ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ վերնախավի շանսերը նվազել են. ինչու է նոր իշխանությունը շտապում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունը շտապում է հնարավորինս շուտ ավարտել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն ու սեպտեմբերին հասնել դրա` վերջնական տարբերակով ընդունմանը: Գլխավոր խնդիրն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարի, մասնավորապես` մինչեւ ձմեռ: Սա այն պատճառով, որ թավշյա հեղափոխության շնորհիվ ձեռք բերված վարկանիշն ու քաղաքական առումով հասարակության կողմից ստացված լայն աջակցությունն ամրագրվի, եւ հեղափոխությունը վերջնական հաղթանակի հասցվի:

Պետք է նշել, սակայն, որ մյուս կողմից ընտրություններն այս տարի անցկացնելու հեռանկարը նախկին իշխանության` ՀՀԿ-ի համար բոլորովին ցանկալի չէ` օր օրի կատարվող բացահայտումների ֆոնին: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամեն կերպ հետաձգել ԸՕ ընդունումը:

Չնայած, եթե անկեղծ լինենք, ՀՀԿ-ի դեմ հասարակական դժգոհությունները հաշվի առնելով` դժվար չէ ենթադրել, որ օրեցօր նրանք կորցնում են ԱԺ-ում հայտնվելու շանսը: Միաժամանակ, եթե նոր իշխանություններն այս տեմպերով շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարը, որոշ ժամանակ անց հնարավոր է՝ ՀՀԿ վերնախավի մեծ մասը լինի պարզապես անազատության մեջ` դժվարացնելով նրանց մասնակցությունն ընտրություններին: Այնպես որ ՀՀԿ-ն ճիշտ կաներ, եթե ի սկզբանե որոշեր չմասնակցել ընտրություններին:




Լրահոս