Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված՝ տարածաշրջանային 7-րդ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) տարածաշրջանային հերթական՝ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով և կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ ևս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարևոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:

Ոլորտի ամենասպասված տարեկան միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 200 մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում եղել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային 60 կազմակերպությունից:

Այս տարի համաժողովը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից և Լեհաստանից: Երկօրյա համաժողովի ընթացքում, նրանք ներկայացել են ելույթներով և վարպետության դասերով:

«Տարածաշրջանային համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է մասնակիցների համար: Յուրաքանչյուր տարվա համաժողովի խորագիրն ընտրվում է անցած տարիների հարցումների հիման վրա: Այս տարվա համաժողովն ամբողջությամբ նվիրված է խաղին և բիզնեսում խաղային լուծումներին: Մենք խոսում ենք խաղային լուծումների մասին մեր մասնագիտության շրջանակներում՝ հավաքագրման, խմբային աշխատանքի մեջ, աշխատավայրում, ուսուցման պրոցեսում, մոտիվացիոն համակարգում և այլն: Ունենք հիանալի խոսնակներ և շատ հետաքրքիր ծրագիր»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ՝ Արփի Կարապետյանը:

«Մարդկային ռեսուրսների դերը յուրահատուկ է և չափազանց կարևոր: Այն ինքնատիպ կամուրջ է ընկերության աշխատակիցների և հասարակության միջև: Կամուրջ, որտեղ երթևեկությունն իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղությամբ: ՄՌ կառավարման հիմքում պետք է լինի ճկուն մոտեցումը և ապահովումը ոչ միայն աշխատակազմի, այլև ընկերության զարգացումը, նպաստի աշխատանքում յուրաքանչյուրի ներգրավվածությունը, ընկերության մրցակցային առավելությունների խթանմանը և դառնա արժեհամակարգ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈւ ծրագիրն արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է համաժողովի անցկացմանը՝ մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված իր միջոցառումների շրջանակում: Այս տարվա թեման շատ կարևոր և արդիական է մեզ համար: Գործելով Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ մեր նպատակներից է աջակցել նորարարական թվային լուծումների ներդրմանը մասնավոր հատվածում՝ այդ ոլորտի կայունությունն ու մրցունակությունն ապահովելու համար: Մենք վստահ ենք, որ այս համաժողովը, որը մի սեղանի շուրջ է համախմբել տեղացի և տարածաշրջանային փորձագետների, ևս մեկ շոշափելի քայլ կգրանցի այս ուղղությամբ», ասել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

Համաժողովի շրջանակներում ներկայացվել է «Teamification» հավելվածը, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա և մշակվել ու ներդրվել է M.In.D ստարտափի և Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով:

Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը: Համաժողովին աջակցել են նաև «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հետ միասին, «ՊիքսԱրտ» ընկերությունը, «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:




Լրահոս