Վստահության գրավական. թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն 26 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀԿ-ականները գուժում են արտաքին քաղաքականության ոլորտում Նիկոլ Փաշինյանի կառավարության «ձախողումների», միջազգային հանրության կողմից այնքան էլ լավ վերաբերմունքի չարժանանալու մասին, վերջին օրերի իրադարձությունների ընթացքը հակառակի մասին է վկայում:

Մասնավորապես, ԱՄՆ-ն ավելացրել է ՀՀ-ին ուղղվող ֆինանսական աջակցության ծավալները: Երեկ այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` մանրամասնելով, որ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով ՀՀ-ին տրամադրել է 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ: Առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ նրա` սա 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այդ գումարները, ըստ Միլսի, կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, գործարար եւ առեւտրային հնարավորությունների ընդլայնմանը, քաղաքացիական հասարակությանը եւ անկախ ԶԼՄ-ներին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսական աջակցությունը վերջին ամիսների ներքաղաքական իրադարձությունների հետեւանք է. դեսպան Միլսը եւս նշել է` «քաղաքական անցման հետ կապված»:

Եւ ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք` չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա հազիվ թե ԱՄՆ-ն նման միջոցներ տրամադրեր: Դեռ ավելին, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ական իշխանության օրոք ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրել էր Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալները: նախորդ տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր 2018 թվականի ֆինանսական տարվա համար առաջարկությունները, որոնք նախատեսում են էականորեն նվազեցնել ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը:

Հայաստանին առաջարկվում էր ընդամենը 6.8 մլն դոլար տրամադրել, մինչդեռ 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր 20.4 մլն դոլար։ Ասել է թե` օգնության ծավալներն առաջարկվել էր նվազեցնել 67%-ով: Այս տարվա մարտին էլ ԱՄՆ կառավարությունը հրապարակել է 2019 թվականին արտաքին ֆինանսական աջակցության համար նախատեսվող բյուջեն, ըստ որի` Հայաստանին նախատեսվում է տրամադրել 6 մլն դոլար` շատ ավելի քիչ, քան այս տարի: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, ստացվում է` ԱՄՆ-ն վերանայել է ՀՀ-ին տրամադրվելիք հատկացումները եւ էապես ավելացրել այն:

Սա, թերեւս, լավագույն ապացույցն է այն բանի, որ ՀՀ նոր կառավարությունը վայելում է միջազգային հանրության վստահությունը: Այլապես, հազիվ թե ԱՄՆ-ն նման շռայլություն իրեն թույլ տար, այն էլ` մի իրավիճակում, երբ կրճատում է ուրիշ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը:




Լրահոս