«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Միսս աշխարհ 2018» մրցույթում Հայաստանը կներկայացնի Արենա Զեյնալյանը, իսկ «Միսս տիեզերքի» այս տարվա հայ մասնակիցը Էլիզա Մուրադյանն է: «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ եւ հիմնադիր, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը դիմել էր գեղեցկության միջազգային մրցույթներ եւ ստացել դրանք Հայաստանում անցկացնելու լիցենզիա: Իսկ ի՞նչ են տալիս գեղեցկության մրցույթները մեր երկրին, որքանո՞վ են դրանք կարեւոր, եւ որքանո՞վ ենք մենք պատրաստ դրանցում հաջողություն գրանցել. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գոհար Հարությունյանի հետ:

-Գոհա՛ր, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ստանձնել այդ գործունեությունը: Հայաստանի համար մասնակցությունը գեղեցկության միջազգային մրցույթներին անհրաժեշտությո՞ւն է:
-Այո՛, հենց այդ անհրաժեշտությունը գիտակցելով էլ մեկնարկեցի նախագծերի վրա աշխատանքը: Նախ շեշտեմ, որ գեղեցկությունն ամբողջ աշխարհում արդեն ընկալվում է 90-60-90 չափանիշից դուրս: Ինտելեկտը եւս բավարար չէ գեղեցկուհուն: Ազգային մրցույթի յուրաքանչյուր հաղթող պետք է իր երկրում եւ աշխարհում լինի բարի կամքի դեսպան եւ կարողանա գեղեցկուհու տիտղոսն օգտագործել բարի գործերի համար: Օրինակ՝ «Միսս աշխարհ»-ի մասնակիցներն իրենց ընձեռված ժամանակահատվածում բարձրաձայնում են իրենց երկրում առկա խնդիրների մասին, փորձում են դրանց տալ լուծումներ, խոսում են նաեւ խնդիրների մասին, որոնք առկա են ամբողջ աշխարհում: Բարեգործական առաքելությունը եւս շատ կարեւորվում է: Իսկ «Միսս տիեզերք»-ի դեպքում շեշտը դրվում է կնոջ համարձակության եւ նրա իրավունքների պաշտպանության վրա: Այս դեպքում գեղեցկուհու քարոզչությունը պետք է վերաբերի նաեւ առողջ եւ գեղեցիկ կառուցվածք ունենալուն, կնոջը տարբեր ոլորտներում որպես շարժիչ ուժ դիտարկելուն եւ այլն: Միջազգային փորձագետներն ասում են, որ «Միսս տիեզերքի» մեր մասնակցի՝ Էլիզայի առումով ճիշտ ընտրություն ենք կատարել: Արենան էլ իր հերթին շատ լավ գիտակցում է, թե որոնք են իր առջեւ դրված հանձնարարականները: Նա, ի դեպ, ընտրվել է նաեւ որպես «Միսս համերաշխություն»:
-Ըստ Ձեզ՝ հայ գեղեցկուհիներն ինչո՞վ են առանձնանում աշխարհի մյուս գեղեցկուհիներից:
-Առհասարակ, հայ կանայք առանձնանում են ընտանիքին անմնացորդ նվիրվելով: Արդյունքում նրանք մոռանում են իրենք իրենց մասին: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր կին, որը հոգ է տանում իր արտաքինի, առողջության եւ գեղեցկության մասին, ավելի է երջանկացնում շրջապատին: Հայ կանայք հաճախ ասում են. «Ես հեչ, կարեւորը երեխաներս լավ լինեն»: Այս մտածելակերպը շատ խնդիրներ է հարուցում: Գեղեցկուհիները մեր կանանց պետք է սովորեցնեն հետամուտ լինել իրենց նպատակներին, պետք է սովորեցնեն թույլ չտալ իրենց կանգնեցնել չպատճառաբանված արգելքների առջեւ: Դա բռնության դրսեւորում է կնոջ նկատմամբ: Եթե կինը բռնի ինքնակերտման եւ կայացման ճանապարհը, մենք կունենանք նաեւ առողջ հասարակություն: Շատ է խոսվում այն մասին, որ կանայք այս կամ այն բանից իրենց զրկում են սոցիալական ծանր կացության պատճառով, բայց, հավատացեք, ես կարող եմ բերել տասնյակ օրինակներ, որոնց դեպքում շատ ապահով կյանքով ապրող կանայք պարզապես հոգ չեն տանում իրենց մասին:
-Մշակույթի նախարարությունը մրցույթների կարեւորման հարցում անելիք ունի՞:
-Իրականում մենք մեր գործունեությունը սկսել ենք մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ, բայց հիմա մենակ ենք մնացել: Փորձում ենք հասկանալ՝ նախարարությունները մե՞զ հետ են, թե՞ ոչ: Կցանկանայի, որ նման մրցույթները պետական մակարդակով խրախուսվեին, հենց թեկուզ այն բանի համար, որ դրանք մեծապես նպաստում են նաեւ տուրիզմի զարգացմանը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆ ԿՀԱՆԵՄ, ԵԹԵ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ»

«Նոր կառավարությանը վերաբերվում եմ հարգանքով, բայց դեռ սպասողական վիճակում եմ: Ամեն դեպքում, հարգում եմ կառավարության անդամների առաքինությունը, որոշումները, քաղաքական մոտեցումները, բայց մեր ապագան ինձ համար դեռ անորոշ է: Մի բան հստակ կարող եմ ասել՝ արդարության կողմնակից եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ասմունքող Լիանա Զուրաբյանը: Նա շեշտեց, որ հատկապես այս փուլում ամեն մեկը պետք է զբաղվի իր առաքելությունն իրականացնելով, պետք է լինի իր տեղում:

Հարցին, թե որդու ապագան տեսնո՞ւմ է արդյոք Հայաստանում, Լիանան պատասխանեց. «Այո՛, տեսնում եմ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի կատար ածի այն, ինչ ասում է: Ես պատրաստ եմ իմ որդուն որպես զինվոր տալ իմ հայրենիքին»:
Նախորդ տարվա սեպտեմբերին աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ասմունքողի եւ ՃՈ տեսուչների միջեւ: Տեխզննման կտրոնը չթարմացնելու համար տեսուչները կանգնեցրել էին Լիանայի մեքենան, իսկ վերջինս պնդում էր, որ նրանք հաշվի չէին առել, որ մեքենայում գտնվում էր իր 1-ամյա երեխան: Ասմունքողը շեշտեց՝ երբ զգա, որ նոր Հայաստանում օրենքն իսկապես գործում է, իսկ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով ուղի հարթելու մոտեցումը՝ ոչ, վաղը եւեթ կթարմացնի կտրոնը. «Դեռ տեխզննման կտրոն չեմ հանել, բայց պատրաստ եմ նոր Հայաստանում հանել, եթե արդարություն լինի: Պարզապես դեռ կասկածներ ու մտավախություն ունեմ: Եթե որեւէ մեկը խախտում է արել՝ լինի գայի պետի սիրուհին, թե այլ մեկը, պետք է պատասխան տա: Օրենքի առաջ խոնարհ կլինեմ, եթե նոր Հայաստանը, որին ես հավատում եմ, առաջ շարժվի արժանապատիվ սկզբունքներով: Ես պետք է տեսնեմ, որ օրենքը գործում է նաեւ պաշտոնյաների ընտանիքի անդամների համար»,-եզրափակեց Լիանան:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյամսը չի կարողացել դուրս գալ Սան-Խոսեի (ԱՄՆ) մրցաշարի երկրորդ շրջան:
Մրցաշարի մեկնարկում նա առավելության է հասել ընդամենը մեկ գեյմում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Յոհանա Կոնտայի հետ խաղում եւ արդյունքում երկու սեթում պարտվել 1:6, 0:6 հաշիվներով:
Աշխարհի նախկին առաջին ռակետի համար այս պարտությունն ամենաջախջախիչն է եղել կարիերայի ընթացքում:

 

 

ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ
«Բարսելոնա»-ի նորեկ Մալկոմն երեկ առաջին գոլն է խփել կատալոնական ակումբի կազմում: Դա տեղի է ունեցել իտալական «Ռոմա»-ի դեմ ԱՄՆ-ում կայացած Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում, որում «Բարսելոնա»-ն պարտվել էր 2:4 հաշվով:
Հիշեցնենք, որ Մալկոմն օրեր առաջ ֆրանսիական «Բորդո»-ից է տեղափոխվել «Բարսելոնա», որը տրանսֆերի համար վճարել է 42 միլիոն եվրո: Հուլիսի 23-ին «Ռոմա»-ն պաշտոնապես հայտարարել էր 38 միլիոն եվրոյի դիմաց Մալկոմի տրանսֆերի հարցում «Բորդո»-ի հետ փոխհամաձայնության գալու մասին, սակայն վերջին պահին բրազիլացին տեղափոխվեց կատալոնական ակումբ:

 

 

ԿՀԱՄԱԼՐԻ ԹԻՄԸ
29-ամյա ռուս պաշտպան Սերգեյ Կոլիչեւը մարզվում է «Փյունիկ»-ի հետ եւ մոտ ժամանակներս կարող է պաշտոնապես համալրել թիմի կազմը, այս մասին հայտնել է երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը` ԵԼ-ի որակավորման երկրորդ փուլի` «Տոբոլ»-ի հետ կայացած խաղից հետո: «Սերգեյը մեզ հետ է մարզվում: Եթե Արթուր Սողոմոնյանը հաստատի, տրանսֆերը կկայանա: Նա ինձ մոտ փորձաշրջանի է եղել «Վոլգա»-ում, խաղացել է «Ռոտոր»-ում ու «Լուչում»: Կարող է խաղալ աջ ու ձախ եզրերում»,- ասել է Տալալաեւը:

 

 

5 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
25-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ նշվում էր, որ ֆրանսիացու տրանսֆերը կազմել է 20 միլիոն եվրո` գումարած բոնուսներ: Լյուկա Դինը 2016 թվականին էր միացել «Բարսելոնա»-ին, որի կազմում մասնակցել է Իսպանիայի նախորդ առաջնության 12 խաղին եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ Կատալոնական ակումբը նրան ձեռք բերելու համար 16.5 միլիոն եվրո էր վճարել ֆրանսիական ՊՍԺ-ին:




Լրահոս