ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բավականին ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 5 մլն դրամ, 34 հազար դոլար, 9 հազար եվրո, 1.5 մլն ռուսական ռուբլի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 328 հազար դրամ, ստացած փոխառությունները` 3 մլն դրամը, եւ 2 հազար դոլար: Բացի այս` նա անցած տարում «նվեր» է ստացել 150 հազար ռուսական ռուբլիի չափով: Թե ով է ՔԿԾ պետին ռուսական ռուբլիներ նվիրել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:
Բացի այս, նկատենք, որ ՔԿԾ պետը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ հատ «Kia Sorento» 3.8 մակնիշի ավտոմեքենա: Ի դեպ, 150 հազար ռուբլի «նվերի» մասին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ոչինչ նշված չէ: Նրա կինը` Աննա Ավդալյանը, պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները կազմում են 1.5 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 1 մլն ռուբլի: Եւ սա այն դեպքում, երբ ՔԿԾ պետի կինը եկամուտի աղբյուր չունի: Համենայնդեպս, պաշտոնական հայտարարագրում նշված չէ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արտյոմ Մխոյանը ինչ նշանակվել է այս պաշտոնին, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները պարբերաբար բողոքի գործողություններ են կազմակերպում, անգամ երկու օրում երկու ինքնասպանություն եղավ: