Բուժում ստացող զինվորները կարող են աշխատանքի տեղավորվել և մասնագիտություններ ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրոստան-Ույուտ» ընկերությունը, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հնչեցրած մտահոգությանը՝ Կենտրոնում բուժվող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտնում է, որ «Եվրոստան-Ույուտ» կազմակերպությունը պատրաստ է օժանդակել բուժում ստացող զինվորներին շինարարական և ճարտարագիտական ոլորտների ժամանակակից և պահանջված մասնագիտությունների ձեռքբերման, իսկ հետո նաև աշխատանքի տեղավորման հարցում:

Կազմակերպությունը Վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների համար կիրականացնի 3ds Max, AutoCAD, Photoshop համակարգչային ծրագրերի եռամսյա ուսուցում, կկազմակերպի արտադրական պրակտիկա կահույքի արտադրության, այլումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության, ապակու մշակման, կոփման ոլորտներում: Արտադրական պրակտիկայի կազմակերպումը մասնագետ կադրերի գործնական պատրաստման կարևորագույն փուլերից է: Պարտադիր ծրագրերից բացի նախագծի մասնակիցները ձեռք կբերեն աշխատանքի ինքնաներկայացման, CV-ի կազման հմտություններ, աշխատանքի ընդունման նպատակով անցկացվող հարցազրույցների մասնակցության տեխնիկաներ, ինչպես նաև կծանոթանան խոշոր կազմակերպություններում կառավարչական գործընթացներում փաստաթղթերի ընթացակարգերի առանձնահատկություններին:

«Եվրոստան-Ույուտ» ընկերության թիմն արդեն հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկել են նախաձեռնության մանրամասներն ու հետագա անելիքները:

«Եվրոստան-Ույուտ» կազմակերպությունը հայաստանյան պետական և մասնավոր ընկերություններին կոչ է անում միանալ այս անհրաժեշտ և պատվաբեր նախաձեռնությանը՝ միասնական ու արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով: Նախաձեռնության ընթացքի մասին կարող եք տեղեկանալ հետևելով մեր էջի նորություններին և ԶԼՄ-ի հրապարակումներին: Առաջարկների և տեղեկատվության համար կարող եք կապվել «Եվրոստան Ույուտ» ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին:




Լրահոս