Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ժամանել է ցուցարարների մոտ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պետնախարարը նախ ողջունել է ակցիայի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր: Նրա խոսքով՝ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ:
«Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու թերություններ են լինում: Կոնկրետ առկա դժգոհությունները իմ համոզմամբ միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ մեր երկրում առկա են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական բոլոր հրատապ խնդիրների հնարավորինս օպերատիվ լուծման համար»,- ասել է Ա. Հարությունյանը: Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բողոքի ակցիայի հեղինակների հետ տեղում Ա. Հարությունյանն առանձին քննարկել է հիմնական պահանջները՝ նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին պատժելու և ուժային մի շարք կառույցների ղեկավարների ու առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականի հարցերը:
Պետնախարարը նշել է, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները, առանց բացառության, արդեն կալանավորված են, իսկ ուժային կառույցներում պաշտոնանկությունների պահանջը պատրաստ են հանրապետության նախագահի մոտ քննարկելու և բավարար լուծումներ գտնելու: Որոշվել է նախաձեռնող խմբից 5-6 հոգանոց պատվիրակություն կազմել և մինչև օրվա վերջ հանդիպումը շարունակել նախագահ Բակո Սահակյանի մոտ: Նշենք, որ ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը և սպասում են նախագահի հետ հանդիպման արդյունքներին:
«Ես ուզում եմ ձեզ բոլորիդ կոչ անել առաջին հերթին հանգստություն, եւ ուզում եմ չմտածեք, որ մեր երկրում հնարավոր է «չուզոյ» կամ «սվոյ», պետականամետ կամ հակառակը, որովհետեւ րոպեններ կամ ժամեր հետո մենք պարտավոր ենք լինել մի հարթակում, եւ մի ուղղությամբ, գիտեք` դա որն է», – ասել է պետնախարարը: