Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինիքի ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնի դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Ընդ որում, նրա թեկնածությունը սկզբում շատերի համար անակնկալ էր: «Ժողովուրդ» օրաթերթը ապագայում իրականացվող քայլերի, քարոզարշավի, հակաքարոզչության եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցեց «Իմ Քայլ»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության հետ:
-Պարո՛ն Մարության, նախօրեին «Իմ քայլ»-ի քարոզարշավը վերածվեց քաղաքական լուրջ հայտարարությունների հարթակի: Եվ դուք վարչապետի ելույթի ժամանակ կարծես փորք-ինչ շփոթված էիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջինիս հայտարարությունը:
-Ամենեւին շփոթված չէի: Վարչապետը ամեն ինչ ասաց: Եվ մինչեւ այդ էլ ամեն ինչ պարզ էր: Մենք պիտի գնանք առաջ: Պիտի ավարտին հասցնենք հեղափոխությունը: Հեղափոխությունն ամբողջացնելու համար պիտի անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն: Պրոդյուսերական-դերասանական աշխատանքից անցումը այդքան բնակա՞ն էր:
-Արդեն 6-7 տարի է` իմ հասարակական գործունեությամբ եղել եմ թե՛ Երեւանի, թե՛ հանրապետության խնդիրների կիզակետում: Դու տարիներ շարունակ ասում ես` սա էսպես չպիտի լինի, նա էնպես չպիտի լինի, եւ գալիս է ժամանակը, որ դու կարող ես քեզ վրա պատասխանատվություն վերցնել: Եթե չես վերցնում այդ պատասխանատվությունը, նշանակում է, որ քո խոսքերը օդ են: Խոսելը հեշտ է, գործելը` դժվար: Ես հիմա կարծում եմ, որ պետք է ինձ վրա վերցնեմ այդ պատասխանատվությունը:
-Այնուամենայնիվ, ասումեն` քաղաքականությունը կեղտ է: Եվ ուրեմն, ինչո՞ւ կեղտոտվել:
-Չգիտեմ`քաղաքականությունը կեղտ է, թե ոչ: Ինձ համար կոնկրետ այս ընտրությունները եւ ընդհանրապես քաղաքապետի գործառույթը Երեւանը մեր երազանքների քաղաքը դարձնելու լծակ է:
-Տեսակետ կա, որ Դուք «Քաղաքացիակա նպայմանագիր» կուսակցություն եք մտել Ձեր ընկեր Ալեն Սիմոնյանի միջոցով: Եվ հիմա շատ են շրջանառվում խոսակցություններ այն մասին, որ Ձեր արարքը հարված էր թիկունքից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Չեմ հասկանում` ինչ է նշանակում որեւէ մեկի միջոցով: Բոլորն էլ գիտեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների տեղը, բոլորն էլ գիտեն` ինչպես կարող են գրանցվել: Հիմա առաջվանը չի, որ ինչ-որ մեկի միջոցով գաս-ընդունվես կուսակցություն: Ես եւ Ալենը շատ լավ ընկերներ ենք, եւ վստահեցնում եմ` իրար հետ խնդիրներ չունենք: Մենք մի թիմով գնում ենք քաղաքապետարանի ընտրությունների, այնուհետեւ գնալու ենք ԱԺ ընտրությունների:
-Պատրա՞ստ եք ջրի երես հանել Ձեր նախորդի կոռուպցիոն գործարքները, եթե այդպիսիք լինեն:
-Վստահ եմ, որ կլինեն ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ: Վստահեմ, որ կլինեն շատ խնդիրներ: Մենք պետք է այդ խնդիրները լուծենք, որ հետո նորմալ կերպով կարողանանք կարգավորել մեր աշխատանքը: Եվ այդպես էլ անելու ենք, եթե իհարկե ժողովուրդը իր քվեն տա մեզ:
-Ձեր դեմ հակաքարոզչություն է սկսել: Տարածում են Ձեր խաղացած դերերի, կերպարների նկարները եւ դրանով փորձում ցույց տալ, որ Դուք չեք կարող լինել քաղաքապետարանում: Սպասո՞ւմ էիք նման բանի:
-Սա պարզապես նախընտրական պրոցեսն է: Իսկ դա պարունակում է իր մեջ ամեն ինչ: Իսկ էդպիսի բաներ անում են, որովհետեւ ուրիշ գործիքներ չունեն:
-Որո՞նք եք համարում Երեւանի հիմնական խնդիրները:
-Դրանց մասին խոսում եմ հանրահավաքների ժամանակ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան