Կառավարության հունիսի 1-ի նիստում գործադիրը հաստատեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառույցի ծրագիրը, եւ այն խորհրդարանում կքննարկվի հունիսի 7-ին: Մինչ այդ ՀՀԿ խմբակցության անդամները տարբեր զրույցներում նշում էին, թե հակված չեն խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության աշխատանքը եւ, ըստ այդմ, գործադիրի ներկայացրած ծրագրին արհեստականորեն դեմ քվեարկելու հիմքեր չեն տեսնում: Այլ կերպ ասած` նրանք հակված էին կողմ քվեարկել ծրագրին, ընդունել տալ եւ թողնել, որ Նիկոլ Փաշինյանի թիմն աշխատի:
Սակայն հիմա այդպիսի հայտարարություններ անողները կանգնել են փակուղու առջեւ: Բանն այն է, որ կառավարության ծրագրում մեկ ամբողջ գլուխ նվիրված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Մասնավորապես, թվարկված են այն մեխանիզմները, որոնց կատարելու դեպքում միայն հնարավոր կլինի իրականացնել ընտրություններ: Ընդ որում` ծրագրում նաեւ ժամկետ է մատնանշված եւ ընդգծված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Մինչ այդ, սակայն, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ծրագրում են քննարկումների արդյունքում հրաժարվել ռեյտինգային համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու եղանակով եւ այլն:
Եվ հիմա ՀՀԿ-ն փակուղու առջեւ է կանգնել, քանի որ ե՛ւ ծրագիրն ընդունելու, ե՛ւ չընդունելու դեպքում էլ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, պարզապես ժամկետներն են տարբեր: Եթե ծրագիրն ընդունվի, նվազագույնը մինչեւ այս տարվա վերջ դեռեւս կայուն դիրքերում մնալու ջիգեր գործադրող ՀՀԿ-ն կարող է շունչ քաշել, իսկ ահա տապալման դեպքում ընտրություններն ավելի շուտ կլինեն: Սահմանադրության համաձայն` կառավարության ծրագիրը չընդունելու դեպքում պետք է կրկին տեղի ունենա վարչապետի ընտրություն, եւ երկու անգամ այն տապալելուց հետո, կամ ծրագիրը եւս մեկ անգամ չընդունելուց հետո խորհրդարանը լուծարվելու է, եւ առավելագույնը 45 օր անց տեղի են ունենալու ընտրություններ: Իսկ այդ ընթացքում սեփական թեկնածուով հանդես գալու ռիսկին նրանք չեն դիմի:
Եվ այդ պարագայում նրանց որպես այլընտրանք մնում է կառավարության ծրագիրն ընդունելն ու ընտրությունները որքան հնարավոր է ուշ անցկացնելը: Պատահական չէ, որ դեռեւս օրեր առաջ` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, թե իրենք պատրաստ են քննարկումներ անցկանցել Ընտրական օրենսգրքի շուրջ:
Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները եւս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել եւ այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ խմբակցության նիստում քննարկում են՝ ինչպիսի դիրքորոշում արտահայտեն ծրագրի շուրջ: Ընդ որում` մեր տեղեկություններով` կարծիքները ներսում տարբեր են: Մի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թեւն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն: Եվ մեր տեղեկություններով` այդ այլընտրանքը կրկին լինելու է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու քվեարկության պես: Այսինքն` կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաեւ ժողովրդի թեկնածուին, եւ այս պարագայում բուն ՀՀԿ-ն կրկին «մաքուր» դուրս կգա՝ ասելով, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը: Եվ պատահական չէ, որ երեկ արմատական ՀՀԿ-ականները խուսափում էին կարծիք ասել ծրագրի մասին՝ կոչ անելով սպասել բուն քննարկումներին:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն ամբողջությամբ ընթերցել է կառավարության ծրագիրը եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միան առկա են ոգեւորություններ: Ընդ որում` Բաղդասարյանի խոսքով` ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաեւ կառավարության նախորդ ծրագրում: Միեւնույն ժամանակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կրկին հայտարարեց, թե իրենք հնարավոր արտահետթ ընտրությունների առումով որեւէ քննարկումից չեն հրաժարվում եւ առաջարկի դեպքում պատրաստ են մասնակցել դրանց:
Նկատենք, որ կառավարության ծրագրում թվային տվյալներ եւ այդ առումով ծրագրեր արտացոլված չեն: Իհարկե, սա հասկանալի է, քանի որ խոսքը ժամանակավոր կառավարության մասին է, որի հիմնական ցանկությունն արտահերթ ընտրությունների գնալն է: Միեւնույն ժամանակ հենց այս հանգամանքը կարող է պատճառ հանդիսանալ ՀՀԿ-ի քննադատության: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ ասել, թե ինչու են կառավարության ծրագրից բացակայում թվային տվյալները: «Ամեն մի ծրագիր նախորդ ծրագրից մեծ հավանականությամբ տարբերվում է: Ուղենիշներ կան, բայց թվեր չկան, եւ դրան պետք է վերաբերվել հենց այդպես, որ թվեր չկան: Քանի որ չկա որեւէ պահանջ, որը կարգավորված է որեւէ մի ակտով, եւ պետք է որեւէ ծրագիր դրան համապատասխանի, ապա այստեղ խնդիր չկա», – նշեց Ջանջուղազյանը:
Հավելենք, որ մեր տեղեկություններով` կառավարության ծրագիրը հիմնականում գրվել է ՔՊ-ականների` մասնավորապես առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից: Իհարկե, ծրագրի շուրջ քննարկումներ եղել են թե՛ ՀՅԴ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում, սակայն նրանց մասնակցությունն այնքան էլ մեծ չի եղել: Սակայն մինչ հնարավոր արտահերթ ընտրությունները ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստելու: Բանն այն է, որ նույն կառավարության ծրագրում առկա կետերը եւ փոփոխություններն իրականացնելը ժամանակ է պահանջում, եւ այդ ամենն այնքան էլ հեշտ չէ: Ի վերջո, Ընտրական օրենսգիրքը փոփոխելուց հետո պետք է հավանության արժանանա Վենետիկի հանձնաժողովի կողմից, եւ միջազգային պրակտիկայում էլ ընդունված է, որ նման դեպքերում ընտրություններ կարող են անցկացվել նվազագույնը վեց ամիս անց միայն: Իսկ մինչ այդ էլ ՀՀԿ-ն կմնա իր բուն կազմով եւ, թերեւս, պատրաստ հնարավոր արտահերթ ընտրությունների:
Նաիրա Հովհաննիսյան