ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին, հայտարարել, թե մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին: «Մեզ համար կարեւորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը»,-ասել է Բաբլոյանը:
Երբ խնդիրները լուծելու ժողովրդավարական ուղու մասին խոսում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները, միանգամայն հասկանալի է: Ի վերջո, հենց նրանք կարողացան Հայաստանում «թավշյա» հեղափոխություն իրականացնել, ինչն էլ պայմաններ է ստեղծել երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: Ըստ այդմ` այսօր կարող են ի տես աշխարհի «գլուխ գովել»:
Բայց երբ ՀՀԿ ներկայացուցիչներն են նման թեմաներից խոսում` ներկայացնելով այն որպես մեծագույն ձեռքբերում, մեղմ ասած, ծիծաղելի է: Սա թեկուզ այն պատճառով, որ հենց ՀՀԿ-ի դեմ էր ուղղված «թավշյա» հեղափոխությունը, եւ ՀՀԿ-ն էր ամեն գնով դիմադրում դրան: Բացի այդ, այս կուսակցությունը, քսան տարի շարունակ լինելով Հայաստանի իշխանության ղեկին, այդ ընթացքում ամեն կերպ ոտնահարել է ժողովրդավարական արժեքները, ընթացել խնդիրները լուծելու ոչ ժողովրդավարական ուղիով՝ վտանգելով պետության անվտանգությունը: Դե իսկ ՀՀԿ իշխանության տարիներին հանրության բերեկեցության ապահովման մասին խոսելն աբսուրդի ժանրից է. ընդհակառակը, նրանց օրոք աղքատությունը գնալով միայն խորացել է, արտագաղթն ավելացել: Երկու տասնամյակ շարունակ ՀՀԿ-ն է եղել Հայաստանում ժողովրդավարության հիմնական արգելակող ուժը` դրանով իսկ վտանգելով պետության անվտանգությունը:
Իսկ եթե ՀՀԿ-ականները հայտարարելով՝ «մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին»` նկատի ունեն այն, որ համաժողովրդական շարժման օրերին իրենց իշխանությունը բռնի ուժ չկիրառեց, նոր «մարտի մեկ» չիրականացրեց` գերադասելով խաղաղ ճանապարհով հեռանալը, ապա այլ բան չի մնում, քան հակադարձել հայտնի անձնավորության խոսքերով. «Իյա, իրո՞ք»: Իսկ, ի՞նչ է, ՀՀԿ-ականներն այլընտրանք ունեին: Իհարկե ո՛չ: Եթե ունենային այլընտրանք, ապա վայրկյան անգամ չէին տատանվի դիմելու կտրուկ գործողությունների, միայն թե մեկ օր անգամ երկարաձգեին իշխանավարումը: