Ռուսական «Code de Vino» ամսագրի ամբողջ համարը նվիրված է Հայաստանի գինեգործական հնագույն ավանդույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 27-ին Երևանում կայացել է ռուսալեզու ամսագրի շնորհանդեսը, որի շապիկին գինեգործ Վահե Քեոշգերյանն է՝ «Հայաստանի գինու նախագահը»: Վերջինս կարևորել է ռուսական ամսագրի անձնակազմի կատարած լայնածավալ աշխատանքը, որում անդրադարձ է կատարվել ոչ միայն արդեն կայացած գինեգործական ընկերություններին, այլև տնային պայմաններում գինի պատրաստողներին:
«Code de Vino» ամսագրի հրատարակիչ Օլեգ Չերնեի խոսքով՝ Հայաստանն առաջին երկիրն է, որին նվիրվել է ամսագրի ամբողջ համարը: «Այստեղ գինին շատ բնական է, կարևորը ձեր գինու բնականությունը չկորցնելն ու հայկական բացառիկ գինիների համը գնահատելն է»,-ասել է ամսագրի հրատարակիչը՝ հավելելով, որ Հայաստանն իրենց զարմացրել է, ինչպես հնագիտական պեղումներն են զարմացնում:
«Նրանց համար, ովքեր ծանոթանում են հայկական գինիներին, բացահայտում է դառնում գրեթե ամեն ինչ՝ սկսած խաղողի հնագույն յուրահատուկ սորտերից, որոնք աճում են միայն այստեղ՝ ավարտած երկրի լավագույն գինիների որակով՝ ստեղծված ավանդական ոճով, բայց ժամանակակից էլեգանտությամբ: Դրանում է Հայաստանի ողջ գաղտնիքը՝ այն և շատ հին է, և շատ երիտասարդ, ուժեղ երկիր է՝ պատրաստ ստեղծել ինչ-որ նոր ու որակյալ բան՝ հենարան ունենալով ավանդույթները։ Ասում են կարող ես մի անգամ գալ Հայաստան, բայց հեռանալ արդեն չես կարող՝ ձեր սիրո մասնիկը անկասկած մնում է այստեղ ՝այն առանձնահատուկ գեղեցկության միջավայրում»,-ասված է ամսագրի խմբագրի խոսքում:
10 հազար օրինակով հրատարակված ամսագիրը վաճառքի ենթակա չէ, այն տարբեր եղանակներով կտարածվի բոլոր շահագրգիռ խմբերի շրջանում: Էլեկտրոնային եղանակով հասանելի է նաև ամսագրի անգլերեն տարբերակը։