«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժած 8 քաղաքացիներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մնացել է երկու հոգի: Բժշկական կենտրոնից ArmLur.am-ին հայտնեցին, որ երեկ հիվանդանոցից դուրս են գրվել եւ ՌԴ են վերադարձել ազգությամբ ռուս վիրավորները: Նրանց վիճակն արդեն նորմալ էր:
Այս պահին բժշկական կենտրոնում են շարունակվում գտնվել 8-ամյա հայ աղջիկն ու նրա եղբայրը: ԻՆչպես հայտնի է՝ 8-ամյա երեխան ամենածանր վիճակում էր գտնվում եւ հենց հիվանդանոց տեղափոխվելու օրը վիրահատվել էր: Այս պահին նրանց վիճակը ևս բավարար է:
Ապրիլի 2-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցավ ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն, որի հետևանքով տուժեց 8 մարդ:
Գործի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որում մասնավորապես ասվում է, որ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքները թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ: