ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԷԼ ԶԵՆՔ ԿԿՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Հայաստանում զենք կրելու իրավունք կվերապահվի նաեւ դատավորներին: ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Ըստ այդմ` նախագծի ընդունման դեպքում կկարգավորվեն դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Բանն այն է, որ «ՀՀ դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորն ունի հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու է կառավարությունը: Հիմա դատավորին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվելու են ՀՀ ոստիկանության կողմից: Անգամ զենքի տեսակները, ձեւը, մոդելը, փամփուշտների քանակը եւս սահմանելու է ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության որոշման նախագծից տեղեկացավ, որ ոստիկանությունը դատավորներին սովորեցնելու է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաեւ զենքի եւ պաշտպանության հատուկ միջոցների գործադրումը: Որոշման նախագծով նաեւ սահմանված է, որ դատավորներին զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվելու է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Ընդ որում` բացի դիմումից, դատավորը պետք է ներկայացնի նաեւ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաեւ զենքի եւ պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք կամ դատավորի զինվորական գրքույկի պատճենը:
Իսկ ահա դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու կամ նրա լիազորությունները մահվան, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու հիմքով դադարած լինելու դեպքերում տրամադրված զենքը եւ պաշտպանության հատուկ միջոցները դատավորի ընտանիքի անդամը մեկշաբաթյա ժամկետում պետք է հանձնի ոստիկանություն:
Նկատենք, որ այս ընթացքում ՀՀ-ում դատավորների, եւ ընդհանրապես իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատմամբ իրենց մասնագիտական պարտականությունների հետ կապված հաշվեհարդարի փորձեր չեն եղել: Եւ հիմա կառավարության այս նախագիծը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Համենայն դեպս, կառավարության որոշման նախագծի հիմնավորումների մեջ որեւէ լուրջ փաստարկ նշված չէ՝ ինչու հիմա են որոշել նման կանոնակարգումներ իրականանցել, ինչ նպատակ են հետապնդում դրանով: Միայն նշված է, թե նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Իսկ մինչ այդ, հիշեցնենք, «Զենքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն էլ սահմանում է զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը:
Ըստ այդմ` «Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝ պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ՝ մատակարար իրավաբանական անձինք),զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, մարզական եւ որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները, ուսումնական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները»։ Պարզապես, այս ցանկում ընդգրկված սուբյեկտների մի մասը կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական զենք՝ որսորդական, գազային զենքեր, եւ միայն հատուկ դեպքերում կարող են ծառայողական կամ մարտական զենքի թույլտվություն ունենալ:

Ա. Գ.

 

 

 

«ՊԱՉԻԿ» ԵՆ ԽԱՂԱՑԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ շարունակվում է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Պապինյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա Սոֆյա Վոսկրեսենսկայի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով(«Բռնաբարությունը»):
Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել: Ս. Վոսկրեսենսկայան բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցում:
Արթուր Պապինյանը օգոստոսի 2-ին Բերդի դատարանի շենքում մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջերս ինքը համացանցով խաղացել է ռուսական «Պաչիկ» խաղը, որի ժամանակ շիշ է պտտվում, խաղի մասնակիցները, կապված շշի դիրքից, իրար համբուրում են կամ ապտակում: Ա. Պապինյանը խաղի ժամանակ նույն խմբում պատահաբար ընդգրկվել է Սոֆյա Վոսկրեսենսկայի հետ որպես մեկ թիմ, հետո նրան համացանցում հարցրել, թե արդյոք նա հիշում է իրեն: Ռուս կինն ասել է, որ իրենք խաղի նույն խմբում են: Ա. Պապինյանը նրան հիշեցրել է իրենց վերաբերող բռնաբարության գործը քննող քննիչի ազգանունը:
Դրանից հետո ռուս կինը անհետացել է խաղից: Ա. Պապինյանը պատմեց,որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չի լինի պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Այդ գործով դատավարության օգոստոսի 2-ի նիստում քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Ա. Պապինյանին մեղավոր ճանաչել բռնաբարության հոդվածով եւ նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, այդ ժամկետից հանել Ա.Պապինյանի կալանքի մեջ գտնվելու 3 ամիսը եւ նրան դատապարտել 3 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Դատական հաջորդ նիստում պաշտպանական ճառով հանդես կգա Ա. Պապինյանի պաշտպան, փաստաբան Սարգիս Խաչատրյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՏՆՕՐԵՆԻՆ
«Գուլիվեր» մանկական ակումբը բաց նամակով դիմել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին եւ կենտրոնի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանին` պահանջելով հերքել այն տեղեկությունը, որ մանկապարտեզի խոհարարի մոտ հայտնաբերվել է շիգելայի ԴՆԹ:
«Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լ. Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, թե «Գուլիվեր» մանկական ակումբի խոհարարի մոտ հայտնաբերվել է շիգելայի ԴՆԹ: Այնուհետեւ Լ. Թորոսյանը հայտարարել է, թե «Խոհարարը կարող էր վարակի աղբյուր լինել, եւ պատշաճ պայմանների բացակայության պատճառով վարակը կարող էր փոխանցվել երեխաներին»: Լ. Թորոսյանի նման հայտարարություններն համարում ենք անթույլատրելի եւ վարկաբեկող: Պահանջում ենք Ձեր հանձնարարականը ենթակա բաժինների աշխատակիցներին` մանավանդ Լ. Թորոսյանին, զերծ մնալու պետական այրին անվայել հայտարարություններից, այլապես ստիպված կլինենք հրապարակել մեր տիրապետության տակ գտնվող բոլոր լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որոնցում հստակ երեւում է, որ «Գուլիվեր» մանկական ակումբի որեւէ աշխատակից, այդ թվում նաեւ խոհարարը, երբեւէ որեւէ հիվանդությամբ չի տառապել:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք հրապարակել հերքում ս.թ. օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում Լիանա Թորոսյանի կողմից հնչեցրած այն զրպարտությունների վերաբերյալ»,-նշված է հայտարարության մեջ:

 

 

55 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԳՈՒՄԱՐ
«Նաիրիտ»-ի 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է: Ըստ Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` այս պահին վճարվել է 55 մլն դրամ: «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների` 2018 թվականի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է: Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ` շուրջ 55 մլն դրամ: Միաժամանակ հաշվարկվում են նաեւ ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները»,-ասել է նա:




Լրահոս