ԼՈՒՐՋ ԱՆԿՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալներն իրենց նվազման տեմպերով սկսել են մտահոգել:

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի նվազել են` մոլիբդենի խտանյութի` 3.8, կոնվերտորային պղնձի` 4.1 տոկոսով հաշվին: Փոխարենը աճել են ցինկի խտանյութի արդյունահանման ծավալները 26.9 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը` 1.4 տոկոսով: Այս տարվա 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են բավականին նվազել` 20 տոկոսով: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկում ունենք: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 243 հազար 100 տոննա պղնձի խտանյութ այս տարվա նույն ժամանակահատվածի 194 հազար 400 տոննայի դիմաց: Հայտնի է, որ 2016 թվականի վերջից սկսած` պղնձի միջազգային գները աճել են, եւ այդ միտումը շարունակվել է անցած տարում, ինչն էլ զգալի դրական ազդեցություն էր թողել արտահանման վրա: Իսկ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը, որի հաշվին հաջողվել է նախկին իշխանություններին դրական ցուցանիշներ արձանագրել:
Այս տարի հակառակ պատկերն է: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքերով` հանքարդյունաբերության մասով ունենք անկում, իսկ դա կազմում է շուրջ 11,8 տոկոս կամ թվային տվյալներով` 20 մլրդ դրամ. «Ընդ որում, հանքագործական արդյունաբերության, բաց հանքերի շահագորման եւ նաեւ մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 95-98 տոկոսը արտահանվում է: Սա նշանակում է, որ ցանկացած նվազեցում միանգամից ազդում է արտահանման ծավալների վրա»,- ասել էր նախարարը:
Սակայն այս դեպքում պատճառը ոչ թե միջազգային գներն են, այլ հանքարդյունաբերական ընկերությունների պարապուրդը: Ի դեպ, ըստ Լոնդոնի մետաղների բորսայի ներկայացրած տվյալների` այս ամիսներին պղնձի մեկ տոննայի միջին գինը շուրջ 6 հազար դոլարի սահմաններում է տատանվել: Պղնձի խտանյութն անցած տարի մեր արտահանման կազմում առաջատարն է եղել: Իսկ դրա թանկացումը միջազգային շուկայում բարձրացնում է արտահանման արժեքն ու լրացուցիչ եկամուտներ ապահովում, ինչից տնտեսական առումով Հայաստանը կարող է միայն օգտվել: Անցած տարում պղնձի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները ջանք ու եռանդ չեն խնայել եւ բավականին օգտվել են այդ իրավիճակից:
Մյուս կողմից, մասնագետների կանխատեսմամբ` այս տարվա ընթացքում եւս շարունակվելու է գրանցվել պղնձի խտանյութի ծավալների անկում, քանի որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությունների խմբի հիմնադիր Վալերի Մեջլումյանը մտադիր է ընդլայնել արտադրողականության ծավալները, ինչի նպատակով զբաղված է Չինաստանից ներդրումային միջոցներ բերելով: Ասել է թե` զբաղված է գումար հայթայթելով ընդերքը թալանելու համար: Ըստ որոշ տեղեկությունների` հանքարդյունաբերական այն ընկերություններին, որոնք շարունակում են իրենց աշխատանքը, «հրահանգվել է» հարկային մուտքերը ավելացնել աշխատանքը «չխոչընդոտելու» պայմանով, ինչին լուռ համաձայնել են հանքարդյունահանողները:
Չէ՞ որ Հայաստանի տնտեսության, հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: Բայց մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը բարձիթողի վիճակում է: Մասնագետները պնդում են, որ հանքարդյունահանող ընկերությունները իրենց գործելաոճը այնպիսի լուրջ փոփոխության պետք է ենթարկեն, որ նվազագույնի հասցվի վնասը: Չէ՞ որ մեր երկրում հանքարդյունաբերությունը վնասներ է հասցնում բնապահպանությանը, գյուղատնտեսությանը, առողջապահությանը: Այդ վնասների մեծ մասն արդեն ենթակա չէ փոխհատուցման:
Բացի այս, մեր երկրում հանքարդյունաբերության նկատմամբ ռազմավարական մոտեցում չկա: Ամեն ինչ արվում է շահույթ ապահովելու համար: Թե ինչո՞ւ պետք է շահագործվի այս կամ այն հանքարդյունաբերական պաշարը, ի՞նչ եղանակով, հստակ չէ: Եթե պաշարը հայտնաբերվում է, այն անմիջապես տրվում է շահագործման: Եւ հանքարդյունահանող ընկերությունները ոչ միայն իրենց հաշիվ չեն տալիս` սխալ են շահագործում, թե ճիշտ, այլեւ պատասխանատվություն չեն կրում: Հուսանք` նոր Հայաստանում հնարավոր կլինի անցում կատարել պատասխանատու հանքարդյունաբերությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 18.5 ՏՈԿՈՍՈՎ
2018 թվականի օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղեւոր` 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղեւոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղեւորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329.665 ուղեւոր: Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոց»-ը սպասարկել է 11 837 ուղեւոր:
Ի դեպ, «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

 

 

ՊԱՏԻԺ` ՏՈՒԳԱՆՔՆԵՐՆ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծին անհրաժեշտ է դրական եզրակացություն տալ, քանի որ դրանում հաշվի է առնվել միջազգային դրական փորձը:
Գործող օրենսգրքով քաղաքացին, որն իրավախախտում է կատարել եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել, կարող է 15 օրվա ընթացքում վճարել տուգանքը: Այդ ժամկետի խախտման դեպքում պետության կողմից լրացուցիչ տուգանքներ չեն կիրառվում: Այս օրինագծով առաջարկվում է լրացուցիչ տուգանք սահմանել նախորդ տուգանքների վճարման ուշացման համար, ընդ որում՝ վճարումը ուշացնելու համար լրացուցիչ տուգանքի մասին որոշման դեպքում այդ որոշումը չի կարող բողոքարկվել: Այսինքն` քաղաքացին չի կարող բողոքարկել լրացուցիչ տուգանքների մասին որոշումը վարչական տուգանքի վճարման ուշացման դեպքում: Դա, ըստ Կոստանյանի, թույլ կտա պարզեցնել խախտողների նկատմամբ տուգանքների կիրառման գործընթացը:
ՀՀ Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարությունը դեռ հստակ դիրքորոշում չունի այս հարցում: Այնուամենայնիվ, օրինագիծը դրական եզրակացություն է ստացել:

 

 

ԿԱԹՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Նպատակն է եղել քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը:
Նախարարը տեղեկացրել է, որ նմանատիպ ծրագիր նախաձեռնելու մտահղացումն առաջացել է դեռեւս որպես Շիրակի մարզպետ նրա պաշտոնավարման ժամանակ: Նշելով, որ բարեհաջող ընթացքի պարագայում պիլոտային այս ծրագրի շրջանակները կընդլայնվեն` ՀՀ գյուղատնտեսության նախարարը ընդգծել է պատրաստակամությունը սերտորեն համագործակցել եւ աջակցել ծրագրի պատասխանատուներին: Հյուրերը շեշտել են, որ Շիրակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» նախաձեռնությունը կլինի առաջինը տարածաշրջանում:
Քննարկվել են նաեւ փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական մեխանիզմների կիրառմանը, ծրագրի շահառուների ընտրությանը, չափորոշիչների մշակմանը վերաբերող հարցեր:




Լրահոս