Հունիսի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, հանդիպում ունեցավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Արմեն Աշոտյանի հրավերով հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
Նախարար Մնացականյանը պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները՝ շեշետելով դրանց շարունակական բնույթը։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։
Հանդիպմանը նախարար Մնացականյանը պատասխանեց արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, ԱԳՆ գործունեությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։