Ապրիլի 9-ից բարձրագույն դատական խորհուրդը անցավ իր լիազորությունների իրականացմանը, եւ ըստ Սահմանադրության` ԲԴԽ-ն եռամսյա ժամկետում դատական համակարգում փոփոխություններ կիրականացնի: Մասնավորապես կփոփոխվեն դատարանների նախագահները, ավելին` փոփոխության կենթարկվեն դատական դեպարտամենտի ղեկավարը, դատական կարգադրիչների ծառայության պետը:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեց իր ճակատագրի մասին:
-Պարո՛ն Փոլադյան, Ձեր ճակատագրի մասով Ձեզ որեւէ բան ասե՞լ են, թե՞ ոչ, այսինքն` գնալո՞ւ եք, թե՞ մնալու:
-Կոռեկտ չեմ համարում իմ մնալ կամ չմնալու հետ կապված որեւէ հարց մեկնաբանել: Ես շարունակում եմ իրականացնել իմ բնականոն գործունեությունը, աշխատում եմ բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ: Գիտեք, որ դատական օրենսգրքի համապատասխան դրույթները ուժի մեջ մտնելուց հետո` երեքամսյա ժամկետում, ԲԴԽ-ի լիազորությունները ստանձնելուց հետո, պետք է հաստատվի դեպարտամենտի կանոնադրությունը եւ կարգը: Կարծում եմ, որ այդ ամենը հաստատվելուց հետո համապատասխան փոփոխություններ լինելու են, իսկ թե հետագայում ով կշարունակի պաշտոնավարել, դա կորոշի բարձրագույն դատական խորհուրդը: Ես այս պահին շարունակում եմ իմ բնականոն հունով աշխատել:
-Իսկ Դուք անձամբ կցանկանա՞ք մնալ Ձեր պաշտոնին:
-Իմ հետագա ճակատագիրը եկեք չկապենք այս հաստիքով աշխատել-չաշխատելու հետ, քանի որ ես ինձ դիտարկում եմ պետական ծառայող, եւ որտեղ էլ որ լինի` իմ լիազորությունները իմ ամբողջ ներուժով համապատասխան` իրականացնելու եմ: Կապել ինձ որեւէ աթոռից,ես երբեք չեմ արել եւ չեմ էլ պատրաստվում եւ չեմ էլ պատկերացնում, որ որեւէ մեկը պլանավորի, որ, չգիտեմ` օրինակ, ինքը 50 տարի աշխատելու է նույն հաստիքով: Ո՛չ, այդպիսի բան ամենեւին չկա: Բնականաբար հաշվի առնվելու են իմ նախասիրությունները, եւ եթե իմ նախասիրություններին համարժեք չէ, բնականաբար ես չեմ աշխատելու:
-Այսինքն` Ձեզ որեւէ բան դեռ չե՞ն ասել:
-Ես շարունակում եմ իմ բնականոն, նույն տեմպով, ոճով, նույն պատասխանատվությամբ աշխատանքը, եւ այս պահին որեւէ քննարկում չի եղել:
Քնար Մանուկյան