ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ կառավարության առաջին դռնփակ նիստը: Այն տեւեց մոտ երկու ժամ: Նիստի մեկնարկից մինչեւ նախապես հայտարարված նախարարների պաշտոնակատարների հետ ճեպազրույցի ժամը լրագրողներին թույլ չտրվեց ներս մտնել կառավարության շենք: Արդեն նախատեսված ժամին թույլատվությունը եղավ, եւ լրագրողները նախարարների մի քանի պաշտոնակատարներից հետաքրքրվեցին՝ ինչ փոփոխություն զգացին կառավարության դռնբաց եւ դռնփակ նիստերի միջեւ:

Հետաքրքիրն այն է, որ մեզ հանդիպած նախարարների պաշտոնակատարներն այդպես էլ ոչինչ չկարողացան առանձնացնել երեկ տեղի ունեցած նիստից, որը, օրինակ, չի եղել նախկիններում: Մասնավորապես տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ու առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը հարցերին ի պատասխան` արդարանում էին, թե նիստերը երկար են տեւել, հետեւաբար տարբերությունն առկա է, քննարկումներ են ծավալվել: Նման արդարացմամբ հանդես եկավ նաեւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Սակայն բոլորս ենք հիշում, որ այժմ վարչապետի պաշտոնակատար հանդիսացող Կարեն Կարապետյանը ժամանակին կառավարության անդամներին կոչ էր արել իրենց մտքերը հնարավորինս լակոնիկ ձեւակերպել եւ ոչ կարեւոր նախագծեր էլ չբերել խորհրդարան: Ի դեպ, կարճ ու կոնկրետ չխոսելու համար առաջին նկատողությունն էլ ստացել էր այն ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Դրանից հետո բոլոր նախարարները փորձում էին, որ օրենքի նախագծերը ներկայացվեն հնարավորինս պարզ, մատչելի ու կարճ տեքստերով:
Կարեն Կարապետյանը նիստերը կարճ անցկացնելու առաջամարտիկներից էր: Նրա վարչապետության ժամանակաշրջանում կառավարության նիստերը ձանձրալի չէին անցնում, եւ հիմնական պատճառը դրանց կարճ լինելն էր: Նա ներդրել էր մի այնպիսի համակարգ, որ լինեն նաեւ չզեկուցվող հարցեր, որպեսզի նախարարները երկար-բարակ չխոսեն դեսից-դենից: Եվ արդյունքում պարզվեց, որ կառավարության նիստերը կրկնակի կրճատվում են, հարցերի հենց կեսը սովորաբար չզեկուցվող են լինում եւ նույնիսկ կեսից ավելին, որի հետեւանքով էլ նիստերը կես ժամից ավել չէին տեւում: Իհարկե, քննարկումներ լինում էին, բայց ոչ թե կառավարության, այլ նախարարների կոմիտեի նիստերում, որոնք արդեն դռնփակ են:
Երեկ կառավարության առաջին դռնփակ նիստի օրակարգում 72 հարց էր ընդգրկված, եւ բնական է, որ այն պետք է մի փոքր ավելի երկար տեւեր: Ընդ որում, ուսումնասիրելով կառավարության օրակարգը` ականատես եղանք, որ այս անգամ չզեկուցվող հարցերը բավական քիչ էին, ինչպես լինում էր նախկինում:
Եվ որքան էլ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը շարունակում է պնդել, թե դռնփակ նիստերը բանավիճելու հնարավորություն են տալիս, սակայն երեկվա նիստում բանավեճ այդպես էլ չի եղել: Սակայն Հարությունյանը պնդում էր, թե դռնբաց նիստերի ժամանակ պատգամավորները կաշկանդված են լինում: «Ում էլ հարցնեք՝ կաշկանդված է, թե ոչ, կասի՝ ոչ, կաշկանդված չէ: Բայց հավատացեք, որ մարդիկ կաշկանդվում են: Դուք էլ կկաշկանդվեք, եթե Ձեր վրա տեսախցիկ ուղղվի: Ավելի կաշկանդված կլինեք, քան հիմա, երբ տեսախցիկն իմ վրա է ուղղված»,- նշել էր Դավիթ Հարությունյանը:
Սակայն պետք է արձանագրենք, որ կառավարության նիստի օրակարգում ներառվելիք հարցերը, որպես կանոն, նախապես քննարկվում են նախարարական կոմիտեներում, եւ նախնական բանավեճը կարող է տեղի ունենալ հենց այդ նիստում, եւ ամենեւին կարիք չկա դա որպես պատճառաբանություն օգտագործել:
Եթե մինչ այդ կառավարության նիստերը դռնբաց էին ու պետական գաղտնիքի քննարկման ժամանակ կարող էին լինել դռնփակ, դա նորմալ էր, ընդունելի։ Բայց երբ շեշտադրումը փոխվում է, եւ այսուհետ լինելու են դռնփակ նիստեր ու առանձին դեպքերում վարչապետի որոշմամբ կարող են դռնբաց լինել, դա վկայում է քաղաքական որոշման մասին, եւ իշխանությունները որոշել են ավելի փակ աշխատել, քան աշխատում էին մինչեւ հիմա։ Սա մտահոգիչ է, որովհետեւ հասարակությանը եւ լրատվամիջոցներին հետաքրքրում են այն հարցերը, որոնք քննարկվում են կառավարությունում:
Հիշեցնենք, որ մոտ տասը տարի առաջ՝ Տիգրան Սարգսյանի օրոք, երբ որոշվեց կառավարության նիստերն անցկացնել դռնբաց, լրիվ հակառակ տրամաբանությամբ էին հիմնավորում՝ որ դռնբաց նիստը ժողովրդավարական քայլ է։ Հիմա, պարզվում է, դեմոկրատական է դրանք բաց անցկացնելը, քանի որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ:
Սակայն իրականում այս ամենն ընդամենը լրատվամիջոցներին վերահսկելու նպատակ է հետապնդում, որպեսզի իրենց համար ոչ ցանկալի տեղեկատվությունը չդառնա հանրության քննարկման առարկա: Այժմ ամբողջ տեղեկատվությունը, տեղեկատվական հոսքերը նրանք վերահսկում են, որպեսզի լրագրողները ստիպված լինեն ներկայացնել այն, ինչ պետք է իշխանություններին, այլ ոչ թե այն, ինչ հետաքրքիր է: Ճիշտ եւ ճիշտ խորհրդային ժամանակների նման: Օրինակ` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ կետը սահմանում է. ««Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»: Իսկ նույն հոդվածի 17-րդ կետն ասում է՝ «Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին»: Բնական է, որ վարչապետը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը, թույլ կտա հրապարակել միայն իր համար ցանկալի տեղեկատվությունը:
Հավելենք, որ դեռեւս վերջնականապես չի սահմանվել եւ կանոնակարգվել, թե առաջիկայում ինչպես են աշխատելու լրատվամիջոցները կառավարության նիստերի ժամանակ: Դեռեւս երեկ հնարավորություն եղել է տեսանյութերով տեղեկանալ Կարեն Կարապետյանի տված հանձնարարականների մասին, սակայն դեռեւս հստակ չէ՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո աշխատանքն ինչպիսին է լինելու: Ինչպես երեկ նշեց Դավիթ Հարությունյանը, թող նոր վարչապետը գա, կորոշենք: Այսինքն` ամեն ինչ կրկին կախված է մեկ անձից՝ Սերժ Սարգսյանից, եւ հաշվի առնելով նրա վերաբերմունքը լրատվամիջոցների հանդեպ` լավ բան հուսալ պետք չէ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՅԱՑԵԼ Է
Դատարանը մեղմ գտնվեց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Շամախյան տեղամասի «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցի միջադեպի մեղավորների նկատմամբ: Հիշեցնենք` Դիլիջանի բնակիչներ Մհեր Ալիխանյանը, Ժորա Մնացականյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գուրգեն Մնացականյանը, Արամ Ղուկասյանը 2017թ. հոկտեմբերի 13-ին «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցում իրենց դժգոհություն են արտահայտել դրա տեղադրման առթիվ, ապա Ա. Ղուկասյանը քաշել է տեղում պահնորդական ծառայություն իրականացնող Ռուբեն Օհանյանի օձիքից` պահանջելով հեռանալ: Ռ. Օհանյանը վիճաբանությունից խուսափելու համար դուրս է եկել վագոն-տնակից, իսկ Գ. Մնացականյանը եւ Վ. Հակոբյանը վագոն-տնակի հետնամասից տեղափոխել եւ մուտքի դռնից ներս են գցել այրվող եռաշերտ ֆաներան` հրկիզելով «Պանտերա Սեքյուրիթիի» վագոն-տնակը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 258 հոդվածով: Մ. Ալիխանյանի խափանման միջոցը ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, մնացածներինը` գրավը: Կայացել է արագացված դատաքննություն: Դատարանը պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել Ա. Ղուկասյանի խնամքին 2 անչափահաս երեխայի առկայությունը, որ նա նախկինում արատավորված չի եղել, Վ. Հակոբյանի անչափահաս երեխայի եւ կենսաթոշակառու պապի առկայությունը, ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի կողմից բանակ-հասարակություն կապերի ամրապնդման համար նրան տրված պատվոգիրը: 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դատարանին միջնորդել է հնարավորության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել: Դատարանը մեղմացնող հանգամանքներ է դիտել Գ. Մնացականյանի անչափահաս 2 երեխայի, չաշխատող կնոջ առկայությունը, որ նա նախկինում արատավորված չի եղել, Մ. Ալիխանյանի անչափահաս 3 երեխայի, թոշակառու տատի, չաշխատող մոր եւ կնոջ առկայությունը, որ նա նախկինում արատավորված չի եղել եւ այլն: Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները կամովին հատուցել են «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ին պատճառված նյութական վնասը: Ապրիլի 5-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի` հաշվի առնելով մինչեւ դատական քննությունը կալանքի տակ գտնվելու 59 օր ժամկետը` նրան դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի, Վ. Հակոբյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 4 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու 2 ամիս եւ 11 օր ժամկետը` նրան թողնելու կրելու ազատազրկում 1 ամիս եւ 19 օր ժամկետով, Գ. Մնացականյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 4 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու 1 ամիս եւ 28 օր ժամկետը` նրան թողնելու կրելու ազատազրկում 2 ամիս եւ 2 օր ժամկետով, Մ. Ալիխանյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի, հաշվի առնելով մինչեւ դատական քննությունը կալանքի տակ գտնվելու 3 օր ժամկետը` նրան դատապարտել 390 հազար դրամի չափով տուգանքի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾ` ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է վստահվելու մի քանի հարյուր միլիոնանոց աշխատանք: Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման հիմնադրամին ընթացիկ տարում կհատկացնի 550 մլն դրամ: Իսկ ահա բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահվել է Երեւանի քաղաքապետարանին: Բայց մի պայմանով, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից այս նպատակով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինումն ու դրա կատարման հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն տարածքային կառավարման եւ զարգացման, ֆինանսների նախարարություններ: Ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհահատվածը ճարտարապետաէսթետիկական տեսանկյունից գտնվում է ոչ բարվոք վիճակում, ինչը բացասական ազդեցություն է թողնում զբոսաշրջային այցերի առումով: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ճանապարհահատվածը բարեկարգելու հանձնարարական տվել էր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մարտի 1-ի նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մշակվել են «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման եւ դիզայներական ձեւավորման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ըստ դրանց` ընդհանուր աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 812 մլն դրամ, որն իր մեջ ներառում է նաեւ տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունները:
Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի միլիարդավոր դրամներ է ծախսում ճանապարհների ասֆալտապատման համար: Բայց մեկ տարի անց դրա նախորդ տարվա ասֆալտապատված փողոցները կրկին «նորոգվում են»: Չէ՞ որ ասֆալտապատման ծրագրերից «ատկատի» ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները, իսկ փողոցներում փռված ասֆալտն արագ քայքայվում է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս