Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը խայտառակություն էր Հայաստանի Հանրապետության դեմ. Անդրանիկ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը երեկ փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Մինչ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն այդ մասին տեղեկացնում էր լրագրողներին, Քոչարյանն արդեն դուրս էր եկել դատարանից եւ մեկնել։ Պաշտպանի խոսքով` դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը` հաշվի առնելով, որ Ռ. Քոչարյանն անձեռնմխելի է, օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյան

-Պարո՛ն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն արդարացվա՞ծ էր։

-Այդ որոշումը կարող եմ բնութագրել որպես խայտառակություն։ Ուրիշ ոչ մի բան։ Դա խայտառակություն էր Հայաստանի Հանրապետության դեմ։

-Չէի՞ք սպասում, որ դատարանի կողմից նման որոշում կլինի։

-Ամեն ինչ էլ ՀՀ֊ում սպասելի է, քանի դեռ Հայաստանում արմատապես չի փոխվել ամեն ինչ, որ 20 տարի շարունակ այսպես այլանդակվել է։ Այսինքն` այս այլանդակությունները մի օրում չէին փոխվի, բայց պետք է հետեւողական քայլեր արվեն, որպեսզի ամբողջ պետական համակարգը փոխվի, դատաիրավականն էլ հետը։ Քանի դեռ այդ բարեփոխումներն արված չեն, միշտ էլ կարող են այսպիսի որոշումներ լինել։ Դրա համար ավելի կարեւոր են ամբողջ պետական համակարգը տոտալ մաքրելու քայլերը, քան թե սպասել՝ դատավորը բարոյապես ուղղվեց, թե չուղղվեց։ Չի լինելու այդպիսի բան։

-Փաստահավաք խմբի հայտնի ցանկում նշված չէր Ռուբեն Հայրապետյանի անունը, թեեւ բազմիցս շրջանառվել է, որ նրա անվտանգության աշխատակիցներն էլ են զինվորական համազգեստ ստացել եւ ներգրավված եղել Մարտի 1֊ի գործողություններում։

-Այդ ցուցակը, որ աղբյուրով որ եկել է Փաստահավաք խումբ, դրա հետ Փաստահավաք խմբի անդամները որեւէ առնչություն չունեն։ Ուղարկել են, եւ մենք մեր գործունեության ընթացքում պարզապես ստուգել ենք՝ ում անունը կա, ումը՝ չկա։ Այդ նյութերը խմբին ուղարկվել են ՀԱԿ ֊ից Լեւոն Զուրաբյանի միջոցով։

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս