Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատված Գելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Գաբրիելյանին ազատեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

Նկատենք, սակայն, Գարեգին Գաբրիելյանը, որ հայտնի է Գել մականունով, այնքան էլ պատահական մարդ չէ. նա այս տարիներին ոչ միայն տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այլ նաեւ համարվում է Սերժ Սարգսյանի ընկերը, ում շնորհիվ էլ կարիերայում այդպիսի աճ է ունեցել:

Ուսումնասիրելով նրա կենսագրական տվյալները` պարզեցինք, որ Գաբրիելյանը տարբեր տարիների զորամասի հրամանատար է եղել: 2008 թվականին նշանակվել է Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, այդ պաշտոնից ազատվել 2012 թվականին, իսկ արդեն երկու տարի անց` 2014 թվականին, նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Այսինքն` նա եղել է ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, եւ հետո նրան փոխարինել է Լյովա Երանոյանը:

Գաբրիելյանի աշխատանքից ազատման պատճառները բավականին խորն են եւ կապված են նաեւ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ:

Բանն այն է, որ նրա հեռացումից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Գաբրիելյանն իր ենթակաների հետ զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել ինչ-որ որսորդական խանութի կամ վրացիներին: Այդ ժամանակ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում այսպես էր մեկնաբանել. «Գարիկ Գաբրիելյանը գործակատար չի, որ զենք վաճառի, որոշակի թերություններ կան աշխատանքի մեջ եւ մեր ստուգման արդյունքներում ի հայտ են եկել, որոնք պարզաբանվում են: Ուղղակի տեսչական ու նյութատեխնիկական բազայի ստուգում է եղել: Պարզապես հարցեր են առաջացել, որոնց պատասխանները մենք պետք է ստանանք ծառայողական քննության կամ քրեական գործի շրջանակում»: Չնայած այս ամենին` կատարվածն իրավական որեւէ հետեւանքներ չունեցավ:

Իսկ ինչո՞ւ Գարեգին Գաբրիելյանն ազատվեց աշխատանքից, եւ ինչպես է բացահայտվել այդ գործը:
Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի մի շարք ուժայիններ փսփսում էին, որ Գարիկ Գաբրիելյանը տարաբնույթ գործարքների մեջ է, սակայն փաստեր չկային: Երբ ոստիկանությունը սկսել է համատեղ գործել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, արդեն կարողացել է բացահայտել գործը: Մասնավորապես, Գաբրիելյանի ենթականերից մեկը գնացել եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին բոլոր մանրամասներով զեկուցել է, թե ինչ է կատարվում ոստիկանության զորքերում:

Ըստ լուրերի` երբ ոստիկանության զորքերի հրամանատար Գաբրիելյանն իմացել է, որ պաշտպանության նախարարությանը որոշակի քանակով զենք-զինամթերք եւ տեխնիկա է պետք, որոշել է բանակը տեխնիկայով համալրելուն զուգահեռ նաեւ գումար աշխատել: Եվ նա իր ենթակաների միջոցով կապվել է Երեւանի որսորդական խանութներից մեկի հետ եւ որոշակի քանակությամբ զինամթերք եւ տեխնիկա վաճառել նրանց: Իսկ երբ ՊՆ-ն ներկայացրել է իրեն անհրաժեշտ զինատեսակների պահանջ` պատրաստակամություն հայտնելով գնել դրանք ՈԶ-ից, Գարիկ Գաբրիելյանը նրանց, գուցե ոչ անձամբ, պատասխանել է, թե որսորդական խանութներից մեկն իրենցից գնել է պահանջված «ապրանքը»: Այսինքն` Գաբրիելյանը մատնացույց է արել իր վաճառած զենքերը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկնակի գնով մասնավոր ՍՊԸ-ից գնի դրանք: Ըստ տեղեկությունների՝ գեներալ-լեյտենանտ Գարիկ Գաբրիելյանի «թեթեւ ձեռքով» խոտանվել եւ վաճառվել է ներքին զորքերին պատկանող տասնյակից ավելի զրահատեխնիկա (մետաղի ջարդոնի տեսքով) եւ շուրջ 100-ից ավելի ավտոտեխնիկա: Այս պատմության բացահայտումից հետո էլ Վլադիմիր Գասպարյանն ազատել էր նրան աշխատանքից, սակայն երկու տարի անց նա պաշտոն էր ստացել արդեն Սերժ Սարգսյանի կողմից: Այսինքն` Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել է, Սարգսյանը` նոր պաշտոն տվել:

Սակայն սա նրա անվան հետ կապվող միակ պատմությունը չէ: 2014 թվականին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել էր Նոր Նորքի զինվորական կոմիսար գնդապետ Ռաֆայել Զախարյանը եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը։ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է։

Եվ ահա ստացվում է, որ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատեց, Սերժ Սարգսյանը հետ բերեց, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ նրան առհասարակ հեռացրեց համակարգից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս