Կարող է պատճառ լինել յուղոտ ձեռքերով բալոնի փականին կպնելը. մանրամասներ «Բուրգեր Քինգ»-ի պայթյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նախօրեին Երեւանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն: Խոհանոցում պայթել է թթվածնի բալոնը, կա 8 տուժած, որից 5-ը օտարերկրյա քաղաքացիներ: Տուժածներից մեկը վիրահատվել է, վնասվել էր ազդրը, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Միջադեպի մանրամասների մասին դեռեւս որեւէ տեղեկություն չի հրապարակվում. նշված է միայն, որ դեռ հետաքննություն է ընթանում:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք իրենց նախարարությունը վերահսկողություն իրականացնում է այդ ոլորտում, արդյո՞ք ստուգում է այդ գազի բալոնների որակը, շահագործման պայմանները: «Մենք կարող ենք ասել հետեւյալը` արտակարգ իրավիճակների նախարարությունը կատարում է բալոնների լիցքավորման տեղամասերի փորձագիտական քննություն, որը իրականացնում է մեր «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կոնկրետ այդ թթվածնային բալոնը լիցքավորվել է «Կոտայք գարեջուր գործարան» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից շահագործվող ածխաթթու գազի ստացման տեղամասում, եւ այդ օբյեկտը գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեգիստրում: Մեր կողմից փորձաքննության է ենթարկվել եւ ստացել է դրական եզրակացություն, որ կոնկրետ լիցքավորման գործընթածը ամբողջությամբ նորմալ է իրականացվել: Իսկ պայթյունից հետո արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ եւս մեկ անգամ «Տեխնիկական անվտանգության» ՊՈԱԿ-ը լիցքավորման տեղամասում իրականացրել է տեխնիկական փորձաքննություն, որից հետո համոզվել ենք, որ լիցքավորման տեղամասում ամեն ինչ նորմալ է, համապատասխանում է տեխնիկական նորմերին:

Նախնական տվյալներով` բալոնի արտաքին դաջվածքներից դատելով՝ կարող ենք ասել, որ 2017 թվականի արտադրության բալոնը դեռ լիովին նոր է, գումարած դրան համապատասխանում է թթվածնային բալոնի նորմերին: Դրա համար այդ մի քանի գործոններից ելնելով` ենթադրում ենք, որ բալոնի օգտագործման կանոններն են խախտվել»,- ասաց Գնդոյանը: Ըստ նրա` նման խախտումներ կարող են լինել՝ յուղոտ ձեռքերով բալոնի փականին կպնելը, պատճառ կարող է լինել նաեւ բալոնի շուրջը ստեղծված տաք ջերմային ֆոնը: Սակայն նրա խոսքերով` այս ամենը դեռեւս նախնական վարկածներն են: «Դեպքի հետ կապված փորձաքննությունը կատարում է քննչական կոմիտեն, եւ իրենք կտան վերջնական եզրակացություն»,- ասաց Գնդոյանը:

Նշենք, որ կատարվածից հետո ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ստեղծվել է քննչական խումբ, առգրավվել են սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունը: 8 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս