Նիկոլ Փաշինյանը փորձառու և սկզբունքային քաղաքական գործիչ է. Արցախի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի տնտեսական վիճակի, հակամարտության կարգավորման, ՀՀ նոր վարչապետի հետ աշխատանքի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Արցախի տնտեսական վիճակն այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում։

-Արցախի տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատում եմ կայուն զարգացող, քանի որ հատկապես գյուղատնտեսության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և տնտեսության մյուս ճյուղերի շնորհիվ մենք այս տարի բյուջետային զգալի լրացուցիչ մուտքեր ենք ապահովել։ Մասնավորապես` առաջին եռամսյակի արդյունքներով ունենք 16.1% տնտեսական աճ, իսկ չորս ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 23.1%։ Մեր կանխատեսումներով` ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը պահպանվելու են մինչև տարեվերջ, և պետական բյուջեով նախատեսված բոլոր սոցիալական և մյուս ծրագրերը, ըստ ժամանակացույցի, ստանալու են համապատասխան ֆինանսավորում։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև, որ մասնավոր հատվածի հետ տարեսկզբին ունեցած մեր բոլոր ներդրումային պայմանավորվածությունները պահպանվել են։

-Պարբերաբար խոսվում է այն մասին, որ Արցախը պետք է որպես բանակցային կողմ ներգրավվի ԼՂ հակամարտության հարցով բանակցություններում։ Այս պահին արդյոք տեսնո՞ւմ եք դրա հնարավորությունը։

-Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մայիսին` Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։ Սակայն այս պահին որևէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում արված հայտարարությունները` կապված ղարաբաղյան խնդրի հետ, Ձեզ համար ընդունելի՞ են։

-Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ես գնահատում եմ որպես հայության արդար պահանջի ճանաչման, իսկ քաղաքական առումով՝ առկա իրողությունների հետ հաշվի նստելու՝ միջազգային հանրությանն ուղղված կոչ։ Անցած տարիների ընթացքում բազմիցս միջազգային դիտորդների, կազմակերպությունների, քաղաքական ուժերի և մի շարք պետությունների միութենական ու դաշնային իշխանությունների կողմից հաստատվել է, որ ինքնիշխան Արցախի Հանրապետությունն իր բոլոր ժողովրդավարական ինստիտուտներով վաղուց կայացած իրողություն է։ Այս տեսակետից ողջունելի է ՀՀ վարչապետի կողմից ուղիղ երկխոսության առաջարկը, որն Ադրբեջանի կողմից ընդունվելու դեպքում կնպաստի հիմնախնդրի հանգուցալուծմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Սակայն ինչպես տեսանք, դրան հետևեց Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանը դեռևս որևէ կերպ պատրաստ չեն։

-Իսկ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մայիսի 17-ին նշել է, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն։ Հայաստանը ներքաշված կողմ է։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։

-Վստահաբար կարող եմ ասել, որ անգնահատելի է Հայաստանի Հանրապետության դերակատարությունը խաղաղության պահպանման, մասնավորապես՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների զսպման եւ, ընդհանրապես, հիմնախնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ձեւավորման գործում։

-Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ տեղի ունեցան։ Այն ոգեւորություն էր առաջացրել ՀՀ-ում, իսկ Արցախում ինչպե՞ս ընդունվեց:

-Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ ներքաղաքական կյանքում, մեծ ոգեւորություն է առաջացրել ինչպես հայության, այնպես էլ միջազգային հանրության շրջանում: Այդ տեսանկյունից այս պահին ամենակարևոր հանգամանքը Հայաստանի ավելի լավ ապագայի հանդեպ լավատեսության և հավատի մեծ պաշարի առկայությունն է հայ ժողովրդի մոտ: Մենք իսկապես շարժվում ենք նոր Հայաստան կերտելու ճանապարհով, որտեղ առավել քան երբևէ պետք է բարձր գնահատվեն ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Սակայն պետք է փաստել, որ դա այնքան էլ հեշտ և կարճ ճամփա չէ, պարզապես վերջին գործընթացներն ապահովեցին խոստումնալից առաջընթացը: Եթե զարգացումներն ընթանան բոլորիս դրական սպասումներին համապատասխան, ապա համարձակորեն կարող ենք ասել, որ դրանից կշահի հայության միասնական հայրենիքը՝ ներառյալ Արցախը: Այստեղ վճռորոշ դերը ՀՀ քաղաքացիներինն է, և նրանց կամքը պետք է ընդունելի լինի ողջ հայության համար:

-Ի՞նչ եք մտածում Նիկոլ Փաշինյանի մասին` որպես քաղաքական գործչի, և արդյոք պատրա՞ստ եք համագործակցել նրա հետ։

-Նիկոլ Փաշինյանը փորձառու և սկզբունքային քաղաքական գործիչ է, և այդ մասին ես արդեն առիթ եմ ունեցել խոսելու մամուլում: Մեր առաջին լուրջ շփումը եղել է ապրիլյան պատերազմի օրերին, երբ նա իր թիմով գտնվում էր Արցախում: Հետագայում, արդեն որպես ընդդիմադիր պատգամավոր, մի խումբ այլ հասարակական-քաղաքական գործիչների հետ մենք նրան հրավիրեցինք Արցախ հավաքագրված ֆինանսական միջոցներով առաջնագծում կատարված աշխատանքները ներկայացնելու: Այսինքն` Նիկոլ Փաշինյան հանրային գործչի նկատմամբ մեր վստահությունը տարիների պատմություն ունի: Չեմ կարող հարգանքս չնշել նաև նրա որդու այն որոշման առթիվ, որ ինքը պետք է Արցախում անցկացնի պարտադիր ժամկետային զինծառայությունը: Դա, իհարկե, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի տված դաստիարակության արդյունք է: Իսկ համագործակցության առումով ընդամենը կարող եմ ասել, որ մենք միշտ պատրաստ ենք ՀՀ ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ շարունակել ծառայել մեր ժողովրդին և միասնական հայրենիքին։

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս