Այդ ընկերությունները ոչ մի կապ չունեն Աղաբեկյանի հետ. չեմ հավատում, որ կարող է թույլ տալ նման բան. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ  խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում, նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր: Այս մասին հայտնել էր Արթուր Աղաբեկյանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախկին վարչապետ, Բակո Սահակյանի խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարո’ն Հարությունյան, հայտնի է Արթուր Աղաբեկյանի հայրական տանն ու հարակից շինություններում կատարված խուզարկությունների մասին: Ինչպիսի՞ն է  Ձեր դիրքորոշումը, արդյոք Աղաբեկյանը կարո՞ղ էր կապ ունենալ այդ ամենի հետ:

-Չեմ հավատում նման կասկածանքների, այսինքն` Արթուր Աղաբեկյանին ճանաչելով, վաղուց իմանալով նրա մարդկային կերպարը, որպես հայրենասեր, ազգային հերոս, որպես մարդ, ով իր կյանք նվիրել է Արցախին, իրեն կարող է թույլ տալ նման բան: Բայց այստեղ ցանկանում եմ նաև նշել, որ միայն Աղաբեկյանի շինություններում չեն խուզարկություններ կատարվել, այլև պետական «Մետաքսկոմբինատ»-ում, որտեղ տեղակայված են ավելի քան 10 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ոչ մի կապ չունեն Աղաբեկյանի հետ: Այդ ընկերությունների պահեստներում ևս խուզարկություններ են կատարվել: Չգիտեմ, թե դա ինչ թյուրիմացություն է: Այդ ընկերությունները ոչ մի կապ չունեն Աղաբեկյանի հետ:

-Քանի որ ի վերջո դատարանի որոշում է եղել, ըստ Ձեզ` միտո՞ւմ է, թե՞ թյուրիմացություն:

-Ուզում եմ համոզված լինել, որ թյուրիմացություն է, քանի որ եթե այդպես չլիներ, ստուգումներ չէին իրականացնի այնպիսի ընկերություններում, որոնք ոչ մի կապ չունեն Աղաբեկյանի հետ:

-Իսկ դուք պարոն Աղաբեկյանի հետ զրուցե՞լ եք:

-Այո, նոր հանդիպել ենք նախկին օպերատիվ շտաբի անդամներով, որին մասնակցել է նաև Աղաբեկյանը, և մենք մեր հայտարարությունը տարածել ենք, և այն քիչ անց կհրապարակվի: Նորից կրկնեմ այն միտքը, որ Աղաբեկյանի մարդկային որակը, կերպարը և ինքը որպես մարդ օրինակ է ծառայում Արցախում:

Հ.Գ. Հավելենք, որ խուզարկությունների պատճառը, ըստ Արթուր Աղաբեկյանի եղել է այն, թե իբր ինքը յուրացրել է տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել է Մանվել Գրիգորյանին:




Լրահոս