«ՏՐԱՆՍԳԱԶ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությանը հայտնի Ճվճվ Արո մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի եւ նրա հարազատների շուրջ առեղծվածային դեպքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Բանն այն է, որ 2017թ. առեղծվածային պայմաններում մահացավ ՃվՃվ Արոն, 2018 թվականին ավտովթարի հետեւանքով կալանքի տակ հայտնվեցին նրա որդիները, իսկ ահա երեկ Արամի 48 հասցեում հայտնաբերվեց նրա կնոջ` Նաիրա Վարդանյանի հոր` «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի դին:

Նախ` ամենասկզբից
Այն, որ ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի որդիները` Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: 2013թ.-ից Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի որդիներից Սերժ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` թմրանյութեր պահելու եւ օգտագործելու հատկանիշներով: Սակայն Վարդանյանների ընտանիքը չէր պատրաստվում լռել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ճվճվ Արոյի կինը` Նաիրա Վարդանյանը, հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են իրենց որդուն կրկին հետազոտման ենթարկել: Տիկին Նաիրան իր որդուն սուրբ չէր համարել, սակայն նշել էր, որ կատարվածը դասել էր աբսուրդի ժանրին. «Մեքենան վատ են վարել կամ սխալ բան են արել, ես չեմ ասում, որ նման բան չկա, բայց թմրանյութ օգտագործել… Սերժն այդ երեխան չէ, նա շատ աշխույժ տղա է, բայց նման բաներից շատ հեռու է: Ինչ ուզում են` գրեն, ինձ էլ չի հետաքրքրում…: Ես չգիտեմ, թե ինչ են ուզում մեզանից, մեր տղաներն աշխույժ են, մի քանի անգամ աչքի են ընկել: Բայց, դե, չեմ ուզում ասել, թե իմ երեխաներին ինչի աղբյուր են սարքել»: Այս դեպքերից հետո տղաները չխաղաղվեցին, եւ իրավապահները նրանց մեքենան արագ վարելու, իրավապահներին չենթարկվելու համար մշտապես բերման էին ենթարկում, սակայն ինչպես ցույց էր տալիս իրավիճակը` գործերը կարճվում էին, կամ տղաները կարողանում էին իրենց հարցերը կարգավորել իրավապահների հետ:
Ճվճվ Արոյի դին գտան
բնակարանում
Ու մինչ իրավապահները տարվա մեջ մի քանի անգամ մեքենան արագ վարելու, ավտովթարներ ստեղծելու եւ նմանօրինակ այլ հարցերով բերման էին ենթարկում Արամ Վարդանյանի որդիներին, տեղի ունեցավ հերթական զարմանալի դեպքը: 2017 թվականի հուլիսի 7-ին` ժամը 19:47-ին սահմաններում, Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարանից հայտնաբերվեց Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ հայտնի 52-ամյա Արա Վարդանյանի դին: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել էին Արա Վարդանյանի դին: Դեպքից հետո սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ինչը կարող էր լինել Արա Վարդանյանի մահվան պատճառը: Վարկած առաջին` Արա Վարդանյանը առողջական խնդիրներ ուներ, վարկած երկրորդ` Ճվճվ Արոյի մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետեւանքով, վարկած երրորդ` Արա Վարդանյանը մտերիմների պատճառով մշտապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, միգուցե այս անգամ նա որեւէ մեկին էր խանգարել եւ այս ճակատագրին արժանացավ: Ինչեւէ, նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ըստ մահվան բժշկական վկայականի` Արա Վարդանյանը մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Արդյունքում Վարդանյանի մահվան հանգամանքերը պարզելու համար Կենտրոնի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել, սակայն կարճ ժամանակ անց մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել էր հանցադեպի բացակայության հիմքով: Ասել է, թե այդպես էլ մնաց օդից կախված, թե ում ձեռք չէր տալիս Ճվճվ Արոյի կյանքը:
Հոր մահն ու որդիների
կալանավորումը
ՃվՃ Արոյի մահից հետո` 2018 թվականին, հերթական աղմկալի իրադարձությունը արձանագրվեց. հունվարի 8-ին` ժամը 4:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW X6 մակնիշի 35NT388 համարանիշի եւ Ճանապարհային ոստիկանության Toyota մակնիշի 243II02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որի արդյունքում երկու ոստիկան մահացավ: Ավտովթարի հետեւանքով կալանավորվեց Սարգիս Վարդանյանը: Ավելի ուշ իրավապահները կալանավորեցին Արա Վարդանյանի մյուս որդուն` Սերժ Վարդանյանին, եւ նրան մեղադրանք առաջադրեցին, որ նա 2017թ. սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր. Քոչար փողոցի 44/2 հասցեի դիմաց կայանած Կարեն Գասպարյանի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի` 148.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան: Վերջիններիս գործով նախաքննությունը ավարտվել է, տղաները մինչ օրս կալանքի տակ են, գործը ուղարկվել է դատարան եւ այժմ գտնվում է դատաքննության փուլում:
Գազի Կոլյան ինքնասպան է եղել
Թոռնիկների կալանքից 6 ամիս անց Վարդանյանների ընտանիքում հերթական առեղծվածային դեպքը եղավ: 2018 թվականի հուլիսի 09-ի առավոտյան իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը: Նրա դին հայտնաբերվել էր գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ: Արդյունքում` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ` ինքնասպանության հասցնել, եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով` ապօրինի զենք, նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Այն, որ Նիկոլայ Գաբրիելյանի մահը բազմաթիվ հարցեր է բարձրացնում եւ մնում է առեղծվածային, անժխտելի իրողություն է: Թոռնիկների կալանավորումից հետո վերջինս մշտապես իր մտերիմների շրջանում ասել է, որ իր թոռնիկների գլխին սարքում են, եւ տղաները որեւէ դիտավորյալ բան չեն արել, որ նրանց ապօրինի զրկում են անազատությունից: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` տղաների կալանավորումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նրանք ՔԿՀ-ում թղթախաղ են խաղացել եւ պարտվել են: Արդյունքում` պարտքը վճարելու համար տղաները գումարի դիմաց տվել են իրենց թանկարժեք վզնոցները: Որքանով են հավաստի այս տեղեկությունները, դժվար է ասել. դա պետք է պարզեն իրավապահները: Արդյո՞ք թոռնիկների հետ կատարվածը Նիկոլայ Գաբրիելյանին հասցրեց այս օրվան, թե վերջինս այլ խնդիրներ է ունեցել, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ քննության փուլում հարուցված քրեական գործը վերաորակվի, ասել է, թե պարզվի` նրան սպանել են:
Հարազատները շոկի մեջ են
Դեպքից հետո «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10:30-ի սահմաններում, ավելին` ըստ նախնական վարկածի` դեպքի վայր ժամանած իրավապահները արձանագրել են, որ նա ինքնասպան է եղել` կրակելով բերանի մեջ: Ինչեւէ, իրավապահները դեպքից հետո փորձել են հարցաքննել նրա հարազատներին` հասկանալու համար, թե նա ի՞նչ խնդիրներ է ունեցել, ո՞ւմ հետ է ունեցել, ինչի՞ց է բողոքել եւ այլ հարցեր, սակայն քննիչներին չի հաջողվել որեւէ հարցաքննություն իրականացնել, քանի որ կատարվածը այն աստիճան շոկ է եղել ընտանիքի համար, որ նրանք ի վիճակի չեն որեւէ ցուցմունք տալ: Ի դեպ, ըստ լուրերի` զենքը, որով կրակել է Գաբրիելյանը, պարգեւատրված զենք է, սակայն իրավապահները դեռեւս չունեն այն համապատասխան ապացույցները, որ զենքը, որի միջոցով ինքնասպան է եղել Գազի Կոլյան, պատկանել է նրան կամ, ի վերջո, ինչպես է նա ձեռք բերել այդ զենքը: Ուստի այս պահի դրությամբ իրավապահները ապօրինի զենքի հատկանիշներով են հարուցել քրեական գործ, մինչեւ համապատասխան ապացույցների ձեռքբերումը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽԵՂԴՎԵՑԻ՞Ն, ԹԵ՞ ՍՊԱՆԵՑԻՆ
Ինչպես հայտնի է` հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ աշխատանքային այցի ժամանակ բնակիչներից մեկը պատմել էր մի սպանության մասին, որի արդյունքում որբ են մնացել երկու անչափահաս աղջիկներ:
Երկու որբացած աղջիկները լացակումած մոտենալով վարչապետին` չէին կարողանում զսպել իրենց արցունքները, երեխաների լացը ցնցեց անգամ վարչապետին, եւ վերջինս չկարողացավ զսպել արցունքները:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Մերի Հարությունյանի հետ, որը խնդրում էր վարչապետին արդարություն վերականգնել եւ բացահայտել երեք երիտասարդների մահվան պատճառները:
Եվ այսպես` ըստ Մերի Հարությունյանի` 2016 թվականի մայիսի 20-ին Արցախում գտնվող Տաք ջուր կոչվող ավազանում 5 տղաներ իբր գնացել են լողալու.«5 հոգով են եղել` իմ որդին` Կարեն Ալավերդյանը, Գրիշա Առուշանյանը եւ Արտյոմ Բլբուլյանը եւ եւս երկու հոգի: Այդ մյուս երկու հոգին` Ղարաբաղի շրջանի Լաչինի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովիվները: Ավելի ուշ հայտնի է դառնում, որ իբր տղաները լողացել են, եւ այդ տաք ջրի ավազանի գազից Կարեն Ալավերդյանը, Գրիշա Առուշանյանը եւ Արտյոմ Բլբուլյանը խեղդվել են, իսկ Ղարաբաղի շրջանի Լաչինի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովիվները կենդանի էին մնացել: Այս դեպքը քննվում էր Ղարաբաղում: Ես ունեմ բազմաթիվ թղթեր ու փորձաքննությունների արդյունքները, որ նման բան չկա. տղաները, մարմնական վնասվածքներ են ունեցել, եւ նրանք չեն մահացել, նրանց սպանել են: Այս քրեական գործը քննել է մարզպետի փեսան` Լեւոն Սաղաթելյանը, ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը որեւէ բան չարեցին: Երեք տղաների կյանք խլեցին, ոչ մի բան չարեցին, վարչապետի հետ կանգնած երեխաները մահացած Արտյոմ Բլբուլյանի երեխաներն են: Անգամ իմ երեխայի շորերը չտվեցին, դատախազը ձեռք է առնում ինձ` ասում են, միգուցե չախկալներն են շորերը տարել, դա որդեկորույս մորը ասելու բա՞ն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը Մերի Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետք է սպանեին իր որդուն եւ մյուս երկու երիտասարդներին, սակայն վերջինս չկարողացավ ասել. «Չգիտենք, ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ են ամեն ինչ փակ պահում, բժկուհի է եղել, տղաներից մեկին, ասում են, սրսկել են, բժշկուհուն ասում ենք` ի՞նչ է սրսկել, ասում է` չեմ հիշում: Գործի հետեւում կանգնած են մարդիկ, որ ամեն ինչ անում են, որ գործը թաքցնեն: Անգամ մենք լսել ենք, որ երկու հովիվներին գումար ու ավտոմեքենա է տվել, որ բերանները փակեն, անհայտ է` ինչ եղավ այս տղաների հետ: Ախր, մենք տեսել ենք մեր տղաների մարմնական վնասվածքները, անգամ տղայիս հեռախոսը չգտան, որ գոնե իմանանք` ո՞ւմ հետ է խոսել, ի՞նչի է խոսել: Անձամբ, որպես մայր, գնացել եմ, այդ ավազանի ջուրը խմել եմ: Ասում էի, եթե երեխաս չկա, ես էլ մեռնեմ, բա ինչի չմեռա: Հաստատ է, տղաներին ծեծել են ու գցել գետը, անունը դրել, թե խեղդվել են»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնեական դիրքը չարաշահելու` իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Արմեն Սարգսյանը՝ որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ձերբակալել էին Արա Վարդանյանին` հիմնադրամի միջոցները անձնական նպատակներին ուղղելու՝ օնլայն խաղադրույթներ անելու համար, սակայն նա պնդում էր, որ վերցված գումարներն ամբողջությամբ ետ է վերադարձրել: Նա ազատ էր արձակվել 2 օր անց՝ մեկ միլիոն դրամ գրավի դիմաց:




Լրահոս