Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը արցախյան պատերազմների մասնակից հայտնի հետախույզ, հրամանատար է եղել։
Ըստ նախնական վարկածի՝ նրան ձերբակալել են կաշառքի քրեական վարույթի շրջանակներում։ Մեզ իրավապահ համակարգից տեղեկություններ հասան, որ նախաքննական մարմնի ձեռքում առկա է ձայնագրություն, որ իբր Արթուր Ավանեսյանը զինվորականին խոստացել է, որ աշխատանքի հարցը կլուծի։
Նախաքննական մարմինը այս պահին լռում է, սակայն մեզ հասած լուրերով Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, կալանքի են ցանկանում տանել։
Օրենսդրության համաձայն՝ ընտրակաշառք է համարվում ընտրողին կամ հանրաքվեի մասնակցին գումար, գույք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը՝ նրա քվեարկության վրա ազդելու նպատակով։ Սա կարող է արտահայտվել ինչպես ուղղակի վճարումների, այնպես էլ տարբեր «թաքնված» ձևերով՝ նվերների, ծառայությունների կամ արտոնությունների տրամադրմամբ։
Մասնավորապես, Քրեական օրենսգրքի հոդված 218-ը հստակ սահմանում է ընտրակաշառք ստանալու իրավական հետևանքները. «Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով»։
Ընտրակաշառք տալն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում. Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածը սահմանում է՝ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով. «Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով»։ Առանձին հոդվածով՝ 220-րդով, կարգավորվում է նաև ընտրակաշառքի միջնորդությունը։
Այսինքն՝ պատժելի է ոչ միայն ուղղակի տվողն ու ստացողը, այլև այն անձը, ով կազմակերպում է կամ հեշտացնում այդ գործընթացը. «Ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























