ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ չափազանց անկեղծ էր: Այնքան անկեղծ, որ խոստովանել է շատ կարեւոր իրողություն. խոստովանել է փաստեր, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էր ընդդիմությունը:
Եւ այսպես` խոսելով համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «Ստեղծվել են լավ նախադրյալներ բոլոր ուղղություններով առաջընթացի համար, այդ թվում` արտաքին քաղաքականության, որովհետեւ կարծում եմ՝ այսօր Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում»: Իսկ հարցին, թե կատարվածից հետո ի՞նչ է փոխվելու արտաքին քաղաքականության առումով, նա արձագանքել է. «Հիմնականում ամեն ինչ պահպանվում է, բայց կա մի շեշտադրում, որը կարեւոր է, ավելի արժանապատիվ: Այ, դա ես արձանագրում եմ: Այսինքն` ընդհանուր առմամբ պահպանվում է արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը, բայց կա մի գիծ, որ նա պետք է լինի ավելի արժանապատիվ, ավելի հետամուտ լինի, որպեսզի բոլոր հարաբերություններում լինի ե՛ւ հավասարություն, ե՛ւ մեր շահերի առաջ մղում, թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ բազմակողմ ֆորմատներում»:
Շավարշ Քոչարյանի խոսքերում որեւէ նորություն չկա: Տարիներ շարունակ Հայաստանի հետ արտաքին քաղաքական ճակատում վաղուց հաշվի չէին նստում, եւ այդ մասին խոսվել է մշտապես: Իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները` փորձելով հակառակ տպավորություն ստեղծել: Մինչդեռ հիմա ԱԳ փոխնախարարը խոստովանում է այդ մասին, իհարկե, բավական մեղմ երանգավորմամբ:
Ստեղծված իրավիճակի պատճառներն, իհարկե, ակնհայտ են` տասը տարի շարունակ Սերժ Սարգսյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, միաժամանակ նաեւ իշխանության լեգիտիմության բացակայությունը: Պատահական չէ, որ երեկ Քոչարյանն իր խոսքերում շեշտել է արտաքին քաղաքականության բնագավառում ոչ միայն հավասարակշռված, այլեւ «արժանապատիվ» մոտեցման մասին: Ասել է, թե «արժանապատիվ» մոտեցումը հենց այն է, ինչը տարիներ շարունակ «պակասել է» Հայաստանին, եւ ինչի պատճառով Հայաստանի հետ արտաքին քաղաքական ճակատում հաշվի չեն նստել:
Հիմա ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, եւ նոր վաչապետն իր կաբինետով հնարավորություն ունի աշխարհին ներկայանալ նոր իմիջով, ըստ այդմ` վարել արժանապատիվ քաղաքականություն` թիկունքում ունենալով համաժողովրդական աջակցություն, թիկունքում ունենալով Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներ: