Տեսչական մարմնի խորհրդի կազմը գաղտնի՞ է պահվում. նոր կրքեր են բորբոքվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տեսչական մարմիններում նոր կրքեր են բորբոքվում: Առաջինը իրենց մտահոգությունները բարձրաձայնել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, ովքեր այդ մասին բաց նամակ են հղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բանն այն է, որ իրենք հունիսի 19-ին կառավարության կայքէջից տեղեկացել են, որ հրապարակվել է վարչապետի որոշմամբ հաստատված սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Աշխատակիցները սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) են տեղեկացել, որ հունիսի 20-ին կայանալու է խորհրդի նիստը տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար:
«Ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգվելով` հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու գաղափարը:

Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը` Արմեն Վարդանյանը, թեեւ ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության եւ այլընտրանքի հնարավորությունը եւ հունիսի 20-ին՝ մինչեւ խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը»,- նշված է վարչապետին ուղղված բաց նամակում:

Սակայն Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների` մեկ օր առաջ խորհրդի կազմը հրապարակելու եւ հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական եւ օբյեկտիվ չէ` հաշվի առնելով նաեւ թեկնածուների ներկայացման եւ նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը: Ավելին` աշխատակիցները ակնկալում են, որ կանցկացվի խորհրդի եւս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները:

Այս եւ մյուս տեսչական մարմինների աշխատակիցները համոզված են, որ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի (որը մեկ շաբաթ առաջ է նշանակվել այս պաշտնին) իմացությամբ է կատարվում այս ամենը: Այսինքն` «գաղտնի է պահվում, թե ով է լինելու թեկնածուն, որին խորհրդի կազմը հաստատում է ու իբր ընտրում են»: Մտավախություն կա, որ նույնը կատարվելու է նաեւ մյուս տեսչական մարմինների դեպքում:

Սակայն ինքը` Հայկ Այվազյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ստիպված է տխրեցնել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:

«Գուցե սխալ են հասկացել օրենքը կամ օրենքի սկզբունքները, տրամաբանությունը: Ինչ որ չափանիշներում մարդիկ առաջադրվում են ու նշանակվում են: Ավելին` թեկնածուների ներկայացումը վարչապետին կատարվեց Հանրային հեռուստաընկերության եթերում, դա համարում են գաղտնի: Օրենքով նախատեսված ընթացակարգ է: Թեկնածուները արդեն իսկ ներկայացվել են, եթե կլինի իրավիճակ, որ վարչապետը երկու թեկնածուներից ոչ մեկին չի նշանակի, ապա նորից խորհուրդի անդամներին կներկայացվեն թեկնածուներ, որոնց թեկնածությունը խորհուրդը կքննարկի եւ դարձյալ կներկայացնի վարչապետի նշանակմանը»,- պարզաբանեց Այվազյանը:

Իսկ ահա մյուս տեսչական մարմինների մասով Հայկ Այվազյանն ասաց, որ խորհուրդները ձեւավորված են, նիստեր կլինեն, որի ժամանակ կքննարկվեն թեկնածությունները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս