Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Անահիտ Սիմոնյանի մահն արձանագրվել է մարտի 15-ին` լուսաբացից առաջ, Արտաշատի բժշկական կենտրոնում: «Ժամը 02.53 րոպեից սկսած` մինչեւ 03.08 րոպե, 6 անգամ զանգահարել եմ շտապօգնություն»,- ասում է Անահիտի ավագ որդին` Սերգեյ Սիմոնյանը, եւ հեռախոսի էկրանին ցույց տալիս նշված ժամերը: «Գիշերվա այդ ժամին, երբ ամբողջովին ազատ է խճուղին, ամենաշատը 5-7 րոպեում կարող էր շտապօգնության մեքենան տեղ հասնել` մոտ 10 կմ ասֆալտապատ, հարթ ճանապարհով, բայց եկել են 15 րոպե անց: Իսկ ամեն վայրկյանը կյանքի ու մահվան կռիվ էր մորս համար»,- շարունակում է Սերգեյը: Մոր շնչահեղձ, անգիտակից, մահամերձ վիճակը, շտապօգնության ուշանալը որդուն ստիպել է բժիշկներին շտապեցնելով հրել ներս:
Շտապօգնության բուժանձնակազմը եկել է գրեթե դատարկաձեռն ու անպատրաստ: «Ընդամենը մի ասեղ ներարկում են կատարել ճնշման դեմ: Թթվածնի բալոնը դատարկ էր, շնչառությունը փորձում էին կարգավորել` ձեռքերով սեղմելով կրծքավանդակը, այդպես օդ տալ: Գրեթե միջոցներ չունեին առաջին օգնության համար, ասում էին` եթե ուզում եք լիարժեք օգնություն, պետք է Երեւան կամ մեկ այլ հիվանդանոց զանգեիք, մեր ունեցածը սա է: Սայլակը, որի վրա սկեսուրս էր, չէին կարողանում մեքենայի մեջ տեղադրել, այնքան որ հնամաշ էր սարքավորումը եւ տեղը չէր ընկնում, սիպված 3 անգամ իջեցրել ու բարձրացրել ենք` մի կերպ տեղավորելով: Իսկ ճանապարհին վարորդին ասում ենք` արագ քշի մեքենան, ասում է` գնում է, որ արագ քշեմ»,- պատմում է Սերգեյի կինը` Մարինե Գասպարյանը: Նաեւ նշում է, որ եւս երկու անգամ` հոկտեմբերին եւ նոյեմբերի վերջին, շտապօգնություն են կանչել. «Մոտներն անգամ սպիրտ չկար` ներարկում կատարելու համար, մենք ենք մի շիշ օղի տվել, որն էլ լցրեցին իրենց տարայի մեջ ու հետները տարան:
Հետո, երբ դեկտեմբերին մեր տեղամասի բժշկուհին զննում էր սկեսրոջս, ասաց, որ նոյեմբերի վերջին ինսուլտ է տարել, որը չեն զգացել շտապօգնության բժիշկները, մենք էլ ինչպես պարզեինք, որ համապատասխան բուժում նախաձեռնեինք»: Դեռ 60-ը չբոլորած Անահիտին շտապօգնության մեքենայում հիվանդանոց են ուղեկցել որդիները` Սերգեյն ու Արմենը, եւ հարսը` Մարինեն. «Ճանապարհին սկեսրոջս բերանից արդեն փրփուր էր թափվում, որեւէ օգնություն ցույց չէին տալիս, որովհետեւ չունեին համապատասխան միջոցներ: Իսկ երբ հասանք հիվանդանոց, բժիշկները մեքենայից իջան ու անհետացան` հիվանդին թողնելով մեր եւ վարոդի հույսին»:
Անահիտի ամուսինը` Սպարտակ Սիմոնյանը, նշում է, որ կնոջ արյան ճնշումը 220, իսկ սրտի զարկերը 140 է եղել. «Զգացին, որ իրենց ուշանալու եւ բավարար օնություն ցույց տալ չկարողանալու պատճառով արդեն կինս մահանում է, տեղափոխեցին հիվանդանոց, գուցե ինչ-որ բան էնտեղ կարողանային անել, կամ ուղղակի ձեւի համար»: Իսկ Սերգեյը, ում մեղադրում են շտապօգնության բժիշկների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ, պատմում է. «Երբ ասացին` ցավակցում ենք, մայրդ մահացավ, այդ պահին դուրս եմ եկել հիվանդանոցի բակ, մոտեցել շտապօգնության մեքենային, ռացիայի լարերն եմ պոկել` ասելով, որ սա մեքենա չի, մի՛ քշեք, սրանով չեք հասնի, չեք փրկի ոչ մի հիվանդի: Այնտեղ ոստիկանության աշխատակիցներ կային, տեսել են եւ պատրաստ էին ցանկացած միջոցառում կանխել, եթե ինձ թույլ տայի: Իսկ շտապօգնության մեքենան հավանաբար սովետից մնացած «ԳԱԶԵԼ» է, հնությունից ու մաշվածությունից վերջացած փոխադրամիջոց: Բայց ինտերնետում փոխարենը բոլորովին նոր «Ֆորդ» մեքենայի լուսանկար են դրել, թե սա է եղել, եւ հայտարարում են, որ ես հետախուզման մեջ եմ: Ես իմ տանն եմ, այսօր էլ մորս գնահողն է»:
Ի դեպ, Արտաշատի շտապօգնությունից դժգոհության առաջին դեպք չէ սա: Դեռ հունվար ամսին հարեւան Մրգավետ գյուղում է նմանատիպ դեպք պատահել: 60-ամյա կնոջ համար կանչված Արտաշատի շտապօգնության բժշկուհին ընդամենը ներարկում է կատարել` նեղսրտելով, թե այդ չնչին դեպքի համար անհանգստացրել են իրենց եւ գնացել: Երկու ժամ անց ավելի է վատթարացել հիվանդի վիճակը, այս անգամ արդեն զանգահարել են Մասիս քաղաքի շտապօգնությանը: Թեպետ նրանք առանց ուշացման են տեղ հասել եւ ունեցել են առաջին օգնության անհրաժեշտ միջոցները, սակայն հիվանդի կյանքն անհնար է եղել փրկել: Ամուսինը, որ չցանկացավ դեպքի առիթով կնոջ եւ իր անունը նշվել` պատճառաբանելով, թե իր վիշտն իրեն բավական է եւ չի ցանկանում կնոջ հիշատակն անհանգստացնել, այդուհանդերձ նշեց` եթե Արտաշատի շտապօգնությունն առաջին օգնության բավարար միջոցներ ձեռնարկեր, կնոջ կյանքը փրկված կլիներ: Այս անվստահությունն է պատճառը, որ անհրաժեշտության դեպքում Արտաշատի գյուղերի բնակիչները գերադասում են Մասիսի առողջապահական կենտրոն դիմել, քան Արտաշատի:
Ֆելիքս Եղիազարյան