Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։

Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները “նկատել են բացթողումը”, նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։ Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։

Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։ Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը։

Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆ Լիտվայում ՀՀ դեսպան




Լրահոս