Նյարդային համակարգս տեղի տվեց, հասկացա, որ օպերային թատրոնում իրավիճակ չի փոխվում, դիմում գրեցի, դուրս եկա. Կարեն Շահինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թավշյա հեղափոխությունից տասն օր առաջ նյարդային համակարգս տեղի տվեց, հասկացա, որ օպերային թատրոնում իրավիճակ չի փոխվում, դիմում գրեցի եւ աշխատանքից դուրս եկա»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի արդեն նախկին տեղակալ Կարեն Շահինյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի օգոստոսի 27-ի այն հայտարարությանը, թե օպերային թատրոնում արմատական փոփոխությունների կարիք կա: Պարոն Շահինյանի խոսքով՝ ինքը 4 տարի շարունակ բարձրաձայնել է այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն լսող չի եղել. «Ես ասում էի, որ այդպես աշխատել չի կարելի, բայց ոչ մի օգուտ, ինձ խանգարում էին: Իսկ ես թասիբ ունեմ: Կոնստանտին Օրբելյանն իմ 35 տարվա ընկերն է, պատրաստ եմ նրան մինչեւ վերջ պաշտպանելու, բայց նրա հավաքած թիմը շտկվելու կարիք ունի: Օրբելյանի մեղքը թատրոնում տիրող իրավիճակի հարցում չնչին է, մաեստրոն պետք է մեզ իր անունով եւ կապերով, նրան պետք չէ նեղացնել, պարզապես չպետք է թույլ տալ, որ Օրբելյանին օգտագործեն անձնական շահերի համար՝ այդպիսով վարկաբեկելով նրան»:

Մշակույթի նախարարը, լրագրողների հետ զրույցում ամփոփելով աշխատանքային 100 օրը, նշել էր. «Օրբելյանի հետ խոսել ենք նաեւ թատրոնում դիրիժորի հաստիքի կարեւորության մասին: Բացի այդ՝ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հաստիքներն առանձնացնելու մասին ենք խոսել» (Նշենք, որ 2015 թվականից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը չունի գլխավոր դիրիժոր, իսկ 2016-ին էլ Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ այժմ հանդիսանում է նաեւ նույն թատրոնի տնօրեն-հեղ.):
Կարեն Շահինյանը, սակայն, այն համոզման է, որ նշյալ պաշտոնները տարբեր մարդկանց տրամադրելով` օպերային թատրոնի խնդիրները չեն լուծվի. «Եթե աշխատանքները ճիշտ են տարվում, կարող է թատրոնի տնօրենն էլ, գեղղեկավարն էլ նույն մարդը լինել, բայց թատրոնը կարող է ունենալ հրաշք գեղղեկավար եւ հիմար տնօրեն, կամ հակառակը, ու աշխատանքները կրկին կտուժեն: Քանի դեռ այդ բոլոր օղակները նույն մտքի չեն, նույն գաղափարին չեն ծառայում, մտածում են ոչ թե թատրոնի բյուջեի, այլ սեփական գրպանը լցնելու մասին, ոչինչ էլ չի փոխվի: Իսկ մենք այսօր թատրոնում շատ հզոր ուժեր ունենք, լավ կադրերի պակաս չկա: Միայն սրտացավ վերաբերմունքն է պակասում»:


Պարոն Շահինյանը 16 տարեկանից աշխատել է օպերային թատրոնում եւ, ինչպես ինքն է ասում, շփվել է գիգանտների հետ, դասեր առել նրանցից: Հիմա էլ չի պատրաստվում հանձնվել, ասում է՝ եթե նույնիսկ թատրոնում չաշխատի, կռիվ է տալու արդարության համար:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, ում հաստիքը 2015-ին կրճատվել էր, եւ թատրոնը մինչ օրս աշխատում է առանց գլխավոր դիրիժորի: Նրա կարծիքով՝ օպերային թատրոնն անշուշտ պետք է ունենա տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, եւ այդ պաշտոնները պետք է զբաղեցնեն առանձին անձինք. «Միջազգային ստանդարտներն այպիսին են: Օպերային թատրոնն ամբողջ իր պատմության մեջ ունեցել է գլխավոր դիրիժորներ, տնօրենի հաստիքն էլ առանձին է եղել: Թատրոնի ամեն մի կառույց պետք է ունենա իր պատասխանատուն, որը պետք է ապահովի որակ»:

Միեւնույն ժամանակ պարոն Դուրգարյանը մեջբերեց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի փորձը. «Այնտեղ տնօրենը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Վալերի Գերգիեւն է, բայց նա ունի այնպիսի ընկերական հարաբերություն երկրի ղեկավարության հետ, որ կարողանում է գումարներ հայթայթել, որպեսզի թատրոնը լավ աշխատի: Իսկ, օրինակ, Մոսկվայի Մեծ թատրոնն ունի առանձին տնօրեն, գլխավոր դիրիժոր, բայց ոչ գեղարվեստական ղեկավար: Տնօրենի ֆունկցիան այս պարագայում բավական կարեւոր է, նա պետք է ունենա միջազգային կապեր եւ օրենսդրությանը համապատասխանող պահանջներ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Լիլիթ Մակունցի հետ եղե՞լ են քննարկումներ իր՝ օպերային թատրոն վերադառնալու վերաբերյալ. «Ո՛չ, այդ մասին մենք չենք խոսել: Դա նախարարության գործն է: Իսկ ես պատրաստ եմ ցանկացած պահի օգտակար լինել իմ երկրին եւ թատրոնին, ու սրանք լոկ խոսքեր չեն»,-եզրափակեց պարոն Դուրգարյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս