Եթե երկու ամիս առաջ որեւէ մեկը ՀՀԿ-ականներին ասեր, որ մի քանի օրերի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դառնալու է ՀՀ վարչապետ` հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, նրանք առնվազն կծիծաղեին այդ մտքից: Սակայն փաստը մնում է փաստ, որ Փաշինյանին հաջողվեց իշխանությունից զրկել 20 տարի շարունակ այդ ղեկին կանգնած Հանրապետականին: Իսկ շարժման առաջին օրերին բազմաթիվ ՀՀԿ-ականներ նշում էին, թե այնքան էլ շատ մարդ հավաքված չէ հրապարակում, եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջնելն էլ կեղծ օրակարգ է: Հիմա արդեն ՀՀԿ-ն սկսել է քննարկել հարցը, թե ինչու այդպես ստացվեց, որ հասարակության մի ստվար հատված որոշեց պահանջել Սարգսյանի հրաժարականն ու ՀՀԿ-ի` իշխանությունից հեռացումը: Արդյոք կուսակցությունում արդեն վերլուծե՞լ են, թե որոնք են եղել հիմնական սխալներն, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Պարոն Բաղդասարյան, Հանրապետականի ներսում Դուք վերլուծե՞լ եք, թե որ սխալները, թերացումները բերեցին նրան, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց` մերժելով Ձեր կուսակցությանը եւ առաջնահերթ նրա ղեկավարին:
-Դե ուրեմն կային դրդապատճառներ, հակառակ դեպքում չէր լինի իշխանափոխություն: Եղել են բացթողումներ, բնականաբար: Եթե չլինեին բացթողումներ, այս իրավիճակը չէր լինի: Մենք քննարկում ենք եւ, բնականաբար, այդ սխալների, բացթողումների վրա պետք է կերտենք մեր ապագա գործունեությունը: Առանց վերլուծության մենք չենք կարող ունենալ շարունակություն: Բնականաբար, պետք է վերլուծենք, որպեսզի քաղաքական ուժն իմանա իր գործունեությունն ապագայում:
-Ըստ Ձեզ` որո՞նք են եղել հիմնական սխալներն ու թերացումները:
-Մենք այդ մասին կխոսենք ավելի ուշ, քանի որ դեռ քննարկումների փուլում ենք: Պետք չէ կիսատ-պռատ բաներ ասել: Բավական վերլուծության անհրաժեշտություն կա: Եվ մենք պետք է բավական լուրջ վերլուծության ենթարկենք նաեւ վերջին 10 տարիների մեր աշխատանքը եւ իրոք պետք է անենք եզրահանգումներ: Դրա համար շատ շտապ ես չեմ կարող նման հարցերի պատասխանել:
-Կառավարության կողմից նշվում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Իսկ ՀՀԿ-ն նախընտրում է դեռ քննարկել այդ հարցը:
-Դուք հետեւեք հետագա գործընթացներին: Բնականաբար, Ընտրական օրենսգրքի մասին է խոսքը, մենք ԸՕ բարեփոխումների հետ կապված մեր համաձայնությունը տվել ենք: Եվ այդ ձեւաչափով կանենք քննարկումներ: Իսկ ԸՕ մշակումից հետո եթե անհրաժեշտություն լինի, նոր կխոսենք արտահերթ ընտրությունների մասին:
-Որոշ ուժեր արդեն հայտարարում են արտահերթ ընտրություններում իրենց ակնկալիքների մասին: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքից նշում են, որ հավակնում են 50+1 ձայների: ՀՀԿ-ում ի՞նչ ակնկալիքներ կան:
-Երբ պարզ կլինի ընտրությունների ժամկետները… Մենք առայժմ արտահերթ ընտրությունների հիմքեր չենք տեսնում: Երբ պարզ կլինի, մենք կխոսենք այդ մասին: Նախօրոք ինչ-որ եզրակացություններով, հավակնություններով ընտրություններից մի քանի տարի առաջ կողմնակից չեմ այդ մասին խոսելու: Քաղաքական զարգացումներին պետք է հետեւենք մենք:
-Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, այդ փաստն ամբողջ հանրապետությունում դարձավ համազգային տոնախմբության առիթ:
-Ամբողջ հանրապետությունը 3 մլն ժողովուրդ է…
-Մեծամասնության կողմից փողոցներում ուրախ բացականչությունները, բարձր տրամադրությունը հնարավոր չէր չնկատել:
-Եթե Դուք համեմատեք` տներում ինչ էր կատարվում եւ փողոցներում, արդեն կխոսենք այդ համեմատության մասին: Բնականաբար, ես արդեն նշեցի, որ կան բացթողումներ, եւ դրանց հետ կապված մենք պետք է եզրահանգումներ անենք:
-Դուք այս փուլում հասարակության վստահությունը վերականգնելու խնդիր տեսնո՞ւմ եք:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ շարունակություն ունենալու համար պետք է ունենա հասարակության վստահությունը:
-Ինչպես տեսանք, գործարար-պատգամավորների մեծ մասը դուրս եկավ Ձեր խմբակցությունից:
-Ինքնամաքրման գործընթաց է: Բնականաբար, կազուս էր. իշխանություն չունեցող քաղաքական ուժը մեծամասնություն էր: Շատ նորմալ եմ համարում, եւ գաղափարական թեւը, ընտրությանը պատրաստ թեւը պետք է մնա ընդդիմության դաշտում:
-Այսինքն` գործարարները կխանգարե՞ն Ձեզ այս պահին` որպես ընդդիմադիր ուժ:
-Դե դա իրենց որոշումն էր: Մենք ասել ենք, որ որեւէ մեկից կառչած չենք, եւ իրենք են որոշում կայացնում:
ՍՓՅՈՒՌՔԻՆ ՈՐՊԵՍ ՓՈՂԻ ՄԻՋՈՑ ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ
Սփյուռքի նախարարությունում հայտնաբերված հնարավոր չարաշահումների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ:
-Պարոն Հայրապետյան, բավական շահարկվում է, որ նոր նախարարների մեծ մասը երիտասարդ են, փորձ չունեն, նաեւ շատ երկար ընդմիջումներ են անում, իրենց ընկերների հետ են ժամանակ անցկացնում, ոչ թե զբաղվում գործով:
-Ես ուղղակի չգիտեմ` դա ում է վերաբերում: Եթե ինձ է վերաբերում, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Իմ դեպքում աշխատանքն առավոտյան 8-ից մինչեւ ուշ գիշեր է: Չէի ցանկանա մյուսների մասով անդրադառնալ, բայց վստահ եմ, որ կառավարությունը շատ պրոդուկտիվ լծված է աշխատանքներին: Կարող եք գալ, հետեւել մեր աշխատանքային գործընթացին եւ ինքներդ համոզվել: Հատկապես այդ շրջանում, որ մենք ծրագրերի նախապատրաստական փուլում էինք, իմ աշխատակիցներն` ի պատիվ իրենց, 18.00-ից հետո 1, 2, նույնիսկ 3 ժամ մնում են մեզ հետ, աշխատում:
-Հենց Ձեզ հետ կապված է ասվում, որ Սփյուռքի նախարարի մոտ այնքան էլ աշխատանքային մթնոլորտ չի տիրում:
-Իմ աշխատասենյակի լույսը Դուք միշտ վառ կտեսնեք, եւ այնտեղ մենք աշխատում ենք: Բայց ինձ համար հասկանալի պատճառներով գուցե կլինեն մարդիկ, որոնք ընդհակառակը, կջղաձգվեն մեր շատ ակտիվ ու բուռն աշխատանքից: Մենք հիմա այն փուլում ենք, որ խոսում ենք կոռուպցիոն ռիսկերից, եւ բավական վճռական ենք տրամադրված: Պետք է ըմբռնումով մոտենալ այն մարդկանց, ում շահերից չի բխում մեր բուռն գործունեությունը:
-Տեղյակ ենք, որ Սփյուռքի տարեգիրքն այլեւս չի հրատարակվելու: Դրանով որքա՞ն գումար եք խնայել, եւ ի՞նչ է լինելու «Արի տուն» եւ այլ ծրագրերի հետ:
-Տարեգրքով 5 մլն դրամ խնայվել է: Ինչ վերաբերում է «Արի տուն», «Ամառային դպրոց» ծրագրերին, խոսքը բացառապես ժամկետների հետաձգման մասին է, որովհետեւ մենք լուրջ անվստահություն ունենք նախկինում անցկացված մրցույթների, դրանց կարգի, թափանցիկության վերաբերյալ: Եվ մեզ որոշակի ժամանակ էր հարկավոր, որպեսզի նոր մրցույթներ հայտարարեինք: Ենթադրում եմ, որ 2, 3 ամիս անց այդ ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել:
-Այս պահին ի՞նչ գործեր կան ԱԱԾ-ում:
-Չեմ կարող ասել: Կարող եք մի քանի օր անց այդ հարցն ուղղել Պետական վերահսկողության ծառայությանը կամ քննչական մարմիններին: Մեր խնդիրը տեսնելն է, որ ակնհայտ ուռճացված թվեր են եղել: Ես` որպես Սփյուռքի նախարար, ով աշխատավարձ է ստանում հարկատուներից, պարտավոր եմ ծախսված ամեն մի դրամի համար անհանգստանալ:
-Եթե հայտնաբերեք, որ հենց Հրանուշ Հակոբյանի կողմից են որոշումներ կայացվել, որոնց արդյունքում ուռճացված են եղել ծախսերը, դուք կվարանե՞ք, թե՞ իր հետ կապված էլ համապատասխան մարմիններին կդիմեք:
-Ինձ համար բացարձակապես հետաքրքիր չէ, թե ովքեր են այդ չարաշահումներն իրականացրել: Ես ունեմ կասկածներ, որոնց պատճառով դիմել եմ համապատասխան մարմիններին:
-Նախկին նախարարին մեղադրում էին այն բանի համար, որ սփյուռքահայերի հետ հանդիպելիս հիմնականում փող ուզողի դերում էր: Դուք էլ եք շարժվելո՞ւ այդ տրամաբանությամբ:
-Մեր կառավարությունը սփյուռքին չի պատրաստվում նայել միայն որպես գումարներ վճարող, փողի միջոց: Մենք պատրաստվում ենք բոլորովին այլ որակի, սիրո ու հոգատարության մթնոլորտում կառուցել մեր կամուրջը սփյուռքի մեր հայրենակիցների հետ:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ԸՆԴԴԵՄ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, որ ոչ վաղ անցյալում գլխավորում էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը, դատի է տվել Հյաստանի Կոմունիստական կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ , որ վարչությունը Երեւան քաղաքի դատարան է դիմել հունիսի 6-ին եւ կուսակցությունից պահանջում է գումար բռնագանձել՝ 10 միլիոն 407 հազար 500 դրամի չափով: Հավանաբար, խոսքը Կոմկուսի Զաքյան փողոցում զբաղեցրած տարածքի վարձակալության գումարի մասին է: Այս գործով կքննի դատավոր Նաիրա Հովսեփյանը: Մինչ այդ հիշեցնենք, որ Ա. Սահակյանը Ն.Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո հրաժարական ներկայացրեց: Այդ պաշտոնը դեռ թափուր է, քանի որ Փաշինյանը նոր նշանակում չի արել: Բայց դժվար չէ ենթադրել, որ Կոմկուսի դեմ հայցը կազմվել է դեռ Արման Սահակյանի ղեկավարման օրերին, պարզապես այն միայն վերջերս է դատարան մուտքագրվել:
ՀՀԿ-Ի ԿՈՂՄԵՐԸ
Հանրապետական խմբակցության` այն արդեն լքած 18 պատգամավոր օժանդակեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրն ընդունվի: Այն ընդունվեց 62 կողմ ձայներով, որից 18-ը ներկա եւ նախկին ՀՀԿ-ականներն էին: Ընդ որում` այս անգամ կողմ քվեարկեցին այնպիսի անձինք, ովքեր դեմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, օրինակ՝ Նահապետ Գեւորգյանը, Արկադի Համբարձումյանը, Տաճատ Վարդապետյանը, Արթուր Գեւորգյանը, Հակոբ Բեգլարյանը: Բացի այդ, Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցության նախկին ու ներկա հետեւյալ պատգամավորները՝ Շիրակ Թորոսյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը՝ Կիլիկիայի Հակոբը: Իսկ օրինակ Մուրադ Մուրադյանը, ով կողմ էր Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, այս անգամ դեմ քվեարկեց: Ամենայն հավանականությամբ, մասիսցի պատգամավոր Մուրադյանի կեցվածքը պայմանավորված է Մասիսի քաղաքապետի ու փոխքաղաքապետի նկատմամբ նոր իշխանության օրոք հարուցված քրեական գործով:
ԿԵՂԾ ԱՐՏՈՆԱԳԻՐ
Փաստաբան Նարինե Մկրտչյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել փաստաբանական գործունեության՝ ուժը կորցրած արտոնագիրը նախաքննական մարմնին ներկայացնելու եւ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում կասկածյալի քննչական գործողություններին մասնակցելու համար: Ասել է թե` փաստաբանն ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է ներկայացրել քրեական վարույթ իրականացնող մարմին, մինչդեռ դրա իրավունքը չուներ: Նշենք, որ նման դեպքեր նախկինում էլի են գրանցվել, պարզապես այն ժամանակ քրեական գործեր չեն հարուցվել: