«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արտիստը», «Ես եմ», «Ճամբարում», գեղարվեստական ֆիլմերից, «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է», «Գնված երջանկություն», «Հատուկ բաժին» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Լեւս Դավթյանի հետ, ով հանդես է գալիս «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։
-Լե՛ւս, ինչո՞ւ վերջին շրջանում Ձեզ հեռուստատեսային նախագծերում չենք տեսնում։ Առաջարկնե՞ր, թե՞ նկարահանվելու ցանկություն չունեք։
-Այս շրջանում հիմնական գործունեությունս ծավալում եմ «Մհեր Մկրտչյան» թատրոնում, գրեթե բոլոր ներկայացումներում ընդգրկված եմ։ Շուրջ մեկ տարի է՝ հեռուստատեսային նախագծում չեմ ներկայացել։ Այս դադարը վերցրել եմ լուրջ նախագծում՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար։ Կարծում եմ՝ կարելի է այս փուլում խնայել ինքս ինձ ֆիլմի համար։ Մանրամասներ դեռ չեմ հայտնի, բայց նման հեռանկար կա։
-Դուք Ձեզ ավելի շատ համարում եք թատրոնի՞, թե՞ կինոյի դերասան։ Որտե՞ղ եք Ձեզ ավելի կոմֆորտ զգում։
-Թատրոնը դերասանի տունն է, նրա հասցեն։ Այս առիթով Մհեր Մկրտչյանն է ժամանակին լավ ասել. «Թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին»։ Ուր էլ գնաս՝ վերջում կնոջդ մոտ ես վերադառնալու։ Թատրոնը դերասանի համար մշտապես ֆորմայի մեջ մնալու, «մարզվելու» համար լավ տեղ է, որը նպաստում է, որ վերջինս «չժանգոտի»։ Սերիալները կգան ու կգնան, իսկ թատրոնը կմնա։ Միեւնույն ժամանակ հաճելի է նաեւ նկարահանվելը։ Բայց միանշանակ կարող եմ ասել, որ բացառվում է՝ նկարահանվեմ 20-25-ից ավել մասանոց ֆիլմում՝ չիմանալով, թե իմ հերոսի հետ ինչ է լինելու։ Օրվա սցենարով նկարահանվող դերասան չեմ եւ չեմ էլ եղել։
-Ձեր խաղը նայելով՝ ինքներդ Ձեզ «դիտողություններ» անո՞ւմ եք, իսկ գովեստնե՞ր։
-Ես իմ ամենասուր քննադատն եմ, շատ քիչ դեպքերում եմ իմ խաղը հավանում, հազվադեպ է այդպես պատահում։
-Ձեր խաղընկերներից ո՞ւմ կառանձնացնեք։ Ո՞ւմ հետ խաղն է եղել հիշարժան, առանձնակի արժեքավոր։
-Ամենահանճարեղ խաղընկերս եղել է եւ կմնա վարպետս՝ Սոս Սարգսյանը։ Դերասանի համար ամենադժվար ու ձանձրալի երեւույթը, որին նա ստիպված է լինում բախվել, մասնագիտություն չունեցող մեկի հետ խաղալն է։ Ժամանակին առնչվել եմ այդ խնդրին, վերջին շրջանում, բարեբախտաբար, ոչ։ Այսօր ինձ համար լավ խաղընկերներ են Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Անուշ Մելիքսեթյանը, Սյուզի Կիրակոսյանը։
-21-րդ դարում մարդկային հարաբերություններում ի՞նչն է, որ մտահոգում է Ձեզ։
-Մարդկանց քծնանքը, որին հանդիպում եմ ամեն քայլափոխի, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ շատերը չափազանց մեծ կարծիք ունեն իրենց մասին եւ եսասեր են։ Բոլորը վստահ են, որ ինչ անում են՝ լավ են անում, իրենք ճիշտ են եւ սովորելու ոչինչ չունեն։ Շատերի մոտ աճելու ձգտում չկա։ Շուրջս դիլետանտիզմ է տիրում, մրցակցություն չկա։ Ամեն ինչ հասանելի է դարձել։ Հիմա իմ ոլորտի մարդիկ մի փոքր ձեռքբերում են ունենում, մտածում են՝ հերիք է։
-Լե՛ւս, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ չեք ցանկանա՝ Ձեր ընտրյալը դերասանուհի լինի։ Էլի այդ կարծիքի՞ն եք։
-Գիտեք՝ չափանիշները կարող են օրեցօր փոխվել, անգամ օրվա ընթացքում։ Կարծում եմ՝ կնոջ մասնագիտությունն էական չէ, ուղղակի ես խանդոտ եմ, եւ այդ հողին կարող են բարդություններ առաջանալ։ Բայց չեմ կարող ասել՝ ում կսիրեմ, ոնց կսիրեմ…
-Ձեր աչքերում ինչպիսի՞ն է այսօրվա աղջկա, կնոջ կերպարը։ Ի՞նչն է Ձեզ գրավում եւ ի՞նչը՝ վանում։
-Ինձ դուր է գալիս այն, որ այսօրվա աղջիկներից, կանանցից շատերը կայացած են, հետաքրքիր, սակայն դրան զուգահեռ նկատում ենք, որ որոշների համար այդ հանգամանքը դարձել է չարիք։ Նրանց թվում է, որ կարող են ամեն ինչի հասնել, ու տղամարդու դերն ինքնըստինքյան թուլանում է այդ աղջիկների եւ կանանց կյանքում։ Այնպես որ, ամեն բան համաչափության եւ ներդաշնակության մեջ է գեղեցիկ։
Աննա Բաբաջանյան