում, որ հաղորդավարուհուն առաջիկայում ձերբակալեն:
Ինչպես հայտնի է` ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը` Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի` նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ:
Այս իրավիճակին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` տարածած հայտարարության մեջ նշելով. «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի եւ ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են եւ դրանք չեն կարող հանդուրժվել: … Միաժամանակ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու դիվանագիտական անվտանգության ծառայությունն ամեն ինչ կանեն` պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով:
Ձերբակալությունից հետո Բոյաջյանը եւ Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռեւս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երեւանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին»: Փաստորեն, նկատենք, կատարվածի մասով խիստ մտահոգված է նաեւ ԱՄՆ դեսպանատունը եւ փորձում է խնդիրը բարձրաձայնել` ընդգծելով Ակոպովնային պատասխանատվության ենթարկելու ջանքերի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀ-ում այս աղմկահարույց գործի շրջանակներում սպասվում են ձերբակալություններ. Ակոպովնան, հնարավոր է, կալանավորվի: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Դինա Ակոպովնային ՀՀ-ում պատասխանատվության կանչելը կապված է մեկ հանգամանքով. ԱՄՆ իրավապահները սպասում են գործով մեղադրյալների ցուցմունքներին, որից հետո պարզ կլինի առհասարակ Հայաստանում այս գործընթացի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը: Հիշեցնենք նաեւ, որ այս գործի շրջանակներում շրջանառվում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, իրեն հակաահաբեկչության մասնագետ հայտարարած Գոռ Վարդանյանի անունը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի եւ օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը զբաղվել է իրավունք վերապահող եւ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ: Փաստական տվյալների համաձայն` 2016-2017թթ. ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել եւ համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել ՀՀ քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Հայտնաբերվել եւ առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները եւ ձեւաթղթերը, ինչպես նաեւ տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ եւ օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ առանձին կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ՉԻ ՑՈՒՑԱԲԵՐԻ
Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի: «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նա նշել է, որ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, եւ, համապատասխանաբար, ՀԱՊԿ-ն Երեւանի առաջ ունի որոշակի պարտավորություններ: «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ-ն նրանց վտանգի մեջ չի թողի»,-նշել է Սիդորովը: Նա հավելել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»` հիշեցնելով, որ ինչ-որ ժամանակ այդ երկրների ժողովուրդները մեծ խորհրդային ընտանիքի մաս են եղել` ապրելով խաղաղության պայմաններում: Վերջինս ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ն լիազորություն չունի միջամտել այս կամ այն հակամարտությանը, առանց համապատասխան խնդրանքի, այն պարագայում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ երկրներին աջակցություն է ցուցաբերում` առանց սպասելու օգնության խնդրանքի:

 

 

ՍՈՍԿԱԼԻ Է
Շիրակի մարզից ընտրված ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի խոսքով` Գյումրիում գնաճի պատճառով սոսկալի վիճակ է: Հատկապես վերջին մի քանի ամիսների առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը գյումրեցիների համար մեծ դժվարություն է: «Գյումրեցիների համար աղքատությունը սարսափելի է: Գյումրիում արտագաղթը շատ է, մարդիկ օրվա հացի կարոտ են, սոսկալի վիճակ է: Երկրաշարժից 30 տարի հետո քաղաքը այս վիճակի մեջ է գտնվում, եւ, ցավոք սրտի, ասում ենք, ասում ենք, ու այդպես ձայն բարբառո անապատի»,- ասել է Վ. Ղուկասյանը: Վերջինս միաժամանակ տեղեկացնում է, որ թեեւ Գյումրիում աղքատության աճ կա, բայց Երեւանում թափառաշրջիկները շատ են, քան Գյումրիում:




Լրահոս