Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Հիմնական պայքարն ընթանում էր Մարությանի եւ ՔՊ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սիմոնյանի հետ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու:
-Պարո՛ն Սիմոնյան, Հայկ Մարությանը Ձեր ընկերն է, եւ գիտենք, որ Դուք եք իրեն ծանոթացրել կուսակիցների հետ: Հիմա անարդա՞ր չէ, որ Մարությանը դարձավ քաղաքապետի թեկնածու եւ ոչ Դուք:
-Առանց մեկնաբանության:
-Սոցիալական ցանցերում օգտատերերի մի հատված լուրջ չի վերաբերվում Հայկ Մարությանին` որպես քաղաքապետի թեկնածուի: Իր մարմնավորած կանացի դերերից նկարներ են տեղադրում եւ զվարճալի գրառումներ անում: Այս առումով կարծում եք` ՔՊ-ի կատարած ընտրությունն արդարացվա՞ծ էր:
-Ես հայտարարություն եմ արել եւ հիմա չեմ ուզում որեւէ կերպ իմ հայտարարությանը հակասել: Հայկ Մարությանը դարձել է ՔՊ կուսակցության թեկնածու: Ես կուսակցության հիմնադիր-անդամ եմ, եւ կուսակցության որոշումն ինձ համար առաջնային դեր ունի:
-Այսինքն` անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունեք` պետք է կուսակցության որոշումն ընդունեի՞ք:
-Եթե ես կիսեի այդ դիրքորոշումը, որը եղել է, ես իմ թեկնածությունը կհանեի եւ չէի պայքարի այդ տեղի համար, եւ ինքս կքվեարկեի Հայկ Մարությանի օգտին: Ես քվեարկել եմ իմ օգտին, ես քաղաքական ճանապարհ եմ անցել, ես քաղաքական հայտ եմ ներկայացրել, կուսակցությունը կայացրել է այլ որոշում: Այդ որոշումն ինձ համար առաջնային է:
-Խնդիրը Ձե՞ր մեջ էր, թե՞ այլ հարց կար, որ Դուք չդարձաք ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:
-Ես չեմ կարծում, որ իմ մեջ որեւիցե խնդիր կա, ու ես որեւիցե խնդիր իմ անձի հետ կապված չեմ նկատել ո՛չ քննարկմանը, ո՛չ ընդհանրապես: Իսկ մնացած մասով հարցի հասցեատերը ես չեմ:
-Ձեզ համար համոզի՞չ էին այն փաստարկները, որ հնչել են Մարությանի թեկնածության վերաբերյալ:
-Եթե համոզիչ լիներ, ես ինձ չէի քվեարկի:
-Մի քանի թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին` հասկանալով, որ հիմնական պայքարը Ձեր եւ Մարությանի միջեւ է լինելու: Իսկ Դուք մինչեւ վերջ ինքնաբացարկ չներկայացրիք:
-Ինչո՞ւ պիտի ինքնաբացարկ հայտնեի: Եթե իրենք հասկացել են, որ մեր միջեւ է պայքարը լինելու, ես էլ եմ էլի երեւի հասկացել, որ մեր միջեւ է լինելու, եւ ինքնաբացարկ հայտնելու որեւիցե ցանկություն չի եղել:
-Եթե հաշվի առնենք, որ այլ ուժերի դեպքում քաղաքականության մեջ փորձառություն ունեցող մարդկանց անուններ են շրջանառվում: Ըստ Ձեզ` ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն համարժե՞ք է մյուսների հետ:
-Չեմ պատասխանի այդ հարցին: Առանց մեկնաբանությունների:
-Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին:
-Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, եւ շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը:
-Կարծում եք` թե՞ժ մրցակցություն է սպասվում:
-Միանշանակ: Համոզված եմ դրանում:
-Ի՞նչն է հիմք տվել այդպես մտածելու, այլ ոչ թե վստահություն ունենալու, որ հաղթելու եք այդ ընտրություններում:
-Դե որովհետեւ մենք այն իշխանությունը չենք, որ պիտի փող բաժանենք, որպեսզի մեզ ընտրեն, պետական ռեսուրս օգտագործենք: Ամբողջը հիմնված է լինելու մեր աշխատանքի արդյունքի վրա: Իսկ այդ աշխատանքի արդյունքը ստանալը բավական դժվար է, մասնավորապես, երբ դու մրցում ես արդեն իսկ կայացած համակարգ, քարոզչամեքենաներ ունեցող ուժերի հետ, ինչպիսին օրինակ ԲՀԿ-ն է, Դաշնակցությունը, որ հեռուստաընկերություն եւ կայքեր ունի: Երբ մրցում ես նման միավորների հետ, բարդ է լինելու:
-Ամեն դեպքում Դուք հասկացա՞ք, թե ինչու ընտրությունը Ձեզ վրա կանգ չառավ: Այդքան վստահություն չկա՞ր Ձեր հանդեպ:
-Ես կրկնում եմ` խնդիրն իմ մեջ չէ: Երբեք չի եղել: Եթե ակնարկ է գնում իմ հարաբերությունների, ես ունեմ գերազանց հարաբերություններ մեր երկրի վարչապետի եւ շատ լավ հարաբերություններ վարչության անդամների հետ:
-Այսինքն` խնդիրը միջանձնային հարաբերությունների մեջ չէ՞:
-Երբեք չի եղել: Ես մամուլում հանդիպել եմ ինչ-որ հրապարակումների, որ ես ու Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հակասություններ ունենք եւ այլն: Կարող եմ վստահեցնել, որ պարոն Փաշինյանը իմ գործընկերն է, իմ ընկերն է, ինձ համար իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է:
-Իսկ կուսակցությունից նեղացվածություն չկա՞, քանի որ Դուք փորձ ունեք քաղաքականության մեջ եւ ձգտումներ ունեիք քաղաքապետ դառնալու:
-Ես այդ կուսակցության հիմնադիր-անդամ եմ եւ առաջին եռյակի, քառյակի կամ հնգյակի մեջ մեկն եմ: Ես իմ կուսակցությունից որեւէ ձեւով չեմ կարող նեղանալ, ինչպես անհնար է նեղանալ ինքդ քեզնից: Ես կաշխատեմ: Ես ինձ համարում եմ բավական հաջողված խորհրդարանական գործիչ եւ բավական շատ անելիքներ ունեմ խորհրդարանում: Եվ խոստանում եմ, որ մեր հանրությանը եւ մեր քաղաքին օգուտ կտամ նաեւ ԱԺ-ում:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ