Ինչով է զբաղվում Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը, և ինչ արտոնություն տվեց կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունն այսօր քննարկվեց «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգելու մասին հարցը: Այս մասին որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ այդմ` նախատեսվում է Հայաստանի կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչեւ 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարի ժամկետով: Ի դեպ, տեղեկացնենք, որ «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Այս ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը խոստանում է կատարել ընդհանուր շուրջ 2,25 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: «ՎԱԲԱ»-ն հիմնադրվել է 2002 թվականին, զբաղվում է նաեւ կահույքի արտադրությամբ։ «Վաբա» ընկերությանն է պատկանում Վանաձորում գտնվող «Վերնատուն» ռեստորանային համալիրը։ Բացի այս, նշված ընկերությունը մասնակցել է նաեւ պետական գնումների գործընթացին, ինչպես նաեւ ժամանակին մասնակցել է պաշտպանության նախարարության կողմից հայտարարված տավարի մսի գնման մրցույթին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՎԱԲԱ»-ն կահույք է մատակարարել նաեւ մարզերի դպրոցներին, մանկապարտեզներին:

Ի դեպ, իրենց ընդդիմադիր հռչակած ՀՀԿ-ականները շատ են սիրում խոսել նոր կառավարության կողմից իրեն նկատմամբ քաղաքական ռեպրեսիաների մասին: Բայց, փաստորեն, իրականությունը միանգամայն այլ է. կառավարությունն արտոնություններ է տալիս ընդդիմադիրների բիզնեսին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս