Եւ այսպես, արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով կալանավորելու դեմ բողոքի ակցիաներ այդպես էլ չեղան ո՛չ դատարանի մոտ, երբ գրեթե մի ամբողջ օր քննարկվում էր նրա խափանման միջոցի ընտրության հարցը, ո՛չ էլ դատարանի որոշումը հրապարակելուց հետո: Միայն Քոչարյանի փաստաբաններն ու գրասենյակի ղեկավարն ասուլիս արեցին: Սա միանգամայն սպասելի էր` հաշվի առնելով, թե ինչ գործի շրջանակներում է Քոչարյանը կալանավորվել:
Միաժամանակ սպասելի էր կատարվածին քաղաքական դաշտի արձագանքը: Քոչարյանին անվերապահորեն պաշտպանել է միայն ՀՀԿ-ն: Հօգուտ Քոչարյանի հայտարարություն է արել նաեւ Վազգեն Մանուկյանն իր ԱԺՄ-ով: Բայց այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ` իրենց հին սովորության համաձայն:
Քոչարյանի նախագահության օրոք իշխանության մաս կազմած ՀՅԴ-ն, որ այսօր էլ Փաշինյանի կառավարության կազմում է, փորձել է պաշտպանել երկրորդ նախագահին, բայց կիսատ-պռատ` խոսափելով միանշանակ քննադատություն հնչեցնել ներկա իշխանության գործողությունների վերաբերյալ: Հիշեցնենք, ՀՅԴ-ն նախաքննական մարմնի կողմից «սահմանադրական կարգի տապալում» որակված իրադարձություններից հետո կոալիցիայի կազմում էր: Այն ժամանակվա կոալիցիայի մյուս անդամը՝ ԲՀԿ-ն, կուսակցության անունից առանձին հայտարարություն այդպես էլ չի տարածել: ԲՀԿ-ից եղել են տարբեր գործիչների մեկնաբանություններ, բայց այդպես էլ չեն փորձել պաշտպանել երկրորդ նախագահին` փոխարենը խոսելով օրենքի առաջ բոլորի հավասար լինելու մասին: Կոալիցիայի անդամներից ՕԵԿ-ի ծպտունը դուրս չի գալիս: Եթե անկեղծ, ապա ՕԵԿ-ը քաղաքական դաշտում վաղուց կորցրել է դերակատարումը, ու հազիվ թե նրանց խոսքը լսելի լինի:
Բայց ամենաուշագրավը ՀՀ-ում քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ի պահվածքն էր. նրանք ոչ թե հայտարարություն արեցին, այլ հայտարարությունների շարան` ՀՀԿ ԳՄ-ն իր հերթին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունն իր հերթին` չհաշված տարբեր ՀՀԿ-ական գործիչների հարցազրույցները: ՀՀԿ-ականների այս պահվածքը պատահական չէ: Պաշտպանելով Քոչարյանին` նրանք իրականում պաշտպանում են Սերժ Սարգսյանին ու իրենք իրենց: Ի վերջո, մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկն էլ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն է, որ հետո նախագահի աթոռին հայտնվեց: Ասել է թե` սահմանադրական կարգը տապալվեց նրա համար: Սերժ Սարգսյանի մասին հիշում եք` կալանավորվելուց առաջ տված հարցազրույցում ինչ ակնարկներ արեց Քոչարյանը: Այնպես որ, կատարվածը շատ խոսուն է, եւ սպասվելիք իրադարձությունները` շատ կանխատեսելի: